ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Մարդածին, տեխնածին եւ բնական աղետներից ոչ ոք ապահովագրված չէ: Ուստի, բնական է, որ աղետների ռիսկի կառավարման միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաեւ քաղաքացիական պաշտպանության ծրագրեր:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի առաջնային օղակ են քաղաքացիական պաշտպանության կառույցները: Մասնագետները քաղպաշտպանության կառույցների երեք տեսակ են առանձնացնում. ապաստարան, հակաճառագայթային թաքստոց, պարզագույն թաքստոց: Սակայն մարդիկ ցանկացած վտանգից պաշտպանող կառույցին ապաստարան անունն են տալիս: Մինչդեռ, պարզ է, որ եթե վտանգները տարբեր են՝ հավանական հակառակորդի հարձակում կամ բնական աղետ, պետք է տարբեր լինեն նաեւ այդ վտանգներից պաշտպանող կառույցները:
Օրինակ՝ քիմիական նյութերի արտանետում: Ամոնիակի դեպքում պետք է մարդկանց իջեցնել ներքեւ, քանի որ ամոնիակի տեսակարար կշիռը օդից թեթեւ է, եւ ամոնիակը օդ է բարձրանում, քլորի դեպքում` հակառակը, կշիռը ծանր է եւ իջնում է ներքեւ, հետեւաբար, պետք է մարդկանց վերեւ բարձրացնել:
Ընդհանուր առմամբ, ապաստարանը թշնամու կողմից բոլոր տեսակի խոցման միջոցների կիրառման կամ ճառագայթային, քիմիական, մանրէաբանական խոցման գործոններով վթարների եւ աղետների պայմաններում առանց անհատական պաշտպանական միջոցների մարդկանց երկարատեւ մնալու համար հարմարեցված կամ կառուցված ամուր (սովորաբար՝ խորացված), հերմետիկ կառույց է:
Ապաստարանները հիմնականում նախատեսված են եղել այն ձեռնարկությունների համար, որոնք պետք է աշխատեն անգամ պատերազմի ժամանակ. հերթափոխը հանգստանում է ապաստարանում, տուն չի գնում: Ու բնական է, որ ապաստարանը կառուցվում էր ձեռնարկության տարածքում: Այսօր էլ ապաստարանների կառուցմանը ներկայացվող պահանջները նույնն են` ապահովել կենսաապահովման եւ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների անխափան աշխատանքը` աշխատողների անվտանգությունը:
Իսկ ահա հակաճառագայթային թաքստոցը այլ նշանակություն ունի. անունն ինքն է հուշում. պաշտպանական կառույցներ, որոնք ռադիոակտիվ վարակված տարածքում ապահովում են մարդկանց պաշտպանությունն իոնիզացնող ճառագայթների ազդեցությունից: Հակաճառագայթային թաքստոցը որոշակի վերափոխումից հետո կարող է դառնալ ապաստարան: Այս երկուսն իրար շատ նման են, պաշտպանական հատկություններով կարող են պաշտպանել նաեւ պայթյունի հարվածող ալիքից:
Քիչ թե շատ կանխատեսելի աղետներից` ուժեղ քամի, ջրհեղեղ-վարարումներ եւ այլն, պաշտպանող կառույցները պետք է առավելագույնը 12 ժամում բերվեն պատրաստ վիճակի, իսկ ատոմակայանում, քիմիական ձեռնարկությունում, սահմանամերձ բնակավայրերում տեղայակված պաշտպանական կառույցները պետք է մշտապես պատրաստի վիճակում լինեն: Հակառակորդի հավանական հարձակումից պաշտպանող կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել հրետակոծության ժամանակ ուղղակի հարվածի հավանականությունը: Պաշտպանական կառույցները մի շարք բնութագրիչներ ունեն. չափ, երկարակեցություն եւ այլն: Կարեւոր է օդի ներթափանցման խնդիրը: Կարող է լինել պարզ օդափոխությամբ, զտիչ օդափոխությամբ եւ մասնակի կամ ամբողջական մեկուսացմամբ պաշտպանական կառույց: Շատ հաճախ հրետակոծությունը դառնում է հրդեհի պատճառ, ուստի, պաշտպանական կառույցը պետք է բացառի ծխի, մրի եւ այրվածքի մնացորդների ներթափանցումը: Կառույցը պետք է ունենա առնվազն երկու մուտք եւ վթարային ելք: Պաշտպանական կառույցը կարող է ծառայել այլ նպատակների, եթե չեն վնասվում պաշտպանական գործառույթները, կարողությունները: Թաքստոցի սարքերը պետք է մշտապես ստուգվեն, փոխարինվեն նորերով՝ ըստ դրանց տեխնիկական բնութագրերի:
Քաղաքացիական պաշտպանության հարթությունում մեր իրականությունը տարբեր չէ: Մենք ունենք ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ ամենակարեւորը՝ քաղաքացիական պաշտպանության մշակույթի ձեւավորումն է, յուրաքանչյուր քաղաքացի պետք է քաղպաշտպանությունը կարեւորի, նման մտածողություն ունենա: Ըստ մեր զրուցակցի՝ սա լուծելի խնդիր է:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ռազմական