ՊԱՀԵՍՏԻ ՄԱՅՈՐ ՄԽԻԹԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՈՐԴԻՆԵՐԻՆ՝ ՍԵՐԺԱՆՏ ՆՈՐԱՅՐ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻՆ
Այժմ իմ երկու որդիները՝ Նորայրն ու Ռուբենը, ծառայում են առաջնագծում: Նորայրին հաշված օրեր է մնացել, իսկ Ռուբենին դեռ 8 ամիս կա, և տա Աստված, որ սահմանում ամեն ինչ խաղաղ լինի, և մեր քաջ որդիները բարով ու անվնաս դառնան տուն: Հունիսի 2-ին լրանում է Նորայրիս 23, իսկ հուլիսի 23-ին՝ Ռուբենիս 20 ամյակը, և առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել նրանց իմ և իմ ընտանիքի անունից:
Իմ արի տղաներ, իմ հպարտություն, իմ անպարտ ու խիզախ հերոսներ, շնորհավոր ձեր ծնունդը: Ձեզ առողջություն, հաջողություն, երջանկություն, երկար տարիների կյանք, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ենք մաղթում:
Թող ծառայության մնացյալ օրերը ձեզ համար ակնթարթ թվան, ամենակարևորը՝ անցնեն խաղաղ ու անփորձանք: Դուք այժմ առաջնագծում եք, և մեր ազգի ու մեր երկրի անվտանգությունն ու ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ուսերին անասելի մեծ պատասխանատվություն կա, սակայն ուզում եմ՝ իմանաք, որ, անկախ ամեն ինչից, մենք, մեր ողջ ազգը ձեզ հետ է, անկախ ամեն ինչից, մեր հավատը հանդեպ ձեզ երբևիցե չի մարել, չի մարում ու չի մարի, քանզի հայ ազգը լավ գիտե իր զինվորի արիության ու անպարտության մասին:
Ձեր կյանքի հերթական գարունն այս անգամ տագնապալից, փորձությամբ ու միաժամանակ խիզախ քայլերով լի էր, բայց, հուսով եմ, որ կյանքում այլևս նման մռայլ օրերի չեք բախվի, չի բախվի և ոչ մի զինվոր, ոչ մի քաղաքացի:
Անամպ երկինք, կանաչ ճանապարհ ու անսահման սեր ձեզ՝ իմ որդիք: Թող ձեր կյանքի հետագա ճանապարհն անցնի խաղաղ ու սիրով լի, մեր ազգի պարծանքներ, մեր կանգուն ժայռեր:
Հիշե՛ք, որ մենք սպասում ենք ձեզ:
Փառք ու պատիվ ձեզ, փառապանծ զինվորներ:
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն