Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ



N զորամասում արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան ու զոհվելու տարեդարձների առթիվ միջոցառումների անցկացումը: Հունիսի 12-ին` հերոսի զոհվելու օրը, կրկին մարդաշատ էր զորամասի շարահրապարակը: Ժամանել էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, մայրաքաղաքի համար 6 դպրոցի սաները, զորամասի նախկին հրամանատարները, հյուրեր:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զորամասը, որը ձեւավորվել է հենց Յուրի Պողոսյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ, այսուհետ կրելու է ազգային հերոսի անունը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ.Հակոբյանը ողջունեց եւ շնորհավորեց զորամասի անձնակազմին այդ նշանակալի իրադարձության առթիվ:

Իր հերթին, զորամասի հրամանատար գնդապետ Վ. Գեւորգյանը ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց վստահության եւ այդ բարձր պատվին արժանացնելու համար: Այնուհետեւ նշելով, որ հունիսի 12-ը Հայաստանի Ազգային հերոսներ Յուրի Պողոսյանի զոհվելու 19-րդ եւ Մոնթե Մելքոնյանի զոհվելու 18-րդ տարեդարձների օրն է, խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց եւ ազատագրական պայքարի բոլոր նահատակների հիշատակը:

Մայոր Ա. Պողոսյանը ներկայացրեց հայրենիքի նվիրյալի կյանքն ու գործունեությունը:

Ստեփանակերտի համար 6 դպրոցի աշակերտների գրական-գեղարվեստական ներկայացումը նվիրված էր հերոսի հայրենանվեր գործունեությանը:

Յուրի Պողոսյանի մայրը` տիկին Վերան, իր երախտագիտությունը հայտնեց ղեկավարությանը` հայրենիքի արժանի զավակներին մեծարելու, նրանց ծառայություններն ըստ արժանվույն գնահատելու համար: Այնուհետեւ, դիմելով երիտասարդ զինվորներին, նա կոչ արեց նմանվել մեր հերոսներին եւ նրանց պես սիրել հայրենիքը եւ հանուն նրա չխնայել նույնիսկ կյանքը:

Ելույթներից հետո նվագախմբի եւ ամբողջ անձնակազմի կատարմամբ հնչեցին ՀՀ եւ ԼՂՀ պետական օրհներգերը: Այնուհետեւ անձնակազմն անցավ հանդիսավոր երթով:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վ. Բալայանը, գնդապետ Բ. Ավանեսյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆ. Պողոսյանը, վետերաններ, հյուրեր, որոնք ՊԲ հրամանատարի, հերոսի հարազատների եւ Արցախյան պատերազմի վետերանների հետ միասին թարմ ծաղիկներ դրեցին հուշարձան-զրահամեքենայի պատվանդանին: Այնտեղ էին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների անուններով ծաղկեպսակները: Ավանդույթի համաձայն` զորամասի հրամանատարությունը եւ մարտական ընկերները այցելեցին հերոսի գերեզման եւ Վերա մայրիկի տուն:

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Ազգային բանակ


22/06/2011