Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐՏԻ ԽՈՍՔ



ՍՐՏԻ ԽՈՍՔՄռավի մարտական հենակետերից իջնելիս գնդապետ Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող զորամասի ժամանակավոր տեղակայման վայրում հանդիպեցի ենթասպա Ալիս Սահակյանին: Նա ոգևորված հարցրեց. «Տեսա՞ք` ինչ քաջ տղերք ունենք, տեսա՞ք` ինչ արծիվներ են սավառնում Մռավի գագաթներին»: Սա հարց չէր, այլ համոզմունք, սա հարց չէր, այլ ծնողի` հոր, մոր, հրամանատարի, ժողովրդի հաստատուն համոզմունք… Հետո տիկին Ալիսան սկսեց թվարկել ապրիլյան  քառօրյա պատերազմի հերոսների անուններ` Արմենակ, Անդրանիկ, Քյարամ, Հայկ, Բենիկ, Ալեքսան…

Արցունքներ երևացին նրա աչքերում, ու նա ասաց. «Ուզում եմ, որ մեր հերոսներն ապրեն, տեսնեն, վայելեն իրենց քաջագործությունների արդյունքը: Հավատացած եմ` այսուհետ այդպես էլ լինելու է, որովհետև հայոց հողը ինչպե՞ս ընդունի այդքան չվայելած սեր, այդքան կարոտ ու համբույր: Եվ այսուհետ պիտի ապրեն մեր որդիները»:

Մենք բաժանվեցինք հազար տարվա ընկերների պես: Ես նրան բարի, անփորձանք  ծառայություն ցանկացա: Հրաժեշտի ժամանակ Ալիսան այս բանաստեղծությունը մեկնեց ինձ՝ «Սրտիս խոսքն է»:

 

ԱՂՈԹՔ ԵՎ ԿՈՉ

 

Աղոթում եմ այսօր Աստծուն`

Խաղաղություն բեր մեր հոգուն,

Թող որ այսպես էլ չլինի,

Թող կռիվը այս դադարի:

 

Անմեղ զոհեր մենք ունեցանք,

Քաջ զինվորներ կորցրեցինք,

Մայրերն ինչպես պիտի ապրեն,

Ինչպես պիտի վերեւ նայեն:

 

Զենք եմ ուզում, զենք տվեք ինձ,

Պիտի ես էլ գնամ սահման,

Չէ՞ որ որդիս այնտեղ զոհվեց,

Իսկ իր կողքին ընկեր թողեց:

 

Եկեք մենք էլ  գնանք սահման,

Ընկեր լինենք նրանց կողքին,

Չէ՞ որ բալես ընկեր թողեց,

Սահման պահող զինվոր թողեց…

12.04.2016թ.

 

Պատրաստեց Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ազգային բանակ


08/06/2016