ԱՍՏԵՂԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ծնվել էր 1961-ին, Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում։ Վերադարձել, Արցախի ազատամարտի տարիներին իր բնօրրանում եղել էր զինագործ, Խանձաձորի կամավորական ջոկատի, պաշտպանության բանակի վաշտի, զորամասի հրամանատար։ Մասնակցել էր Շուշիի, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ, Սեյսուլան, Մարաղա, Մարտունու Ճարտար, Հադրութի Խրմանջուղ, Ասկերանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խոջալու, Սառնաղբյուր գյուղերի ազատագրության մարտերին։
Զոհվեց 1992-ի հունիսի 12-ին՝ Ասկերան-Նախիջևանիկ ճակատում։ 31 տարեկան էր…
Հայրը՝ Վաղարշակը, խռով էր աշխարհից։ Ինքն իր բնօրրանում՝ Արցախում, իրեն խորթ ու օտար էր զգում։ Ադրբեջանցիները, որ նույնիսկ կեղծված մարդահամարի տվյալներով, անհամեմատ քիչ էին, հայերին ուծացնելու, հալածելու համար ամեն կամայականության դիմում ու անպատիժ էին մնում։ Վերջը Վաղարշակը չդիմացավ նման անարդարությանը, գլուխն առավ ու Վոլգոգրադի մարզ, Կոտովո քաղաք հասավ, ամուսնացավ գերմանուհու հետ։ Երբ Յուրան ծնվեց` ընտանիքը վերցրեց, Ստեփանակերտ վերադարձավ։ Ի՜նչ իմանար, որ զինվոր է բերում հետը, զինվոր, որը պիտի Հայրենիք ազատագրեր, Հայաստանի ու Արցախի ազգային հերոսի կոչումը կրեր։
Յուրայի ուշքն ու միտքը ինքնաշարժներն էին։ Հենց խորհրդային բանակից վերադարձավ, Ստեփանակերտում ավտովերանորոգման արհեստանոց բացեց, եւ որպես հմուտ մասնագետ, շատ շուտ համբավ ձեռք բերեց։
Երբ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանցի պատժիչներով, ապա և խորհրդային զորամիավորումներով լցվեց, համոզվեց, որ արցախյան խաղաղ պահանջատիրությունը հանրահավաքներով ու քայլերթերով չի վերջանալու։ Գիշերը գնաց, գտավ ընկերոջը, երեք օրով «Մակարով» ատրճանակը խնդրեց։ Երեք օր հետո, երբ ընկերը արհեստանոց մտավ՝ վերցնելու, զարմացավ։ Կողք կողքի երկու «Մակարով» էր դրված։
– Դե՛, արի փորձարկենք։
Նշան բռնեցին դիմացի պատին։ Ինքնաշենը անհամեմատ դիպուկ էր։
Ո՜վ գիտե, արհեստանոցի մրոտ պատին Յուրան քանի ատրճանակ ու հրացան է փորձարկել։ Կրակում էր, հետքը սվաղով ծածկում։ Ավելի ուշ պատրաստած ինքնաձիգները, նռնակներն ու ձեռնառումբերը փորձարկելու ժամանակ էլ չեղավ։ Դիզակի մատույցներում, Խանձաձորի թշնամին առաջին անգամ խաղաղ ազգաբնակչությանը ահաբեկելու, տեղահանելու համար զինված սադրանքի դիմեց։ Յուրան զենքերը վերցրեց, պատերազմ գնաց։
– Դո՞ւ ինչի ես դիրք բարձրացել,- զարմացան գյուղի պաշտպանները,- ավելի լավ է վերադառնաս արհեստանոց, քո գործն անես։
Բոլորն էլ առանձին-առանձին համոզել ջանացին, բայց քանի որ հրաժարվեց, հրամանատար ընտրեցին։ Հետո այդ ջոկատը Արցախի ինքնապաշտպանական ուժերը միավորվելուն պես, վաշտ, գրոհային հատուկ մարտկոց պիտի դառնար, զինագործ վարպետի առաջնորդությամբ մասնակցեր Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի համար մղվող կռիվներին ու երեք այնպիսի ճակատամարտերի, որոնք կանխորոշեցին, ապա և ապահովեցին Արցախի վերջնական ազատագրությունը։ Համայն հայության պատմական հաղթանակը։
Կրկժան, 1991 թ., դեկտեմբեր
