ՁԱՅՆ, ՈՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՐՀԸ
Պատմության մեջ են մտնում ոչ միայն պատերազմները, հաղթանակները, այլ նաեւ հեղինակավոր անհատները: 20-րդ դարում պատմության մեջ մտան նաև երբեւէ չխամրող, նշանավոր ձայները: Եվ այդ ամենահնչուն, ամենաազդու, տպավորիչ ձայներից մեկը Յուրի Լևիտանի ձայնն է:
Ավագ սերնդի ներկայացուցիչները եւ հատկապես Հայրենական մեծ պատերազմի վետերանները այսօր խորին ակնածանքով են հիշում համամիութենական ռադիոյի հաղորդավար Յուրի Լեւիտանին: «Խոսում է Մոսկվան». ռադիոընդունիչներում հնչում էր Լեւիտանի խրոխտ եւ ազդեցիկ ձայնը, եւ մարդիկ, շունչները պահած, սպասում էին նրա հաղորդած հույժ կարեւոր հաղորդումներին:
17 տարեկան էր Լեւիտանը, երբ իր ծննդավայր Վլադիմիրից մեկնեց Մոսկվա` հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ: Այնինչ կինոտեխնիկումի ընդունող հանձնաժողովը Յուրիին մերժեց` պատճառաբանելով նրա օ-ով շեշտված արտասանությունը: Եվ ահա հենց այդ օրերին շատ պատահական երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու մի հայտարարություն, եւ նա որոշեց մեկ անգամ եւս փորձել: Այստեղ նկատեցին նրա բնատուր կարողությունը եւ ընդգրկեցին ռադիոկոմիտեի կազմում: Այդուհանդերձ, անկախ բնատուր տվյալներից, տաղանդից, ով իմանա` ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը, եթե չլիներ Ստալինը, որը մի գիշեր լսել էր, թե ինչպես է Լեւիտանը կարդում «Պրավդայի» խմբագրական հոդվածը: Առաջնորդը հենց գիշերով զանգել էր ռադիոկոմիտե եւ ասել, որ հաջորդ օրվա իր ելույթը կուսակցության 17-րդ համագումարի բացմանը պետք է հաղորդվի այդ ձայնով (տարիներ հետո հենց այդ ձայնը ռադիոյով կազդարարի Ստալինի մահը):
Շատերին է զարմանք եւ հիացմունք պատճառել Լեւիտանի ձայնը, նրա ձայներանգն ու առոգանությունը:
Այդ ձայնն ուղեկցեց խորհրդային ժողովրդին Հայրենական մեծ պատերազմի ամբողջ ընթացքում` ֆաշիստների հարձակման պահից մինչեւ հաղթանակի բաղձալի օրը: Մտաբերենք Մեծ հայրենականին նվիրված ֆիլմերը. անպայման մի դրվագում հնչում է ծանոթ ձայն, որն այսօր էլ արցունքոտվելու աստիճան հուզում է պատերազմի վետերաններին:
Հայրենական մեծ պատերազմ սկսվելու լուրը հաղորդեց հենց Լեւիտանը (եւ երկար ժամանակ նրա ձայնն անվանում էին պատերազմի ձայն, այնքան ժամանակ, մինչեւ որ նվաճվեց հաղթանակը): Նրա արտասանական հնչերանգում երբեւէ չէր զգացվում հուսահատության որեւէ նշույլ:
«Խոսում է Մոսկվան» ազդարարող ձայնը ուշադրություն էր հրավիրում, հանգստացնում էր, հույս էր սերմանում մարդկանց սրտերում, ոգեշնչում, ուժ էր հավելում ռազմաճակատում մարտնչող զինվորներին, նրանց հերոսության մղում: Մարշալ Ռոկոսովսկին նրա ձայնը հավասարազոր էր համարում մի ամբողջ դիվիզիայի: Պատմում են, որ մի անգամ Ստալինին հարցրել են՝ երբ կավարտվի վերջապես պատերազմը, առաջնորդը կեսլուրջ-կեսկատակ պատասխանել է. «Երբ Լեւիտանը հայտարարի»:
Լեւիտանի ահեղ ձայնը վրեժխնդրության մարտակոչ էր: Նրա ձայնը լսում էր խորհրդային ողջ երկիրը, ամբողջ աշխարհը` թե՛ յուրայինները, թե՛ թշնամիները: Ժամանակակիցները վկայում են, որ ֆյուրերը նրան համարում էր իր գլխավոր անձնական թշնամին (Ստալինը երկրորդ տեղում էր), քանի որ լավ էր հասկանում քարոզչության դերը: «Կտրել Լեւիտանի լեզուն,- հրամայել էր Հիտլերը,- Լեւիտանը կատյուշաներից էլ վտանգավոր է»: Լեւիտանի համար անգամ գլխագին էր նշանակվել` 250 հազար գերմանական մարկ:
Մոսկվայի վրա խփված ֆաշիստ օդաչուների գծագրոցում (պլանշետում) հայտնաբերվել էր քաղաքի քարտեզը, որի վրա ռադիոկոմիտեն նշված էր առաջնահերթ ռմբակոծման ենթակա օբյեկտների թվում: Բայց Մոսկվայի ռադիոն շարունակում էր աշխատել անխափան, եւ բոլոր հաղորդումներում մշակվում էր ընդհանուր ենթատեքստ. «Մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի, մենք կհաղթենք»:
…Եվ վերջապես եկավ այդ բաղձալի օրը: 1945թ. մայիսի 9-ին Լեւիտանը եթեր հաղորդեց խորհրդային ժողովրդի համար այնքան սպասված ցնծալի լուրը:
Հետպատերազմյան շրջանում Լեւիտանը մասնակցում էր Մոսկվայի ռադիոյի պատասխանատու հաղորդումների պատրաստմանը, ընթերցում խորհրդային կառավարության կարեւորագույն որոշումները, համամիութենական տոն օրերին հաղորդումներ էր վարում Կարմիր հրապարակից: Հենց նա էր, որ ազդարարեց Յուրի Գագարինի՝ տիեզերքը նվաճելու լուրը: Յու. Գագարինին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, երբ հասկացաք, որ դարձել եք հանրաճանաչ, նա ժպիտով պատասխանել է` երբ լսեցի, որ իմ թռիչքի մասին հայտարարել է անձամբ Լեւիտանը…
♦♦♦
1970-ականներին մոռացան Լեւիտանի ձայնը: Ռադիոյի ղեկավարությունը կարծում էր, որ պատմության ողբերգական ընթացքն արտացոլող ձայնն այլեւս պետք չէ, եւ նրան հեռացրին եթերից` թողնելով միայն, որ նա վարի «Խոսում եւ գրում են վետերանները» հաղորդաշարը, ինչը նա սիրով էլ կատարում էր, քանի որ հոգեհարազատ թեմա էր իրեն: Հաղորդումները հուզում էին նախկին ռազմաճակատայիններին, նրանց նամակների հենքով ստեղծված հաղորդումները հասարակական մեծ արձագանք էին ունենում:
1980թ. Լեւիտանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ճակատագրեր