Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ



Հունիսի 14-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպվել էր ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ: Հայ զինվորի ու հրամանատարի կերպարն ամբողջացնող ցուցահանդեսին հաջորդեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ հանդիպումը:

 

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ«Հայ զինվոր» շաբաթաթերթի նախորդ համարում տեղեկացրել էինք (տես՝ թիվ 20 (1140)), որ հունիսի սկզբին համալսարանականներն այցելել էին Արցախ: Նրանք Մարտակերտ քաղաքում հանդիպել էին «Մարտական խաչ» շքանշանի արժանացածներին: Ակտիվ լուսանկարչությամբ զբաղվող ուսանողներից մի քանիսն էլ լուսանկարել էին հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր ապրիլյան պատերազմում թշնամուն հասցրել էին ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային հսկայական կորուստներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարան-բանակ կապը երկար տարիների պատմություն ունի, ինչն էլ վկայում են ռազմահայրենասիրական բնույթի ամենամսյա միջոցառումները, որոնք անցկացվում են և՛ Մայր բուհում, և՛ ՊԲ զորամասերում: Ռեկտորը ողջունելի է համարում դասախոսների և ուսանողների պարբերական այցելությունները Արցախ. «Այդ կերպ փորձ է արվում համալսարանականին կապել բանակային կյանքին, առօրյային և այլն: Համալսարանականները տարվա մեջ մի քանի անգամ անցկացնում են բանակ-բուհ կապին միտված բազմաթիվ ծրագրեր, գիտաճանաչողական այցեր, իսկ դրանք կարևոր են ու նպատակային՝ այդ կապն ամրապնդելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս լուսանկարները դրա վառ ապացույցն են»:

Քաջարի մարտիկները, որոնք լուսանկարների գլխավոր հերոսներն են, հանրությանը ոգևորում և ներկայանում են իրենց լայնախոհ ժպիտով, վեհ կեցվածքով՝ ցույց տալով, որ հայ զինվորն անպարտելի է: Լուսանկարիչները վստահ են՝ շարքն ընդլայնվելու է, որովհետև պարբերաբար այցելելու են զորամասեր:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ցուցահանդեսի անցկացումը մի քանի նպատակ ունի. նախ՝ համալսարանականները ճանաչում են մերօրյա հերոսներին, և երկրորդ՝ տեսնում նրանց ջերմ ու անմիջական շփումը համալսարանականների հետ. «Մերօրյա հերոսների լուսանկարներում իսկապես մեծ ասելիք կա: Պետք է նշեմ, որ ի դեմս Մայր բուհի բանակ-հասարակություն կապն ամուր է, կայուն հիմքերի վրա»:

Միջոցառման երկրորդ մասում Վարդան Ավետիսյանը խոսեց բանակային կյանքի մի շարք առանձնահատկությունների, սերունդների տարբերությունների, ինչպես նաև մերօրյա հերոսների սխրանքի ու քաջագործությունների մասին և պատասխանեց ուսանողների հարցերին:

Հիշեցնենք, որ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի նախասրահում: Այն կցուցադրվի մինչև հունիսի 30-ը:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն


22/06/2016