Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵրբ սկսվեց Արցախյան շարժումը, գնդապետ Գալուստ Գալստյանը այդ ժամանակ ՆԳ համակարգում էր աշխատում, ռազմամոբիլիզացիոն բաժնի պետ էր:

Երկիրը հայտնվել էր ծանր վիճակում, կտրված էր արտաքին աշխարհից, ազգային հողի վրա բախումներն էլ դարձել էին ավելի հաճախադեպ:

1990թ. սեպտեմբերի ՆԳՆ կազմում ստեղծվում է Հատուկ գունդը, որի հիմնական խնդիրն էր սահմանամերձ շրջանների պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը: Հատուկ գնդի ստեղծման աշխատանքների կազմակերպմանն օժանդակելու և անհրաժեշտ հաշվարկներ կատարելու նպատակով ստեղծվում է համապատասխան մասնագետներով համալրված ժամանակավոր խումբ, և գնդի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվում է գնդապետ Գալուստ Գալստյանին:

-Հերթապահում էինք հանրապետական հավաքակայանում… Ամեն ինչ զրոյից էինք սկսում… Առաջին հրամանը ես եմ ստորագրել… Գունդը ես եմ հանձնել հրամանատար Սերգեյ Առաքելյանին… Քառորդ դարից ավելի է անցել…,- հիշում է գնդապետը:

Կապանում մոտոհրաձգային բրիգադ է կազմակերպվում: Գալստյանը նշանակվում է բրիգադի հրամանատարի տեխնիկական գծով տեղակալ: 93թ. հունիսի 1-ն էր: Հետո կնոջն ու երեխաներին էլ հետը տարավ սահմանաբերան:

-Պատերազմի ժամանակ ձեռքի տակ եղած տեխնիկան էինք նորոգում, մարտական վիճակի բերում: Կամազներին հարմարեցնում էին մեծ տրամաչափի գնդացիրները ¥ԺՄԽ): Կապանում մեքենանորոգման, «Էլեկտրոն» գործարաններ էինք տանում սխեմաները ու տեղի հրաշալի մասնագետների հետ համատեղ կցում-կցմցում էինք, եղած մեքենաները ռազմական շնչով «վերաձևում»: Մարտադաշտի որ հատվածում էլ տեխնիկան շարքից դուրս էր գալիս, խփվում կամ վնասվում, հասնում էինք, նորոգում,- ասում է գնդապետը ու չի թաքցնում հպարտությունը:- Ճակատս բաց կարող եմ վկայել` ես ոչ մի տեխնիկա չեմ կորցրել:

Կապանի բրիգադը ստեղծման առաջին իսկ օրից լայնածավալ գործողություններ էր ծավալում Կապանի, Մեղրիի ամբողջ երկայնքով:

-Ծանր ու դաժան օրեր էին, ամենածանրը 1994թ. հունվարի 6-ն` Սուրբ Զատկի օրն էր, երբ թշնամին ողջ ճակատով հարձակման էր անցել, զոհեր ունեցանք,- պատմում է Գալստյանը:

Չնայած թշնամու զրահատեխնիկայի և մարդկային գերազանցող ուժին` բրիգադը մշտապես կարողանում էր կասեցնել թշնամու առաջխաղացումը:

-Հավատացեք, մեր զինվորից լավ զինվոր չկա,- գնդապետի աչքերը փայլում են,- ծառայության բերումով այլազգի շատ զինվորների հետ եմ շփվել, բայց մեր 18-20 տարեկան տղերքն անհամեմատելի են, ուրիշ ձև են մտածում, ուրիշ ձևի են նվիրված… Հայ զինվորի ոգին անպարտելի է, զենքից ուժեղ է նրանց ոգին: Էս վերջին՝ ապրիլյան օրերին մեր զինվոր տղերքի հերոսական քայլերը ասածիս խոսուն ապացույցն են:

