ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՓՈԽԱՆՈՐԴԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾԻՔ
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:
Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել համայն հայության շրջանում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը, հնչել են անգամ նրան կարգալույծ անելու կոչեր…
Թեեւ իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակով հանդես չի եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Պարզ չէ՝ այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել է սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե նրա փոխարեն մշակել են թուրք պաշտոնյաները: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող այդ նամակի հեղինակը լինել, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա է ստորագրել նամակը և հանձնել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:
Ցավոք, առաջին անգամ չէ, որ սրբազան Աթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ արքեպիսկոպոս Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար…
Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ»՝ սրբազանն իր նամակում հայտարարում է, թե Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի զայրույթը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «Բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայնով…
Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայ հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է Թուրքիայում ապրել Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ հենց Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով իրենց վրդովմունքը:
Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը…. Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ», ներկայացնելը անարգանք է հայ համայնքի այն անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:
Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե, իբր, հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոսը» պնդում է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է արք. Աթեշյանի այն հայտարարությանը, թե Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր…. Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:
Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար ես խոնարհաբար խորհուրդ կտայի արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր զբաղեցրած հոգեւոր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրան ընտրություններում…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Տարածաշրջան