Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՈԳԵԲԱՆ-ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ



Հունիսի 3-ից 5-ը ԵՊՀ մի շարք դասախոսներ եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այցելեցին Արցախ

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՈԳԵԲԱՆ-ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸԵռօրյա շրջայցը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Հոգեբան-սպաների վերապատրաստման ծրագիրը բաղկացած է 3 փուլից, որի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվելու են Արցախում, իսկ 3-րդը՝ մայրաքաղաքում: Բացի բուն ծրագրից՝ համալսարանականները մասնակցեցին նաև այլ ծրագրերի ու գիտաճանաչողական այցերի:

Հանդիպման առաջին և երկրորդ օրերը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ու սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը հանդիպում-քննարկումներ ունեցան ԼՂՀ պաշտպանության բանակի հոգեբան-սպաների հետ: Քննարկման առանցքում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակն ու հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներն էին: Անմիջական և ջերմ շփման ընթացքում սպաները ներկայացրին ռազմական ոլորտի այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

«Հոգեբան-սպաների վերապատրաստման ծրագրի իրականացման գաղափարն առաջացավ Արցախ նախորդ այցելության ժամանակ՝ սպաների և զինվորների բարոյահոգեբանական վիճակի վերլուծությունից հետո: Մենք՝ որպես թիրախ, ընտրեցինք պաշտպանության բանակի հոգեբան-սպաներին, քանի որ անմիջապես նրանք են կատարում այդ պարտականությունը: Ես կարծում եմ, որ զինվորի զենքը մարտական ոգին է, իսկ առանց բարոյահոգեբանական կայուն վիճակի՝ հնարավոր չէ հաղթել հակառակորդին»,- ասաց ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի ղեկավար Արմեն Խաչիկյանն ու հավելեց, որ ծրագրի 3-րդ փուլում ամփոփվելու են արդյունքները, մշակվելու առաջարկություններն ու առաջիկա անելիքները:

Պաշտպանության բանակի հոգեբան-սպաները նշեցին, որ նորակոչիկների համալրման, հատուկ ստորաբաժանումների, փաստաթղթաշրջանառության, միջանձնային հարաբերությունների, նյարդահոգեբանական դրսևորումներ ունեցող, ինչպես նաև ծնողազուրկ և հոգեբանական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների շրջանում լուրջ անելիքներ ունեն:

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՈԳԵԲԱՆ-ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸՎերապատրաստման դասընթացների բանախոսները, լսելով հոգեբան-սպաներին, իրենց հարցերն ուղղեցին նրանց և փորձեցին պարզել, թե հաճախ հանդիպող ու լուրջ նշանակություն ունեցող խնդիրներն ինչպես և ինչ ձևով են լուծվում: Մասնագետները հայտնեցին իրենց դիտարկումները՝ հորդորելով այդ հարցերը մշտապես պահել բանակի զարգացման ռազմավարական պլանում:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են զոհված զինծառայողների հարազատների ընտանիքներում: Խոսքը հոգեբանական խորհրդատվությունների մասին է, որոնցում ներգրավված են մայր բուհի մասնագետները: Տիկին Սահակյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմից հետո խնդիրներն ավելի տեսանելի են դարձել. «Զինվորը կարիք ունի հոգեբանական լիցքաթափման, իսկ այդ հարցում նրանց պետք է օգնեն հոգեբան-սպաները: Սա լուրջ խնդիր է, որի բացակայության պատճառով լրացուցիչ խնդիրներ կարող են առաջ գալ, իսկ նմանաբնույթ հանդիպումները կօգնեն նրանց մտորելու որոշ հարցերի շուրջ»:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի կարծիքով՝ արցախյան շրջայցերն ունեն իրենց նպատակն ու կարևոր առաքելությունը: Կենտրոնի տնօրենը վստահ է՝ նման ծրագրերի միջոցով է՛լ ավելի է  ամրապնդվելու բանակ-հասարակություն կապը. «Հասարակությունը պետք է ճանաչի մեր այն հերոսներին, ովքեր ապահովել և ապահովում են երկրի անվտանգությունը»:

Արցախյան շրջայցի երկրորդ օրը համալսարանականները Մարտակերտ քաղաքում հանդիպեցին նաև քառօրյա պատերազմում հերոսացած և «Մարտական խաչ» շքանշանի արժանացած տղաների հետ: Նորօրյա հերոսների հետ հանդիպումը վերածվեց արիության յուրօրինակ դասի, որի ժամանակ հրամանատարական կազմի ներկայացուցիչները համալսարանականներին մանրամասն ներկայացրին, թե հայրենիքը պաշտպանելիս տղաներն ինչ հերոսական քայլեր են արել:

Արցախ մեկնած ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա լրագրողներն էլ հարցազրույցների միջոցով պատրաստելու են ակնարկներ, դիմանկարային ռեպորտաժներ՝ հանրությանը ներկայացնելով թշնամուն խաղաղություն պարտադրող ասպետներին:

Եռօրյա շրջագայությունն ավարտվեց Տիգրանակերտ և Շուշի գիտաճանաչողական այցով:

 

Հ.Գ. Արցախյան եռօրյա շրջայցն իրականացվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Տալիթա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն


08/06/2016