♦♦♦

Պատերազմական օրերից հուշեր, հիշողություններ շատ ունի Գ. Գալստյանը, բայց պատերազմից խոսել չի սիրում: Ժպտում է` 1996թ. զորահանդեսն է հիշել. շքերթի ամբողջ զինտեխնիկայի հրամանատարն էր: Միայն 3,5 ամիս Արզնիում նորոգում էին, կարգավորում, տեսքի էին բերում եղած տեխնիկան: Հանձնաժողովով մեկիկ-մեկիկ ստուգում էին ամեն դետալը, ամեն պտուտակը: «Ոչ մի գործում էլ մանրուքներ չկան, պետք է ամեն ինչ անթերի լինի». սա գնդապետի կարգախոսն է:

Ամիրյան փողոցի մեջտեղի շարքով շարժվում էր հայոց նորաստեղծ բանակի տեխնիկան: Ինքը նյարդերի կծիկ էր, ոնց որ դիրիժոր լիներ, հետևում էր մեքենաներին և ձեռքի շարժով ղեկավարում: Պատմական զորահանդես էր. եղած տեխնիկայի, զորքի ցուցադրումն էր քո ժողովրդին, ողջ աշխարհին, զինված ուժերի հաշվետվությունն էր, ուժի ցուցադրում: Խրոխտ քայլքով անցնում էին հայոց բանակի զինվորները, նրանց հետևից էլ զինվորական տեխնիկան: Հավաքված մարդկանց համար այս ամենը լոկ տոնական հանդիսություն էր թվում, մինչդեռ այդ ամենի հետևում ծանր, նախապատրաստական աշխատանք էր, ծայրահեղ պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ կատարված աշխատանք: Մեքենաների միալար հռնդյունը երևի այդ պահին գնդապետի համար աշխարհի ամենագեղեցիկ երաժշտությանն էր հավասար: Շունչը պահած հետևում էր, մինչև վերջին մեքենան անցավ ու նոր թեթևացած շունչ քաշեց: Հպարտությունից սիրտը փառավորվել էր: Հետո շքերթին գործուն մասնակցություն ունեցած բոլորի անունները հիշատակեցին շնորհակալական ջերմ խոսքերով, իրենը մոռացան…

1999թ. շքերթի պատասխանատուն դարձյալ ինքն էր: Մտովի համեմատում էր տարիներ առաջվա ունեցածն ու չունեցածը: Հետո այդպես շարունակաբար, ամեն զինվորական շքերթի նայելիս զարմանալիորեն նույն զգացողություններն էր ապրում` հուզմունք և հպարտություն: Հիշում էր նորաստեղծ բանակի  առաջին զորահանդեսներն ու դրան զուգահեռ տարեցտարի ստվարացող զինվորների կուռ շարքերը, համալրվող զինտեխնիկան, ու շքերթից շքերթ ուրախությամբ արձանագրում բանակի զարգացումը, աճը, հաջողությունը: Բանակի ամեն  հաջողություն տեսնելիս բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդիկ ուրիշ ոգևորվածություն, ուրիշ խանդավառություն են ապրում` բանակը զավակի նման է…

♦♦♦

Պատերազմի ավարտից հետո Գալուստ Գալստյանը ծառայության անցավ սպառազինության վարչությունում, ավտոծառայության պետ էր, հետո մատակարարման բաժնի պետ: Այնուհետև Մոսկվայում զինվորական կցորդի օգնական էր, 2001թ. անցավ աշխատանք ԱԻՆ-ում, իսկ հետո` արդեն վաստակած հանգստի:

Հաճախ են ընկերները հարցնում` ամբողջ կյանքդ զինվորական ծառայության մեջ ես եղել, միշտ ակտիվ, նախաձեռնող, եռուն: Հիմա ո՞նց ես դիմանում զորացրված սպայի կարգավիճակին:

-Հողամաս ունեմ, ծառուծաղիկ եմ աճեցնում: Այգիս ինձ է շնչավորում, ես` այգուն,- պատասխանում է գնդապետը:

Հողի համար կռված զինվորը հիմա էլ հողն է ծաղկեցնում: Երկիրը ծաղկեցնելն էլ ծառայություն է:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Ճակատագրեր


22/06/2016