Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ



Հունիսի 13-ից ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ հսկողական ստուգումները: Բանակային զորամիավորումների ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների ու վարչակազմի սպաների ընդգրկմամբ կազմվել են հանձնաժողովներ՝ ստուգումները պատշաճ կերպով անցկացնելու:

Բոլոր անձնակազմերը ստուգումներին պատրաստվել են բարձր պատասխանատվությամբ: Առաջին օրն առավոտյան տողանի ժամանակ բոլոր զորամասերում կազմակերպվել է հանդիսավոր միտինգ, որից հետո անկացվել է շարային ստուգատես:

Այնուհետև սկսվել են ամփոփիչ հսկողական քննությունները, որի ընթացքում զինծառայողները, գործի դնելով  ուսումնական փուլի ընթացքում ամբարած հմտություններն ու գիտելիքները,  փորձում են հնարավորինս բարձր ցուցանիշներ գրանցել:

Քննություն հանձնում են ինչպես սպաները, այնպես էլ ժամկետային զինծառայողները:  Ուստի ամփոփիչ ստուգարքները  լավ առիթ են՝ հասկանալու, թե մարտունակության ինչ մակարդակի  վրա է գտնվում տվյալ զորամասը կամ ստորաբաժանումը: Քննություններ անցկացվում են ինչպես շարային, ֆիզիկական, տեխնիկական պատրաստությունից, այնպես էլ հասարակական-պետական և գաղափարադաստիարակչական պատրաստություն առարկաներից:

Զորամասերի հրաձգարաններում անցկացվում են մարտավարական և կրակային ստուգարքներ, իսկ վարորդները  քննություն են հանձնում մեքենավարում առարկայից: Հատկանշական է, որ գրանցված արդյունքները դրական են, ինչը խոսում է անձնակազմի մարտական բարձր պատրաստվածության մասին: Պետք է փաստել, որ գրանցված բարձր ցուցանիշները արդյունք են դաշտային պայմաններում անցկացված տքնաջան մարզումների:  Ուշագրավ  է, որ զինծառայողներն իրենք եւս գիտակցում են, որ ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով սահմանափակվել չի կարելի: Անընդհատ կատարելագործվելը և ռազմական գործում հմտանալը ժամանակի հրամայականն է:

Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի առաքելությունն է շարունակել ուժեղանալ՝ չթուլացնելով զգոնությունը և ոչ մի վայրկյան:

Ստուգումները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը՝ հնարավորություն տալով  առավել ամբողջական պատկերացում կազմելու զորքերի պատրաստության մասին:

Պատրաստեցին սերժանտ Կարապետ Չոբանյանը

և կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյանը

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ազգային բանակ


15/06/2016