Ստեփանակերտը՝ Արցախի մայր ոստանը, նրա աչքերի առջև փլատակների էր վերածվում։ Ահավոր էին հատկապես Կրկժանի ռազմական հենակետերը, որտեղից քաղաքը հրթիռահրետակոծում էին «Ալազանով», խոշոր տրամաչափի գնդացիրներով ու հրանոթներով։ Շուտով հակառակորդը Ստեփանակերտի ճանապարհներն էլ շրջափակեց, ու ինքնապաշտպանական ուժերն ստիպված եղան միավորվել, վճռական գործողությունների անցնել։ Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը աննկատ Կրկժանին մոտեցան, դիրքավորվեցին «Անդրանիկ», «Արամ», «Վարդան», «Կարո» ջոկատները։ Եվ, իհարկե, Յուրի Պողոսյանի 4-րդ վաշտը։ Ցավոք, նրանք հաշվի չէին առել այն հանգամանքը, որ Բաքուն ուղղաթիռներով զենք, զինամթերք և լրացուցիչ ուժեր է առաքել Կրկժան։ Արցախի ու Հայաստանի ջոկատներն առաջին իսկ գրոհի ժամանակ չորս զոհ տվեցին, նոր կորուստներից խուսափելու համար նահանջեցին և վերադասավորվելով` երկրորդ հարձակման ժամանակ ութ ադրբեջանցու միանգամից գերեցին։ Հենակետերի վնասազերծումը ուղիղ մեկ ամիս տևեց՝ հակառակորդը համառորեն դիմադրում էր, կարևորագույն ռազմավարական դիրքերը ոչ մի կերպ զիջել չէր ուզում։ Այդ ճակատագրական օրերին Յուրան ոչ այնքան հրամանատար, որքան հետախույզ ու սակրավոր էր։ Վերջին գրոհի ժամանակ էլ, երբ նկատեց, թե ինչպես է հակառակորդի Տ-72 տանկը գրոհում իրենց դիրքերը, նետվեց զրահամեքենայի խցիկն ու ուղիղ նշանառության տակ վերցրեց։ Արկը մետաղե փողից պոռթկաց, կորագծով կախվեց տանկի վրա։ Այն բռնկվեց հրդեհի բոցերով։ Թշնամին ոչ միայն Կրկժանը հանձնեց, այլև ցաքուցրիվ նահանջելով Ղայբալի հասավ։
Ստեփանակերտում, Կրկժանի հենակետերի վնասազերծման կապակցությամբ, բոլորը շնորհավորում էին իրար, պարծենում.
– Իմացե՞լ եք, մեր տղեն տանկ է խփել, էս պատերազմի առաջին տանկը…
«Մեր տղեն» իրենց համաքաղաքացին՝ Յուրի Պողոսյանն էր։
Քարինտակ, 1992 թ., հունվար
Արցախի նոր կազմավորվող ինքնապաշտպանական ուժերի, Հայաստանի կամավորական ջոկատների հաղթանակները հուսալքել էին հակառակորդին։ Իրենց բանակի վարկը վերականգնելու համար ադրբեջանցի հրամանատարները որոշեցին բռնազավթել Քարինտակը, որը Շուշին և նույնիսկ Ստեփանակերտը վերահսկելու բացառիկ դիրք ուներ։ Ոսոխի զինուժի գրոհը, որն անձամբ ղեկավարում էր պաշտպանության նախարարը՝ Էնվեր Մեհտիևը, սկսվեց վաղ առավոտյան։ Կարկառի ձախ ափին, 1400 մետր բարձրության վրա ծվարած փոքրիկ գյուղի վրա հարձակվել էին կանոնավոր բանակի 500-ից ավելի զինվորներ, որոնց անընդմեջ կրակահերթերով 3 զրահամեքենա էր ուղեկցում։ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատը՝ 60-70 կամավորականներով, մի ամբողջ օր դիմագրավեց կանոնավոր բանակի գրոհները, բայց ուժերն անհավասար էին։ Ուշ երեկոյան ադրբեջանցիները գյուղ մտան ու նախ հրդեհեցին ծայրամասի հինգ տները։ Ուր որ է` նոր նախճիր, եղեռնագործություն պիտի սանձազերծեին, բայց, բարեբախտաբար, տեղի երկրապահների հրամանատար Վաղարշակ Առուշանյանի հեռակապը դեռ գործում էր։ Լեռնաշխարհով մեկ հնչեց տագնապի ազդանշանը, ու Քարինտակ փութացին Աշոտ Ղուլյանի, Յուրի Պողոսյանի վաշտերը, շրջակա բնակավայրերում տեղակայված ջոկատները։ Ադրբեջանական զինուժը, որը վերջնական հաղթանակն այնքան մոտ էր համարում, շրջափակման մեջ ընկավ ու խուճապի մատնվելով, 100-ից ավելի զոհ տվեց, ճարահատ փախուստի դիմեց։
