ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒ ԿՈՂՔԻՆ
Երբ լսեցինք, որ Արագած Մկրտչյանը մեկնել է ռազմադաշտ` մի պահ զարմացանք, զարմացանք, որովհետև մեկ ամիս էլ չկար, ինչ սրտի վիրահատություն էր տարել և բժիշկների հսկողության տակ էր: Բայց զարմանքը շատ շուտ անցավ, որովհետև այլ կերպ հնարավոր չէր պատկերացնել Արագած Մկրտչյանին` բոլորին հայտնի Բոնդոյին, որ շարժման հենց առաջին օրից պայքարի մեջ էր: Մի մարդ, որ արցախյան գոյամարտի ամբողջ ընթացքում զենքը ձեռքին կռվում էր թշնամու դեմ: Եվ նրա կռիվների մասին լեգենդներ են պատմում մարտական ընկերները: Կռվում էր, կռվում էին ու ծնկի բերեցին թշնամուն:
Նրա հետ զրուցելիս ուղղակի հիացմունք ես ապրում: Այնքան լավ է ասում. «Մի էս խուժաններին տես, դրանց ախորժակին նայիր, շուն շան որդիներ, զենքով ու նենգությամբ Ղարաբաղը կառնե՞ք, բա չե՞ք առնի: Մի անգամ մեր բազկի ուժը տեսաք, էս անգամ էն հարվածը կուտեք, որ ողջ կյանքում կմղկտաք»: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ ադրբեջանցի ելուզակները լայնամասշտաբ պատերազմ սկսեցին ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով, հաջորդ օրը առավոտյան Բոնդոն իր մարտական ընկերների հետ միասին արդեն Արցախում էր: Այնպես ստացվեց, որ հայտնվեց այն սահմանագոտում, ուր զինվորական ծառայությունն էր անցկացնում ու թշնամու դեմ կռիվ էր տալիս իր Ռուբեն որդին: Եվ ի~նչ կռիվ էին տվել մեր 18-20 տարեկան տղաները:
-Ես նրանց ցավը տանեմ, առյուծ տղաներ են, քաջ ու անվախ: Մենք հասանք ու զենքը ձեռքներիս կանգնեցինք նրանց կողքին: Դե հիմա թող ադրբեջանցիները փորձեն առաջ գալ, էն դասը կտանք, որ ողջ կյանքում ուշքի չգան: Շատ խոսեցի, ես պիտի գնամ, հասնեմ գյուղ ու դառնամ Արցախ: Քանի դեռ խառնակ ժամանակներ են, ես պիտի մեր տղաների կողքին լինեմ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, ես դիրքերից` մեր տղաների կողքից չեմ հեռանա,- այսպես ասաց Բոնդոն, երբ պատերազմական այդ օրերին մի քանի օրով եկել ու շտապ պիտի վերադառնար:
Իսկ մեկնելուց ասաց.
-Թերթում թե մի բան կգրեք, անպայման գրեք մեր հերոս տղաների անունները: Անպայման կասեք, որ իրոք քաջեր են` մարտկոցի հրամանատար, կապիտան Արման Բադեյան, դասակի հրամանատարներ, լեյտենանտներ Արամ Խանոյան և Լևոն Բաբայան, դասակի հրամանատարի տեղակալ Ռուբեն Մկրտչյան, հաշվարկի հրամանատարներ՝ Հայկ Ալագուլյան, Արմեն Արշակյան, Արման Ջառահյան, Բորիս Ներսիսյան, Մարտին Գիվարգիզյան, օպերատորներ՝ Վահան Հայրապետյան, Նարեկ Կիմետլյան, Տիգրան Առաքելյան, Հայկ Ավետիսյան, Հարութ Ղազարյան, Զավեն Ոսկանյան, հետախույզ Հարություն Հարությունյան, վարորդներ` Մհեր Ավդալյան և Տիգրան Ղարագյոզյան: Գրեք նրանց հրամանատարի` գնդապետ Ս. Տարախչյանի մասին, որն այդ օրերին իր, մեր զինվորների կողքին էր և ներքուստ մեծ հպարտություն էր ապրում՝ տեսնելով զինվորների պատրաստվածությունն ու բարձր մարտունակությունը: Գրեք և լավ հիշեք իմ խոսքը. «Հայ զինվորի ոգին ոչ ոք ընկճել չի կարող»:
Ասաց ու շտապ գնաց հայրենիքը պաշտպանելու: Գնաց իր ազատամարտիկ ընկերների հետ կանգնելու մեր զինվոր որդիների, իր Ռուբեն որդու կողքին: Գնաց հային հատուկ արժանապատվությամբ: Գնաց վստահ ու համոզված, որ այս անգամ էլ հաղթանակը մերն է լինելու: Մերը` հայինը:
Հ. Խաչատրյան
«Թալին աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր
Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Բանակ և հասարակություն