Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 26-Ը ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ՕՐՆ Է



Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:

Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը:

ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական գործողություններին զուգընթաց` պետության և ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը: 1992թ.-ին պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն անջատվել է ՀՕՊի վարչությունից և դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվել են ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ՝ ներկայացնելով կայացած ու ներդաշնակ մի կառույց:

Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: 1992թ.-ին պաշտպանության նախարարությանը փոխանցված ԴՕՍԱԱՖի աերոակումբի և «Արզնի» օդանավակայանի վերակազմավորման միջոցով 1993թ.-ի ապրիլին հիմնվել է ՀՀ առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: 1994-ին ուսումնական կենտրոնը տեղափոխվեց իր ներկայիս տեղակայման վայր և 2001թ.ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը պաշտպանության նախարարի հրամանով անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց, բացի ավիատորներից, կրթել նաև կապի և ՀՕՊ մասնագետներ: 2016թ.-ին ռազմաուսումնական հաստատությունը ստացավ համալսարանի կարգավիճակ:

Ռազմական օդաչուներն այսօր կատարում են ամենատարբեր առաջադրանքներ` ՀՕՊ ստուգողական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, ընդգրկվում են մարտական կրակով անցկացվող զորավարժություններում:

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մասնագետները մշտապես հաջողությամբ համագործակցում և վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Հավաքական անվտանգության պայմանագրի և այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի ու զորավարժությունների շրջանակներում։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում ցանկացած պահի իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Խորագիր՝ Նորություններ


27/06/2016