ԿԳԱՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԿԱՆՉՈՎ
Հունիսի 13-17-ը գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանի հրամանատարությամբ գործող հրետանային զորամասում անցկացվում են ամփոփիչ քննություններ: Ի տարբերություն նախորդների՝ այս քննական շրջանը մեկնարկեց բարձր և տոնական տրամադրությամբ. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծի ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման գործընթացին ակտիվ մասնակցության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին զորամասի 21 ժամկետային զինծառայողներ: Մոտակա օրերին նրանց մեծ մասը կզորացրվի՝ իրենց հետ տանելով ոչ միայն մասնագիտական բարձր ունակություներ, այլ նաև վառ ու ջերմ հիշողություներ:
Հրամանատարի գնահատմամբ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում զորամասի ստորաբաժանումները բարձր պատրաստվածության են հասել ոչ միայն Հովհ. Բաղրամյանի անվան զորավարժարանում ուսումնական ճամբարման, այլև առաջնագծում մարտական խնդիրների իրականացման շնորհիվ:
-Մայիս ամսին մենք ամփոփեցինք մարտավարական հրաձգությամբ ճամբարային զորահավաքները: Բոլոր դիվիզիոնները լավ արդյունքներ ցուցադրեցին: Բարձր էր նաև ամբողջ բրիգադի կրակի ընհանուր կառավարմամբ մարտական հրաձգության մակարդակը: Ստուգվել է զորամասի բոլոր ստորաբաժանումների ներդաշնակումը,- պատմում է գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանը՝ վստահեցնելով, որ զորամասը պատրաստ է կատարելու իր առջև դրված մարտական խնդիրները:
Ի դեպ, առաջադրված կրակային խնդիրների իրականացման ժամանակ ներկա էր նաև հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը, որը «լավ» գնահատեց զորամասի պատրաստվածությունը: Զորահավաքին և մարտական հրաձգությանը չի մասնակցել զորամասի դիվիզիոններից մեկը, որն այն ժամանակ մարտական առաջադրանք էր իրականացնում առաջնագծում մարտական պայմաններում:
-Դիվիզիոնը կատարել է իր առջև դրված խնդիրները. տագնապ ազդանշանով սահմանված ժամանակում ներկայացել է մարտական կիրառման շրջան՝ առաջնագիծ: Նոր տեղակայման վայրում իրականացվել են կրակի բացման մի շարք պատրաստվածության խնդիրներ, կատարվել են ինժեներական աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում դիվիզիոնը պատրաստ է եղել ցանկացած նշանակետի վրա կրակ բացելու,- գոհունակությամբ նշում է հրամանատարը:
Նրա խոսքով՝ նաև անձնակազմի մարտական ոգին է բարձր: -Մյուս դիվիզիոնները բարի նախանձով էին նայում առաջնագիծ մեկնողներին:
Ուսումնական փուլի ամփոփիչ քննությունների առաջին օրը առաջնագծում մարտական պարտականություններն ու խնդիրները բարձր մակարդակով իրականացրած զինծառայողներին հանձնվեցին գերատեսչական մեդալներ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեցին սերժանտներ Հարութ Բաղդասարյանը և Վահե Ջհանգիրյանը, ինչպես նաեւ՝ շարքայիններ Արսեն Պապիկյանը, Մհեր Գրիգորյանը, Հրաչյա Գալստյանը, Լևոն Հայրապետյանը, Ահարոն Վանոյանը, Օնիկ Հովակիմյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեցին շարքային Վաղարշակ Մլքեյանն ու կրտսեր սերժանտ Սարգիս Քասինյանը, «Վազգեն Սարգսյան» մեդալով՝ շարքայիններ Մհեր Մալաքյանը, Արտյոմ Միլիտոնյանը և Երվանդ Եգորյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ շարքայիններ Եգոր Եգորյանը, Արթուր Բալինյանը, Խաչիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Նարեկ Գևորգյանը, Ֆելիքս Պետրոսյանը, Արսեն Օհանյանը, Արթուր Հակոբյանը և սերժանտ Աշոտ Ղրդիլյանը:
Մեդալակիրների մեծ մասն այս օրերին ավարտում է ժամկետային ծառայությունը և շատ շուտով կմեկնի տուն: Պարգևատրման արարողությունից անմիջապես հետո զորամասի անձնակազմի ծափահարությունների ներքո զորացրվեցին շարքայիններ Խ. Խաչատրանն ու Ա. Միլիտոնյանը: Ինձ հետ զրուցելիս նրանք չեին թաքցնում իրենց անկեղծ հուզմունքը:
– Ծառայությունից, անշուշտ, ամենից շատ կհիշեմ առաջնագծում անցկացրած ապրիլյան օրերը, քանի որ հենց այդ ժամանակ հասկացա՝ զինվոր եմ, որ իմ առջևում թշնամին է, իսկ թիկունքում՝ հայրենիքս, տունս, և որ ինքս պետք է պաշտպանեմ իմ տուն ու տեղը ամեն գնով… Այս երկու տարին ինձ սովորեցրին ավելի լուրջ նայել կյանքին: Ծառայությունիցս լավ ու բարի, նաև տխուր հուշեր եմ տանելու: Իսկ մեդալը շատ հաճելի անակնկալ էր: Անբացատրելի հաճելի զգացողություն է… Իսկ նրան, ով գալու է ինձ փոխարինելու, հաջողություն եմ մաղթում: Թող լավ ծառայեն, ինձնից էլ լավ,- ասաց շարքային Միլիտոնյանը:
Մեդալի արժանանալը անակնկալ էր նաև շարքային Խ.Խաչատրյանի համար.
