ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԻՇԽԱՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի Հանրապետությունը գնում է դեպի բռնապետություն, ուստի և` կործանում: Գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնում է արդեն Քեմալ Աթաթուրքի ստեղծած թուրքական աշխարհիկ պետության ապագային: Թուրքական նոր վերնախավի գործելաոճը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին ղեկավար, իսկ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի թաքցնում, որ մտադիր է դառնալ ոչ միայն թուրքական պետության միահեծան ղեկավարը, այլև նույնիսկ հոգևոր առաջնորդը, ինչը խորթ է և՛ քեմալիստ-հանրապետականներին, և՛ հենց իր նախկին կուսակիցներին: Փաստացի, Էրդողանն իրեն պատկերացնում է ապագա սուլթան` օժտված անսահմանափակ պետական և հոգևոր գործառույթներով, հավատարիմ իր հիմնած կուսակցության դավանած «նեոօսմանիզմի» գաղափարախոսությանը: Սակայն որքան մեծանում է նրա ներիշխանական ազդեցությունը, այնքան խորանում է ներպետական ճգնաժամը:
Առաջին տարիներին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կողմնորոշված էր երկրում քաղաքական և տնտեսական լրջագույն բարեփոխումների իրականացմամբ` որդեգրելով սոցիալական պահպանողականության սկզբունքները: Նպատակներից մեկը Թուրքիայի անդամակցությունն էր Եվրամիությանը:
2007 թվականին Էրդողանի նախաձեռնությամբ փոփոխության ենթարկվեց Թուրքիայի սահմանադրությունը` այնուհետև երկրի ղեկավարն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, այլ ոչ խորհրդարանի կողմից: Արդեն 2009թ.-ին նրա անմիջական միջնորդությամբ ձերբակալվեցին թուրքական զինվորական վերնախավի շատ ներկայացուցիչներ, որոնց մեղադրեցին «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպությունն ստեղծելու և հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Սա լուրջ մեղադրանք էր, քանի որ Քեմալից հետո հենց զինվորականությունն էր Թուրքիայի ժողովրդավարացման հիմնական առաջամարտիկը: Նման քայլով, իրականում, Էրդողանը վերացրեց դեպի իր բացարձակ իշխանություն տանող ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը: Ավելին` 2010 թվականի սահմանադրական փոփոխություններով նա սահմանափակեց բանակի դերը պետության ներքին գործերում: 2014 թվականին` Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո, Էրդողանն անցավ իր սեփական ծրագրերի իրականացմանը` հետզհետե իշխանությունից հեռացնելով ոչ միայն իր երբեմնի քաղաքական հակառակորդներին, այլև՝ կուսակիցներին:
Արդեն 2015 թվականին ակնհայտ դարձան Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հին անձնակազմի միջև լրջագույն խնդիրները, որոնք հանգեցրին կուսակցության ղեկավարությունից նախ՝ Աբդուլահ Գյուլի, ապա նաև Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն: Այսօր արդեն նախկին կուսակիցները Էրդողանին բացահայտորեն մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ: Իր միահեծան կառավարումն ամրապնդելու ճանապարհին Էրդողանը չխորշեց նույնիսկ երկրում վախի մթնոլորտ սերմանել: Նա հայտարարում է իշխանությունը է՛լ ավելի կենտրոնացնելու հրամայականի մասին՝ այն համարելով երկրի անվտանգության միակ երաշխիքը:
Որքան Էրդողանը հաջողակ էր ներքին քաղաքականության դաշտում, այնքան ևս անհաջողակ արտաքինում: Նրա ագրեսիվ արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիան տապալեց հաշտեցման գործընթացը Հայաստանի հետ, ամբողջությամբ վատացրեց հարաբերությունները նախ՝ Սիրիայի և Իրաքի, ապա` իր երբեմնի դաշնակից Իսրայելի հետ: Ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ բախման պատճառ: Միջադեպից հետո Անկարան ու Մոսկվան դարձան տարածաշրջանային հակառակորդներ:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմի վարվող արտաքին քաղաքականության հայեցակարգը ամբողջությամբ համապատասխանում է Էրդողանի տեսլականին: Բինալի Յըլդըրըմը վարչապետ ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը, ավանդույթի համաձայն, հունիսի 4-ին կատարեց Ադրբեջան՝ վերահաստատելու իր համար տարածաշրջանում վերջինիս ռազմավարական նշանակությունն ու երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունները»: Բաքվում Յըլդըրըմը հայտարարեց, թե Ադրբեջանի ընկերն իրենց ընկերն է, նրա թշնամին՝ իրենց թշնամին` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք միշտ աջակցում են Ադրբեջանին, և ժամանակն է կանգնեցնելու Հայաստանը: Ըստ ամենայնի, Անկարան խոստացավ, ոչ միայն շրջափակման մեջ պահել Հայաստանը, այլև ավելին` Հայաստանը Թուրքիայի թշնամի հռչակելու պաշտոնական հայտարարություն արեց: Դրանով թուրք վարչապետը նաև պաշտոնապես ազդարարեց «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության փաստացի ավարտը:
Եվրամիությանն անդամակցելու ծրագիրն արդեն իսկ տապալված է: Եվ Էրդողանը եվրոպական երկրների հետ սկսել է խոսել սխառնալիքների և սակարկությունների լեզվով: Վստահ լինելով իր ներպետական ուժի վրա` Էրդողանն ամենաբիրտ ձևով իրագործում է Դավութօղլուի կարգախոսը` արևմտյան գործընկերների ազդեցության նվազեցմամբ «հետօսմանյան տարածաշրջանում» հասնել իշխող դիրքի: Բնական է, որ իր ծրագրերի մեջ Էրդողանը պետք է ներքաշեր նախևառաջ Ադրբեջանին, ապա նաև տարածաշրջանային նոր դաշնակիցներ ձեռք բերեր: Ուստի Թուրքիայի նոր վարչապետի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Անկարայի նոր` ավելի ագրեսիվ քաղաքականության ազդարարում:
Թուրքիան այլևս չի թաքցնում իր զինված ուժերի ներկայությունը Սիրիայում և Հյուսիսային Իրաքում: Հաճախակիացել են Հունաստանի օդային տարածքի խախտումները, ինչը հակադրվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ոգուն: Էրդողանը փորձում է Այսրկովկասում ստեղծել Անկարա-Թբիլիսի-Բաքու ռազմական դաշինքը՝ մեծաթիվ ռազմական ուժեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Ըստ այդմ, սպասելի է, որ Թուրքիայի արևմտյան գործընկերները Անկարայի այս մարտահրավերը կարող են միանշանակ չընդունել: ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական հարթակներում արդեն խոսվում է Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին: Տեսնելով արևմտյան իր գործընկերների «ջղաձգումները»` Էրդողանը փորձում է, թերևս ապարդյուն, վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ` դրանով ավելի խորացնելով ստեղծված զավեշտալի իրավիճակը:
Այսպիսով՝ Էրդողանը գնում է հանրապետությունը բռնապետության վերափոխելու «բոնապարտիստական» ուղիով: Թուրքական վտանգը նվազեցնելու Արևմուտքի եզակի քայլերից կարող են լինել Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևերը, ՆԱՏՕ-ի շրջանակներում նրա դերի նվազեցումը, ինչպես նաև աջակցությունը թուրքաբնակ քրդերին:
Էրդողանի արկածախնդիր արտաքին քաղաքականությամբ վտանգվում է ոչ միայն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլև, ընդհանրապես, պետականությունը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Տարածաշրջան