Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ



Օրերս ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էին այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ձեռք բերած ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:

Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում են զինծառայողների բուժսպասարկման  որակն ու արդյունավետությունը:

Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2016