Յուրան հոգնած տուն վերադարձավ։ Արդեն կեսգիշերն անց էր, բայց անհաղթահարելի սով էր զգում, ուտել էր ուզում։ Արագ-արագ խփշտում էր գերմանուհի մոր պատրաստած հայկական արգանակը, իսկ հայրը սենյակում հետ-առաջ էր քայլում, որդու լռությունից նյարդայնանում։
-Հը՜, ի՞նչ արեցիք,- ի վերջո չդիմացավ նա։
-Հաղթեցի՛նք,- անտարբեր, փլավին անցավ Յուրան։
– Ե՞րբ, ո՞ւմ։
– Ռազմական ավարը բակում է։ Առավոտյան, որ տեսնես, կիմանաս։
Հայրը թերահավատ մի կողմ տարավ վարագույրը։ Յուրան այդքան ժամանակ կռվել, ազատագրած գյուղերի այգիներից մի նուռ անգամ չէր պոկել, երեք երեխաներին բերել։
– Բալա ջան, ես քո բազկին մեռնեմ…
Պատուհանի տակ, խավարում, մի նոր զրահամեքենա էր ուրվագծվում։ Փողի երկու կողմերում՝ ադրբեջանական բանակի զինանշանը…
Շուշի, 1992 թ., մայիս
Ռեակտիվ մարտկոցի համազարկերը հնչեցին կեսգիշերից հետո, ուղիղ երկուսն անց կեսին։ Սկսվեց Շուշիի ազատագրության ճակատամարտը, որը հայ ժողովրդի հաղթանակների պատմության բացառիկ, փառավոր էջը պիտի դառնար։ Ըստ հանգամանորեն, ամենայն մանրամասնությամբ մշակված ու խիստ գաղտնի պահվող ծրագրի, որն օրհնել էր Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հայկական ուժերը միաժամանակ, կայծակնային հարձակում պիտի սկսեին չորս ուղղություններով, շուրջ 25 կիլոմետր ձգվող ճակատային գծով։ Յուրի Պողոսյանը մարտական առաջադրանք էր ստացել իր վաշտի դասակներով առաջ շարժվել «26»-ի՝ հյուսիսային ուղղությամբ։ Հրամանատարը մարտիկներին տարավ Ստեփանակերտ-Շուշի մայրուղով, մեկը մյուսի հետևից վերացրեց հակառակորդի կրակակետերն ու առաջինը հասավ նպատակին։ Գրոհից քսան րոպե անց «Երեք աշտարակներ» պայմանական անունը կրող բարձունքը նվաճված էր։ Ու չնայած վաշտի տանկերից մեկն անսպասելի խփվեց, մարտիկներն ակամա ընկրկեցին, լուսադեմին կարողացան վերախմբավորվել, միավորվեցին Արցախի ինքնապաշտպանական ուժերի մյուս վաշտերին, ուշ երեկոյան հաղթական համազարկերով քաղաք մտան, ընդհուպ երաժշտական գործիքների գործարան հասան…
Յուրան աչքերը բացեց հիվանդանոցում։ Կարծում էր` վիրավորված է, բժիշկը մոտեցավ, որքան հնարավոր էր խիստ ասաց.
– Պիտի անպայման Երևան գնաք, ձեր սիրտը վիրահատեք։ Հապաղումը կարող է…
Նույնիսկ վատ քողարկված տագնապը չազդեց հրամանատարի վրա։
– Ի՜նչ վիրահատվելու ժամանակ է, բժիշկ, ես դեռ երեսուն տարեկան եմ, կհասցնեմ։
Չհասցրեց…
Նա իր պատերազմը հակառակորդի հետ վաղուց էր սկսել։ Դեռ շատ տարիներ առաջ` ծննդյան տարեդարձին, ընկերները Յուրային Անդրանիկ զորավարի մեծադիր դիմանկարն էին նվիրել, որն ինքն իր սենյակի պատին, ամենաաչքի ընկնող տեղում էր փակցրել։ Հետզհետե Յուրան այդ նկարին այնքան կապվեց, որ կրկնօրինակել տվեց, փոքր տարբերակը ինքնաշարժի դիմահայաց ապակուն ամրացրեց։ Առաջին խաչմերուկում ավտոտեսուչները կանգնեցրին, հանել տվեցին։ Չբացատրեցին էլ, թե ինչու։
– Չի՛ կարելի,- ասացին։
Անդրանիկ զորավարի մեծադիր դիմանկարը դարձյալ իր տեղում` Յուրայի սենյակի աչքի ընկնող անկյունում է։ Կողքին՝ Հայաստանի ու Արցախի ազգային հերոսինը։
Յուրա Պողոսյանինը։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում