Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԳԻԺԸ»



«ԳԻԺԸ»Մթնում է:

Կռիվը նոր էր դադարել: Ջոկատը հանգստանում էր: Տղերքով հավաքվել և ամեն մեկս իր գլխով անցածն էր պատմում, նույնիսկ կատակում էինք՝ չմտածելով, որ կարող է վերջին անգամ ենք ծիծաղում:

Չէինք նեղանում ո՛չ հումորից, ո՛չ դաժան կատակներից և ոչ էլ անգամ ծաղրող  քննադատությունից: Դեռ ավելին` լիաթոք էինք ծիծաղում: Չգիեմ՝ ինչից էր… Գուցե նրանից, որ ազատվել էինք հերթական վերահաս փորձությունից, կամ որ` պարզապես  ընտելացել էինք մահին:

Հանկարծ բոլորս նկատեցինք, որ տղերքից մեկը՝ թիկնեղ, ուժեղ, համարձակ մեր Անդրանիկը չկա, չի երևում… Սկսեցինք անհանգստանալ: Նա ջոկատի հետ վերադարձել էր: Բոլորս նրան տեսել էինք, հիշեցինք ծիծաղը, խելառ կատակները… Հիմա շատ ուշ ժամ էր,  պատրաստվում էինք քնելու, բայց նրա ձայնը չէր լսվում:

Դուրս ելանք բակ:

Մթության մեջ հանկարծ նկատեցինք ու իսկույն էլ ճանաչեցինք դեպի մեզ եկող Անդրանիկի քիչ տարօրինակ քայլվածքը…  Կարծես ինչ-որ բան էր քարշ տալիս:

Հանկարծ հիշեցի, որ Անդրանիկը մարտի դաշտից վերադառնալիս ոնց էր կատաղած ինքն իրեն խոսում.

-Բերելու եմ: Դրանց չի մնալու… Ինչ էլ լինի՝ բերելու եմ… Ես դրանց…

Քիչ հետո նա  ուրախ-ուրախ մտավ բակ՝ դեռ հեռվից գոռալով.

-Բերեցի, տղե՛րք… Էդ շան որդիներից լավ պրծա… Ես դրանց…,- ու իր հերթական «օրհնությունը» թափեց ազերիների գլխին:

Բոլորս զարմացած նրան էինք նայում.  ինչպե՞ս էր կարողացել ազերիների խփված զրահատեխնիկայի վրայից քանդել-հանել հսկա գնդացիրը (КПВТ), երբ թշնամին դեռ չէր հասցրել անգամ իր դիակները հանել մարտադաշտից:

-Ա՛յ ախպերներ, ինչ եք նայում զարմացած, խոմ գժի տեղ չե՞ք դրել… Աշխատող զենք ա: Դրանց հերը իրանց զենքով ենք անիծելու` հենց ըսենց, տղեք ջան, իրանցից պտի խլենք, իրանց քամակին օգտագործենք…

Ասելու այլևս ոչինչ չէր մնում…

Բոլորս հերթով գրկեցինք նրան: Բոլորս համարյա նույն բանն էինք ասում.

-Այ քեզ գի՛ժ…

-Դու խոմ չես գժվել, ա՛յ տղա …

-Ախր, Անդո ջան, գժերի գիժն ես, է~…

Եվ մոռացանք օրվա կռիվն էլ, հոգնածությունն էլ:

«Մեծ Մուրադ» մեր ջոկատն այդ օրը հանգիստ քնեց:

Վաղուց էդպես խաղաղ ու խորը չէինք քնել…

 

ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ազատամարտիկ

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Պատմության էջերից


15/06/2016