Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՔԱՅԼ



«Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերը այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղեցույց է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ 100-ամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են` ճշգրիտ բնորոշմամբ»:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՔԱՅԼՀունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակեց իբրև ցեղասպանություն: Բանաձևն ընդունվեց խորհրդարանի քվեների բացարձակ մեծամասնությամբ (1 դեմ, 1 ձեռնպահ):

Բանաձևը կրում է «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության» անվանումը: Նշվում է, որ «Հայաստանի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածների, էթնիկ զտման, տեղահանության և ցեղասպանության օրինակ է»:

Հարկ է հիշել, որ Բունդեսթագը 1915թ.-ին կատարված իրադարձությունների հարցով հատուկ բանաձև ընդունել էր նաև 2005թ., որում սակայն չէր կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ եղավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերդի հայտարարություններից հետո: Գերմանիայի Դաշնության նախագահ Յուահիմ Գաուկն էլ ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում հայերի կոտորածները ցեղասպանություն որակեց:

♦♦♦

Միջազգային մամուլը անդրադարձավ Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. New York Times-ը` «Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային», BBC-ն` «Գերմանիայի պատգամավորները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կատաղության ներքո», «Ռոյթերսը»` «Այս բանաձևով Գերմանիան բարկացնում է Թուրքիային»: Նմանատիպ վերտառությամբ հոդվածներ տպագրեցին բազմաթիվ հայտնի այլ լրատվամիջոցներ:

Այս բանաձևի շուրջ տարաբնույթ խոսակցություններ ծավալվեցին, հնչեցին տարբեր տեսակետներ: Նշվում էր, որ բանաձևի ընդունման վրա ազդել են նաև հայերի գործոնը, ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հռոմի պապի այցելությունը: Ոմանք էլ համոզված էին, որ Գերմանիան այս բանաձևն ընդունել է իր շահից ելնելով: Այդուհանդերձ, հաշվի առնելով Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայում և ընդհանրապես միջազգային իրականության մեջ` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի ճանաչման գործընթացին:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Բանասիրական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը համարում է իրոք պատմական. «Քանի որ կայզերական Գերմանիան իր ժամանակին երիտթուրքերի կառավարության կազմակերպած Հայոց ցեղասպանությանը մեծապես նպաստել է և նույնիսկ մեղսակցել…

Ըստ 1914 թ. օգոստոսի 6-ին Կոստանդնուպոլսում կնքված գերմանաթուրքական զինակցության համաձայնագրի՝ երիտթուրքերի կառավարությանը հղած վերջնագրում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը նշել էր. «Եթե Օսմանյան կառավարությունը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, պատերազմի մեջ մտնի Եռյակ (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) Համաձայնության դեմ, Գերմանիան կապահովի նրան հետեւյալ առավելությունները»: Կնքված համաձայնագրի 6 կետերից մեկը հետևյալն էր. «Գերմանիան կհարկադրի շտկել Օսմանյան կայսրության արեւելյան սահմանները այն ձևով, որ ապահովվի Թուրքիայի անմիջական շփումը Կովկասի հյուսիսում ապրող մահմեդական ժողովուրդների հետ»: Այսինքն՝ Գերմանիան կարող է իրականացնել Օսմանյան կայսրության վաղեմի երազանքը՝ բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել, թուրքացնել հայերին և քրիստոնյա մյուս հպատակ ժողովուրդներին, ստեղծել համաթուրանական-համաիսլամական համընդհանուր տերություն՝ Միջերկրական ծովի շրջակայքից մինչև Ալթայի երկրամաս:

Եվ այդ գերմանաթուրքական դավադիր ծրագրի իրականացումը դարձավ 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունն իր ողբերգական հետևանքներով:

Ուստի ներկայիս Գերմանիայի Բունդեսթագի սույն բանաձևն իր էությամբ և բովանդակությամբ պատմական խոշոր քայլ է, որը դուռ է բացում միջազգային քաղաքական հետագա իրադարձությունների համար: Այն ցույց տվեց, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմն իրագործած, միլիոնավոր անմեղ կյանքեր խլած Գերմանիան, որն արդեն ընդունել էր իր այդ մեղքը, նույն ինքնաքննադատությամբ Հայոց ցեղասպանությանը մեղսակցած Գերմանիան աշխարհին ապացուցեց, որ մեր օրերի Գերմանիան նոր Գերմանիա է, և նա իր խաղաղասիրական քաղաքականությամբ կարող է օրինակ ծառայել Թուրքիային և նրա գործակից մեծ տերություններին, որոնք տակավին քաջություն չունեն առերեսվելու սեփական պատմությանը»:

♦♦♦

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ևս կարևորում է Բունդեսթագի ընդունած բանաձևը. «Այն խիստ առանցքային նշանակություն ունի: Գերմանիայի կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակից և մեղսակցության իր մասնաբաժինն ունի: Բանաձևի ընդունումով Գերմանիան լուրջ խնդիր է առաջացնում Թուրքիայի համար, քանի որ վերջինս իր ժխտողական քաղաքականության մեջ մշտապես հենվում էր այն հանգամանքի վրա, որ Գերմանիան չի ճանաչում ցեղասպանությունը, մինչդեռ այս ճանաչումով շատ բան է փոխվում: Գերմանաթուրքական հարաբերություններում լուրջ զարգացումներ կսկսվեն, որոշակի գործընթացներ կլինեն նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում»:

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՌԵՐԵՍՎԻ՞ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՔԱՅԼԳերմանիան հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը ցեղասպանության միջազգային դատապարտման հարցում: Բանաձևի ընդունումը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայում: Տարբեր տրամաչափի հոխորտանքներով լիուլի էր թուրքական մամուլը: Որպես առաջին պատասխան քայլ` Թուրքիան Բեռլինից ետ կանչեց իր արտակարգ և լիազոր դեսպանին:

Մի դրվագ պատմությունից. անցյալ դարի 50-ականներին գերմանական կանցլեր Կոնրադ Ադենաուերը ժամանեց Իսրայել և խոնարհվեց  Լացի պատի առաջ` ի նշան հարգանքի և վշտակցության: 1970 թվականին էլ Գերմանիայի նախկին կանցլեր Վիլլի Բրանդտն այցելեց Վարշավայում  Հոլոքոստի հուշահամալիր և Օսվենցիմում ծնկի եկավ Գերմանիայի մարդատյաց քաղաքականությանը զոհ գնացած միլիոնավոր մարդկանց հիշատակի առաջ…

Մնում է` Թուրքիան, որ շատ հարցերում մշտապես փորձել է ընդօրինակել Գերմանիային, նույն հետևողականությամբ հանձն առնի առերեսվելու պատմության հետ:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


08/06/2016