ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ
Նախկին ազատամարտիկներ, այնուհետև հայոց բանակի հրամանատարներ, այժմ պահեստազորի գնդապետներ Մուշեղ Բաբայանն ու Սայեն Հայրապետյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ջոկատի տղաների հետ մեկնեցին առաջնագիծ: Ջոկատը անվանակոչեցին «Հայդուկ»: Զինվորագրվեցին հիմնականում նախկին ազատամարտիկները, որոնք մարտական փառավոր ու հաղթական ուղի էին անցել: Ջոկատը համալրվեց 100-ից ավելի փորձառու ինչպես ազատամարտիկներով, այնպես էլ հետագայում զինվորական դարձած պահեստի սպաներով: «Մեր ջոկատը 104 հայդուկով մեկնեց ռազմի դաշտ, իսկ վերադարձավ 110 հոգով. մի բան էլ ավելացանք և ոչ թե պակասեցինք»,- կատակով ասում է ազատամարտիկ Ղուկաս Հարությունյանը:
«Հայդուկի» տղաները Արցախի սահմանամերձ գոտում երկու ամիս պատվով կատարեցին իրենց ծառայությունը:
Ազատամարտիկ Ղուկաս Հարությունյանը Արցախի սահմանագոտուց վերադառնալուց հետո «ՂՊՎ» միության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանի հետ մեկնեց Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտի` Տավուշի մարզ, որտեղ արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է որդին` Անդրանիկը:
Նրանք հանդիպեցին, զրուցեցին Տավուշ աշխարհի սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, ևս մեկ անգամ հպարտության պահեր ապրեցին մեր տղաների պատրաստվածությամբ ու մարտունակությամբ: Այնուհետև առաջնագծի ինժեներական շինարարության համար զորամասին հանձնվեց բեռնատարներով տեղ հասցված շինանյութը: Ազատամարտիկները նաև սննդամթերք և այլ պարագաներ էին տարել հետները` զինծառայողներին փոխանցելու համար:
Գ. ՇԱՀՆՈՒՐ
Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն