Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 22



75 տարի առաջ` հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Ժողովուրդը ոտքի կանգնեց` հանուն հայրենիքի պաշտպանության: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչում էին նաև հայ ժողովրդի քաջարի զավակները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես կվճռվեր հայ ժողովրդի ճակատագիրը, եթե այս պատերազմում հաղթեր ֆաշիզմը: Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և Հայաստանին սահմանակից հատվածում զինված սպասում էր հարձակման հրամանի, որպեսզի ներխուժեր Անդրկովկաս:

 

ՀՈՒՆԻՍԻ 22Ամեն տարի հունիսի 22-ին նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում մեծ կամ փոքր հանդիսություններով մշտապես նշվում է այս օրը` որպես ցավի և հիշատակի օր:

Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հայ վետերաններն այդ օրը այցելեցին և ծաղիկներ դրեցին բոլոր այն հուշարձաններին ու հուշակոթողներին, որոնք կապված են պատերազմի հետ: Հուշերը փոթորկել, տակնուվրա էին արել հին զինվորների հոգին ու սիրտը:

«Երբ սկսվեց Մեծ հայրենականը, ես 15 տարեկան էլ չկայի,- հիշում է Հենրիկ Խառատյանը,- Դիլիջանում էինք ապրում. սով էր, աննկարագրելի ծանր պայմաններ: Հայրս այդ ժամանակ շրջկոմի ռազմական բաժնի վարիչն էր: Հիշում եմ` ռադիոն հայտնեց, որ Գերմանիան հարձակվել է մեր երկրի վրա: Շուրջբոլորը տխրություն էր, լացուկոծ: Պատերազմից 1-2 ամիս էլ չէր անցել, եւ արդեն պատերազմից հաշմանդամ մարդիկ էին վերադառնում: Մեկն էլ մեր հարևանն էր` ոտքը կտրած տուն դարձավ: 1941 թվին հայրս գնաց ճակատ, 1944թ.-ին էլ ես գնացի կամավոր: Հայրս տանկիստ էր, եղբայրներս էլ, ես էլ, տղաս էլ: Մենք տանկիստների գերդաստան ենք: Պատերազմը արհավիրք է, չարիք, ու մենք ամեն ինչ մոբիլիզացրել էինք հաղթանակի համար: Հավատում էինք, որ հաղթելու ենք…»:

ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանն այդ դաժան օրերից ևս բազում հիշողություններ, հուշեր ունի. «Ապրումներս աննկարագրելի են: Մեծ ցավ եմ ապրում, սրտի կսկիծով եմ հիշում իմ բոլոր երիտասարդ մարտական ընկերներին, որոնք ընկան մարտի դաշտում: Ցավոք, այսօր էլ խաղաղ չէ: Այսօր էլ թշնամին փորձում է խաթարել մեր երկրի խաղաղությունը: Մենք՝ պատերազմ տեսած զինվորներս, լավ գիտենք պատերազմի ողջ դառնությունը և երբեք թույլ չենք տա, որ հակառակորդը հանդգնի ոտք դնել մեր սուրբ հողը»:

ՀՈՒՆԻՍԻ 22Սիմոն Եսայան (Վետերանների միավորման խորհրդի նախագահ). «75 տարի առաջ հունիսի 22-ը առաջին օրն էր պատերազմական այն երկար ու տանջալի՝ արյունահեղ 1418 օրերից: Անդառնալի կորուստներով եղավ հաղթանակը: Եվ հենց այդ փառահեղ հաղթանակը դաստիարակեց ու կրթեց նոր հաղթական սերունդը՝ Արցախյան պատերազմի սերունդը:

Ամեն տարի այս օրը հավաքվում ենք, որպեսզի հայ ժողովրդի անունից դիմենք մարդկությանը, սթափեցնենք և հիշեցնենք, որ մենք դեմ ենք ամեն բռնության: Պատերազմը համամարդկային չարիք է, և պետք է դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր պատերազմ են հրահրում: Ով սուր է բարձրացնում խաղաղ ժողովրդի վրա, նույն սրից էլ ընկնում է»:

♦♦♦

Վետերանները ծաղիկներ դրեցին Մեծ հայրենականում հերոսացած հայազգի պանծալի զավակներ Ն. Ստեփանյանի, Ս. Զաքյանի, Հովհ. Բաղրամյանի, Հ. Բաբաջանյանի, Հովհ. Իսակովի հուշարձաններին: Այցելությունները եզրափակվեցին «Հաղթանակ» զբոսայգում. ծերունազարդ վետերանները գլուխները խոնարհեցին անմար կրակի առաջ:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Պատմության էջերից


30/06/2016