ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՅԻՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀՀ զինված ուժերը ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Նախանշվել են նաև առաջիկա անելիքները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Որպես նախորդ ամիսներին զորքերում իրականացված միջոցառումների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ամսվա ընթացքում կատարված աշխատանքների և միջոցառումների արդյունքների վերլուծությունը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: