Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ

 

Ռուս քաղաքական գործիչ: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը եւ Դիվանագիտական բարձրագույն դպրոցը: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Եղել է ԽՍՀՄ եւ ՌԴ դեսպանը մի շարք երկրներում:

1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ: ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ:

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար հաստատելու բանակցությունները:

Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով եւ զեկույցներով հանդես է եկել մամուլում եւ համաժողովներում:

2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

 

Իրոք, դժվար էր հավատալ, որ Ղարաբաղում վերջապես դադարեցվում է արյունահեղությունը: Մեր ջանքերը որեւէ արդյունք չէին տա, եթե Ալիեւի դրությունը ծայրահեղ ծանր չլիներ: Ըստ էության, Ալիեւը կանգնած էր ոչ միայն այլ տարածքներ, այլեւ իր իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Համառ մարտեր էին Թերթերի շրջանում: Առջեւում էին Բարդան, Եվլախը, Մինգեչաուրը, այսինքն՝ հարավ-արեւմուտքի կրկնությունը: Հայերն այնտեղ դուրս եկան Արաքս, այս դեպքում, պայմանական եմ ասում՝ դուրս են գալիս Քուռ: Պատկերացրեք Ալիեւի վիճակը, եթե «հանձնվեր» Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը:

Այնպես որ, հրադադարի ստորագրումը Ալիեւի համար բարի կամքի հարց չէր, այլ՝ գոյության պայքար:

2005թ.

♦♦♦

Ես չեմ տեսնում ռազմական գործողությունների չվերսկսվելն ապահովող այլ ելքեր, քան ստիպել խաղաղության կառուցողական ծրագիր իրականացնելը: Բայց ես նկատի չունեմ խաղաղությունը ստիպել ռազմական գործողություններով, այլ քաղաքական, դիվանագիտական քաղաքակիրթ տարբերակով, համոզելու մեթոդով: Մի կողմը չի կարող ամեն ինչ ստանալ, իսկ մյուսը` ամեն ինչ զիջել:

♦♦♦

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորմանը, որի ջատագովն է Ադրբեջանը, չի կարելի նույնիսկ մոտենալ առանց կողմերի հուսալի պարտավորությունների` հրաժարվել ուժային միջոցների կիրառման գայթակղությունից: Միայն ծայրահեղ միամտությունը թույլ կտա այս կամ այն կողմին կարծելու, թե կարող է վերսկսել մարտական գործողությունները առավել շահավետ դիրքերից:

Մի կարծեք, թե Հայաստանը կվերադարձնի Լեռնային Ղարաբաղի մերձակա յոթ շրջանները առանց ինչպես բուն Ադրբեջանի կողմից, այնպես էլ մեծ տերությունների եւ միջազգային կազմակերպությունների լուրջ երաշխիքների: Նախ եւ առաջ՝ Ադրբեջանը պետք է լուրջ ուղղումներ անի հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու վերաբերյալ իր հայտարարություններում:

♦♦♦

Կարող եմ ասել միայն, որ բանակցություններին պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովը հանձնարարեց Մինսկի խմբի համանախագահներին բանակցություններ վարել հակամարտող բոլոր կողմերի միջեւ:

Ոչ ոք այդ որոշումը չեղյալ չի հայտարարել:

2006թ.

♦♦♦

Արժե թեկուզ հակիրճ, սակայն ամփոփ ներկայացնել Ադրբեջանի բոլոր իշխանությունների հակասական գործողությունները. նախ՝ նրանց համար ճակատագրական եղավ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի քաղաքական խնդիրը ծանր ռազմական դաշտ տեղափոխելը: Զենքի ուժով խնդիրը լուծելու մոտեցումը պատկանում է հենց Ադրբեջանին: Այն օրերից սկսած՝ Ադրբեջանի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական-քաղաքական մոտեցումները շատ զիգզագներ են ունեցել: Ափսոս, սակայն դրանք այլևս ոչ ոքի չեն զարմացնում: Ադրբեջանը վաղուց արդեն չի կատարում իր պարտավորությունները, որոնք ստանձնել է թե՛ պաշտոնապես, թե՛ փաստաթղթերով վավերացված:

2016 թ.

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ռազմաքաղաքական


30/06/2016