ՆՈՒՅՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ…
Տավուշի մարզն ամենաերկար սահմանն ունի ադրբեջանցիների հետ: 1994 թվականի մայիսից մինչեւ հիմա՝ այս հայտարարված ու չհայտարարված պատերազմում, այստեղ երբեք չեն դադարել պայթյուններն ու կրակոցները: Երեխաներն անգամ տարբերում են, թե որ զինատեսակից արձակած գնդակն է ջարդում իրենց տան տանիքը կամ փշրում պատուհանի ապակին, կահույքն ու սպասքը:
Անկախ նման վիճակից, տավուշցի ազատամարտիկները միշտ էլ վտանգի ժամին հասել են Ղարաբաղ եւ կանգնել իրենց հայրենի երկիրը պաշտպանող զինվորի ու ազատամարտիկ-կամավորականների կողքին: Ապրիլի սկզբի պատերազմի ժամանակ ու դրանից հետո, մեզ՝ տավուշցի ազատամարտիկներիս ու պատերազմի վետերաններիս այլեւս ոչինչ ասել հարկավոր չէր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կոչը եւ մեր մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանի աննշան հրահանգն անգամ բավական էր, որ մենք` «ծերուկներս» հավաքագրվենք Իջեւանից, Դիլիջանից, Նոյեմբերյանից, մի քանի օր անց` նաեւ Բերդից, ընդհանուր թվով 50-ից ավելի ազատամարտիկ – կամավորականներ անհապաղ մեկնեցին Արցախ:
Նշանակման վայր հասնելով՝ խմբերը տեղակայվեցին տարբեր, հաճախ միմյանցից բավականին հեռու մարտական դիրքերում: Նոյեմբերյանցիներիս ոչ մեծաքանակ խմբից բերդավանցիներ Գառնիկ Ալեքսանյանին եւ Սմբատ Մարտիրոսյանին «բաժին հասավ» մի դիրք, ինձ ու մյուս բերդավանցի Սեյրան Աբովյանին՝ մեկ այլ մարտական դիրք: Նոյեմբերյանցիներ Սասուն Մամյանն ու Վրեժ Մաճկալյանը, որոնք Բերդի խմբի հետ մեզնից 10 օր հետո եկան, տեղակայվեցին մեկ այլ ուղղությամբ գտնվող մարտական դիրքում: Նրանց հետ էին նաեւ Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանից Ամասյա Բաբայանը, Խաչատուր Մելքոնյանը, Յուրի Եղիազարյանը, Ջիվան Խաչատրյանը, Արտակ Խալաթյանը, Մնացական Սուքոյանը եւ Վահե Ներսիսյանը: Մեր ուղղությամբ էին տեղակայված նաեւ հրամանատար Լեւոն Մաթեւոսյանի գլխավորությամբ ժամանած Դիլիջանի խմբի 17 կամավոր ազատամարտիկներ՝ Արմեն Գրիգորյանը, Արարատ Ստեփանյանը, Արթուր Ալիխանյանը, Գագիկ Նշանյանը, Հայկարամ Բադալյանը, Գառնիկ Արզումանյանը, Անդրանիկ Առաքելյանը, Սամվել Սիրադեղյանը, Արամ Զախարյանը, Գեւորգ Ալիխանյանը, Գեւորգ Մելքումյանը, Վարուժան Դանիելյանը, Մկրտիչ Մաթեւոսյանը, Սերյոժա Քամալյանը, Կարեն Խաչատրյանը եւ Արտաշես Շահինյանը:
Նույն կաթսայից ուտողները, նույն խրամատում, գլխավերեւով թռչող նույն գնդակների մահացու սուլոցը լսողները, ճակատագրի բերումով նույն նշանակետի տակ գտնվողները չափազանց շուտ են մտերմանում: Կարճ ժամանակում համոզվեցինք, որ հայ զինվորի քաջության ու խիզախության մասին վկայությունները բնավ էլ չափազանցված չեն, այլ՝ իրական:
Ժամկետային ծառայության զինվորները, որոնց հետ դիրքապահ էինք կանգնում, հայրենիքի անմնացորդ նվիրյալներ են, նրանց ծնողները հպարտությամբ պետք է տան իրենց զավակների անունները՝ Մայիս Սուքիասյան, Գեւորգ Բադալյան, Ալբերտ Հայրապետյան, Աբրահամ Մուշեղյան, Սահակ Գաբրիելյան, Դավիթ Զոհրաբյան, Կամո Հովհաննիսյան, Դավիթ Կարապետյան, Սարգիս Ավագյան, Արկադի Եդիգարյան, Նարեկ Տոնոյան…
Մենք 15 օր եղանք զինվորի կողքին, նույն խրամատում եւ հասկացանք գլխավորը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ՏՂԱՆԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ… ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՈՒՄԻՑ… ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ: ԵՎ ՉԵՆ ԽՆԱՅԻ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ:
ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
կամավորական
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն