Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՎՎԱՇՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ



ՀՈՎՎԱՇՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆԵղբայրներ Վահան և Վարդան Մանուկյանների բարեգործական նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ ևս երկու զորամաս ունեցավ գերմանական հովվաշուն ցեղախմբի մի քանի ձագեր:

Այս անգամ բարեգործական նախաձեռնությանը միացել էին նաև ԱՄՆ-ում բնակվող մեր մի քանի հայրենակիցներ:

Կանադաբնակ Մանուկյան եղբայրներն արդեն երկրորդ տարին աջակցում են սահմանապահ զորամասերին: Մի խումբ կանադահայերի աջակցությամբ հավաքված գումարով 2014 թվականի օգոստոսին առաջին երկու հովվաշունը նվիրել էին գնդապետ Վահե Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին: Առաջին օրվանից շան ձագերը սիրվեցին և դարձան զորամասի պարծանքը` ոգևորելով և՛ զինվորներին, և՛ հրամանատարական կազմին: 2015 թվականի տարեմուտին մեր սահմաններում արդեն 10 ազնվացեղ սահմանապահ հովվաշուն կար: Իսկ այսօր արդեն հովվաշների թիվն անցել է հինգ տասնյակից:

– Արևմտյան երկրների զինված ուժերում շները մեծապես օգնում են սահմանի անվտանգության ապահովմանը: Ցանկալի կլիներ, որ հայկական բանակը ևս ունենար դիրքապահ շներ: Ցեղատեսակի ընտրությունն էլ պատահական չէ. գերմանական հովվաշունը հավասարակշռված է, աշխույժ, անվախ, չափազանց խելացի, ճկուն, հեշտ վարժվող և հավատարիմ,- նշում է Վարդան Մանուկյանը:

Վերջին մեկ ամսում ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում գտնվող զորամասերից մեկին է հանձնվել 11 հովվաշուն, 3 հովվաշուն էլ՝ ԼՂՀ սահմանամերձ մի զորամասի: Երկուսն էլ փոխանցվել է «Արաբո» կամավորական ջոկատին:

Հայրենանվեր նախաձեռնությանն այս անգամ աջակցեցին նաև ԱՄՆ-ում բնակվող Վաչե Նշանյանը, Փիր Փիլավյանը, Համլետ Չոբանյանը և Ֆրեզնոյի հայ համայնքը:

Վարդան Մանուկյանը վստահ է, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն


22/06/2016