-Առաջնագծում նախևառաջ մտածում ես ծնողներիդ, հարազատներիդ անվտանգության մասին, որովհետեւ գլխովդ հազար բան է անցնում: Չէի սպասում, որ իմ ծառայությունը մեդալով կգնահատվի: Ճիշտ է, չեմ մնալու պաշտպանական համակարգում, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ նորից կգամ…
Առաջնագծում հակառակորդի խափանարար գործողությունները կանխելիս իրենց քաջությամբ աչքի են ընկել շարքայիններ Գոռ Գևորգյանը, սերժանտներ Կարեն Կոստանյանը, Սիրական Կարապետյանը, Հարութ Բաղդասարյանը: Կեսգիշերին նկատելով հակառակորդի կասկածելի տեղաշարժը և լսելով կրակահերթեր՝ նրանք կարողացել են քողարկել զորախմբի տեղակայման վայրը և աջակցություն ցուցաբերել մարտական ընկերներին:
– Այդ ծանր օրը առաջնագծում ես ձեռք բերեցի իսկական ընկերներ: Նրանք կարողացան դուրս գալ այդ ծանր վտանգավոր իրավիճակից: Նրանց կողքին է, որ հասկանում ես՝ հայրենիքի պաշտպանությունը քեզ է վստահված… Իրավունք չունես թերանալու… տանը քեզ սպասում են մայրդ, հայրդ, հարազատներդ…,- նշում է սերժանտ Բաղդասարյանը, որ նույնպես շուտով զորացրվելու է:
-Մենք լավ կռվեցինք, բայց սուտ կլինի ասել, թե վախ չկար: Կա՛ր: Արդեն հարմարվել էինք՝ գիտակցելով, որ գնացել ենք կռիվ… Դիրքեր առաջին անգամ բարձրացող տղեքին կասեմ, որ կարևորը զգոնությունն է, զգուշությունը,- ասում է սերժանտ Կոստանյանը:
Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի ամրապնդման և պաշտպանունակության բարձրացման գործընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև նույն դիվիզիոնում ծառայող եղբայրներ, շարքայիններ Երվանդ և Եգոր Եգորյանները: Իրենց մարտական պարտականությունները նրանք կատարել են իրարից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա՝ չիմանալով մեկը մյուսի ճակատագրի մասին…
– Իրոք, ծանր էր, որևէ տեղեկություն իրարից չունեինք, փորձում էինք հրամանատարների միջոցով ինչ-որ բան իմանալ: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ վերջացավ, – խոստովանում է Երվանդը:
– Որպես ավագ եղբայր, բնական է, որ ավելի շատ մտածում էի եղբորս մասին, ոչ թե իմ: Շատ անհանգիստ էի, մանավանդ որ ոչ մի լուր չունեի նրանից: Փառք Աստծո, ամեն ինչ խաղաղվեց…,- ասում է Եգորը:
Շնորհավորելով պարգևատրված և զորացրվող զինվորներին՝ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Շահգելդյանը վստահեցրեց, որ հարկ եղած դեպքում իր զորամասի նախկին ծառայողները կգան առաջին իսկ կանչով:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում