ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ
«ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՀՀ ԶՈՒ Մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր
Իհարկե, խաղաղ պայմաններում պատերազմական հնարավոր բոլոր սցենարները լիովին կանխատեսելը կամ բոլոր խնդիրների լուծումները գտնելն անհնար է: Որքան էլ փորձենք ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցնել մարտական իրավիճակին, իրական հակառակորդի բացակայության պայմաններում գործնական ուսուցումը չի կարող ամբողջապես փոխարինել մարտական գործողությանը:
Քառօրյա մարտական գործողությունների վերլուծության ժամանակ հանրապետության նախագահը դիպուկ դիտարկում արեց. «…միայն թշնամուն էր հայտնի, թե ինչ էին ուզում անել իրենց գործողություններով»: Մեծ հաշվով էական էլ չէ, թե ինչ էին ուզում: Մեզ համար կարևոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում իրեն ինչպես դրսևորեց հակառակորդը, և մենք ինչպես հակադարձեցինք նրա նախահարձակ գործողություններին:
Ապրիլյան դեպքերի վերջնական վելուծությունը ցույց տվեց, որ ինչպես ՀՀ, այնպես և ԼՂՀ զորքերի մարտական ուսուցումը ամուր հիմքերի վրա է դրված: Մեր զինծառայողն այսօր իր մարտական պատրաստությամբ, իր ոգով, խնդրի կատարման հմտությամբ կարող է հակառակորդի հատուկ պատրաստություն անցած զինծառայողի դեմ ոչ միայն հավասարը հավասարի մարտնչել, այլև հաղթել: Սա շատ բանի մասին է խոսում:
Իզուր չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարը (արդեն երկրորդ տարին) պահանջում է, որ զորքերում իր գործնական կիրառումն ունենա «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգը: Նա ինքը, անցած լինելով պատերազմական թոհուբոհով, հստակ պատկերացնում է, թե ինչ խնդիրներ կարող են կանգնել հրամանատարի առաջ, և թե վերջինս ինչպես պետք է իրեն դրսևորի տարբեր իրավիճակներում: Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում արդեն ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության համատեքստում ներմուծված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգը գործնական կիրառում ստացավ: Փաստ է, որ եղան անհատներ՝ թե՛ ջոկի, թե՛ միավորման հրամանատարներ, որոնք իրավիճակի թելադրանքով կարողացան իրենց վրա վերցնել պատասխանատվությունը և գործել սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում բավականին լուրջ հաջողություններ արձանագրեցին. նրանք հաճախ այնքան ճշգրիտ որոշումներ էին կայացնում, որ անգամ փորձված հրամանատարներին՝ նաև ինձ, զարմանք էին պատճառում: Բայց սրա հետ մեկտեղ պետք չէ թշնամուն թերագնահատել և ոչ էլ մեզանում նկատված մարտավարական թերություններն անտեսել:
Այսպիսով, քառօրյա պատերազմը առաջ բերեց նաև որոշակի հարցեր, որոնց համար մենք այժմ լուծումներ ենք որոնում: Պետք է կարողանանք մինչև իրական մարտական գործողությունների հնարավոր վերսկսումը լիարժեք զարգացնել մեր ամբողջ անձնակազմի համապատասխան որակները, կարողությունները: Վերջին հաշվով մարտական ուսուցման կարևորագույն սկզբունքներից մեկն էլ. «Սովորեցնել այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում» պահանջն է: Այժմ աշխատում ենք մի շարք զորավարժությունների, զորախաղերի մոդելավորման և անցկացման ուղղությամբ, որոնց շնորհիվ մեր անձնակազմն իրեն կկարողանա զգալ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում և հետագայում անհրաժեշտության դեպքում էլ ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրի:
Պատրաստեց Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում