Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ



Կարևորվել է երկխոսության ու փոխվստահության մթնոլորտը բանակի ու հասարակության միջև

Հունիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծիրում կարևորել է հասարակական խորհրդի կատարած աշխատանքի շարունակականությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը հատկապես զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրման առումով և վստահություն հայտնել, որ խորհուրդն իր առավել ակտիվ աշխատանքով այսուհետ ևս կշարունակի ձևավորել երկխոսության ու փոխվստահության մթնոլորտ բանակի ու հասարակության միջև:

Հանդիպման ընթացքում ամփոփվել ու վերլուծվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ծավալած գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել են հետագա անելիքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Խորհրդի գործունեությունը պաշտպանության նախարարի առաջարկությամբ այսուհետ ևս կհամակարգի Գեղամ Հարությունյանը:

Խորագիր՝ Նորություններ


09/06/2016