ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՎԱՅՐԸ` ՍԱՀՄԱՆԸ
Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես, երբ առիթ է լինում Արցախ գնալու, ամեն անգամ երջանկանում եմ: Այնտեղ ուրիշ մի բան եմ զգում, թե ի՞նչ, բառերով դժվարանում եմ բացատրել: Եվ այս զգացողությունն ինձ ուղեկցում է մանկուց, երբ այդ մի փոքրիկ Հայաստանի համար պատերազմ էր, իսկ ես ու քույրս երգում էինք հայրենասիրական երգեր՝ մտածելով, որ մեր երգը հասնում է այնտեղ: Այս անգամ Արցախ էի գնում Մատաղիս հասնելու համար: Մորաքրոջս թոռն է այնտեղ ծառայում: Ալիկը՝ մեր տղան, արդեն մեկուկես տարի զինվոր է:
Ահա և Մարտակերտում եմ: Անցած տարի էի այստեղ: Քաղաքը նույնն է, մթնոլորտն է փոխվել: Ավերակ տանիքներ, պատեր, փողոցներ. մարդիկ վերականգնում են իրենց տները, «ջնջում» ապրիլյան պատերազմի հետքերը:
Պիտի բարձրանանք Մատաղիս: Մեզ է մոտենում մի մեքենա, ու զինվորական վարորդն ասում է.
-Մեզ ասացին՝ Մատաղիս բարձրացող մարդիկ կան: Դո՞ւք եք: Եթե կուզեք, եկեք գնանք:
Համաձայնում ենք: Երեք ընկեր են` երեք սպաներ: Վարորդն աշխույժ երիտասարդ է: Կան, չէ՞, մարդիկ, որ միանգամից շփվելու թեմաներ են գտնում, հարցեր տալիս, հետաքրքրվում: Այ, այդպիսի մեկն է: Նրա կողքի տղան մի քիչ հոգնած է երեւում: Կանաչ ներկ է փնտրում. հերթով մտնում է բոլոր խանութները, հարցուփորձ անում, բայց կանաչ ներկ չկա ու չկա:
-Ինչի՞ն է պետք,- հարցնում ենք:
-Ճաշի ամաններն է ներկելու,- կատակում է մեր կողքի սպան:
-Բա ինչո՞ւ եք եկել, ո՞ւմ եք տեսնելու, ձեր ի՞նչն է,- հարցուփորձ է անում:
-Մորաքրոջս թոռն է: Եկել ենք նրան ու մեր մյուս զինվորներին տեսնելու: Ախր, մենք ձեզ շատ ենք է սիրում,- ասում եմ:
-Լո՞ւրջ,- ծիծաղում է վարորդ Աշոտը:
-Երկուսով այսքան ճանապարհ եք կտրել, հասել Մատաղիս: Հայրենասեր եք, էլի:
-Մենք, թե դուք,- ասում է քույրս:
-Մենք մեր գործն ենք անում,- պատասխանում է:
Սպաները պատմում են, որ ռազմական ինստիտուտն ավարտել են ու եկել սահման: Վարորդ Աշոտը երկու տարի, իսկ մյուս Աշոտն ու մեր կողքը նստած տղան`(ոնց անունը չհիշեցի) չորս տարի է՝ ծառայության մեջ են: Վերջինս մտնում է խանութ եւ դուրս գալիս պաղպաղակները ձեռքին:
…Ճանապարհին խոսում ենք ապրիլյան դեպքերից: Երևում է՝ չեն սիրում խոսել այդ մասին:
-Շատ ապրեք,- ասում եմ:
-Պաղպաղակի՞ համար,- հարցնում են:
-…Ընդհանրապես,-պատասխանում եմ:
Ծիծաղում են:
Վերջապես երկար փնտրտուքից հետո Աշոտը գտնում է կանաչ ներկը:
-Դե՞, ինչ, պատրաստ ե՞ք: Ճանապարհի որոշ հատվածներ հակառակորդի դիրքերից մի քանի մետր են հեռու:
-Պատրաստ ենք:
Կրկին Մատաղիս եմ բարձրանում, ինչպես անցյալ տարի: Այն ժամանակ տաքսու վարորդ Ղարիբը, որ Արցախյան պատերազմի մասնակից է, ցույց էր տալիս թշնամու դիրքերը, պատմում պատերազմից: Հիմա Արցախի առաջին պատերազմի մասին չեմ մտածում, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերն են գլխումս: Բոլոր տղաների նկարները հերթով աչքիս առաջ են գալիս: Այստեղ պատերազմ էր, ու հենց այս տղաներն են մասնակիցները, ովքեր հիմա մեզ հետ են, խոսում են, կատակում, փորձում հարմար երաժշտություն գտնել:
Հասնում ենք զորամաս: Հերթապահ զինվորը մոտենում է: Հայտնում ենք՝ ում մոտ ենք եկել: Զեկուցում է, ապա զրույցի բռնվում:
Արամ Բալաչունցը ծնունդով Գորիսից է, ԵՊՀ-ի ուսանող, ապագա ադրբեջանագետ: Բանիմաց տղա է: Զրուցում ենք ադրբեջանագիտությունից, հայրենաճանաչությունից, մշտապես շոգ Մատաղիսից ու հրաշալի բնություն ունեցող Սյունիքից: Ալիկին ենք սպասում, որ դեռ չկա ու չկա…
-Առաջինը, ա՛յ, այստեղ գցեցին արկը, ես ու երկու ընկերս ներսում էինք: Երկար ժամանակ չէինք կարողանում դուրս գալ: Հետո արդեն բարձրացանք դիրքեր: Մի քանի օր է, ինչ հետ ենք եկել: Էս մեկուկես տարվա ընթացքում էնքան բան եմ տեսել… Իսկ ապրիլը… ապրիլը լրիվ ուրիշ էր, – մտածկոտ դեմքով պատմում է Արամը:
Վերջապես մի մեքենա է մոտենում. ահա եւ մեր տղան: Ո՜նց է մեծացել, փոխվել: Բարևում է ընկերներին: Գրկախառնվում ենք ու զրուցում տեսակցությունների սենյակում:
-Անձրև եկա՞վ այստեղ: Վերևում շատ ուժեղ անձրև էր,- հարցնում է,- Էս ապակիները փշրվել էին, երևի նոր են փոխել,- նայելով սենյակի լուսամուտին՝ ասում է նա:
Պատերազմից հետո զորամասում չի եղել: Առաջին անգամ է: Վաղը կրկին դիրքեր կբարձրանա: Ասում է՝ դիրքերում լավ է: Երկար զրուցում ենք: Բայց պիտի վերադառնանք Մարտակերտ:
Դրսում մայոր Պետրոսյանը մեզ սառը սուրճ է հյուրասիրում: Ես ու քույրս սուրճ չենք սիրում, բայց ինչպես կարող ենք չխմել զինվորականի հյուրասիրածը:
Հաջողություն ենք մաղթում տղաներին: Ամուր-ամուր գրկում ենք Ալիկին: Հեռանում ենք՝ Մատաղիսում թողնելով մեր հոգու մի մասնիկը: Ճանապարհին մտածում եմ՝ ինչ անկեղծ են սահմանին կանգնած երիտասարդները, մաքուր, զուլալ, վեհ…
Գոհար ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Բանակ և հասարակություն