ԹՈՂ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
«Ես հայ ժողովրդին արդարություն և խաղաղություն եմ մաղթում և աղոթում եմ դրա համար, որովհետև խիզախ ժողովուրդ է»:
♦♦♦
«Այդ ողբերգությունը, ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով, և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ: Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին»։
♦♦♦
«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հրաշալի կլինի. ինձ խորապես հուզում է այդ հարցը»:
Կրոնական և նույնիսկ քաղաքական նշանակությամբ բացառիկ էր հունիսի 24-ից 26-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Նախևառաջ այն աչքի ընկավ ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների միջև հատուկ համերաշխությամբ, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված խաղաղասիրական, մարդասիրական և պատմական անցյալի հանդեպ ազնվության ուղերձներով:
Հռոմի Պապի Հայաստան այցը սպասվում էր 2016-ի սեպտեմբերին և ի սկզբանե կրելու էր տարածաշրջանային բնույթ. այն է՝ Հռոմի պապը պետք է այցելեր Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Սակայն նա այցելեց միայն Հայաստան, ինչն արդեն իսկ աննախադեպ է: Այն ընթացավ «Այցելություն առաջին քրիստոնեական երկիր» խորագրի ներքո, ինչը խիստ կարևոր էր Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի համար: Նախ՝ մեկ միլիարդից ավելի հետևորդ ունեցող հոգևոր առաջնորդի կողմից փաստվեց ու ընդգծվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եզակի լինելու հանգամանքը, որը թերևս դարեր շարունակ պարբերաբար շահարկվում էր քրիստոնեական այլ եկեղեցիների կողմից, երկրորդը՝ այցը միայն Հայաստան ցուցադրեց երկրի բացառիկ դերը տարածաշրջանում, երրորդը՝ Հռոմի պապը վերահաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ այցելելով Ծիծեռնակաբերդ և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը «ցեղասպանություն» բնորոշելով:
Մեր նորանկախ պետության գոյության տարիներին սա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի երկրորդ այցն է Հայաստան: Առաջինը տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Հայաստան ժամանեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը: Բայց այն ժամանակ այցի ուղերձն ամբողջությամբ այլ էր, ինչպես նաև այլ էր միջազգային իրավիճակը:
Ինչպես գրում է իտալական մամուլը՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եկել էր մերձավորարևելյան տարածաշրջանի հանգուցային կարևոր մի երկիր՝ մեղմելու այստեղ գոյություն ունեցող լարվածությունը: Պոնթիֆիկոսը ցանկացել էր այցի ընթացքում այցելել նաև Թուրքիայի հետ սահման՝ խորհրդանշական քայլ կատարելով դրա բացման օգտին: Սակայն, ինչպես գրում են իտալական լրատվամիջոցները՝ ծրագիրը չեղարկվել է:
«Ծրագիրն այսպիսին էր. գնալ այնտեղ, բացել սահմանը: Բայց չեղարկվեց»,- հայտարարել էր Հռոմի Պապական Հայկական քոլեջի ռեկտորի տեղակալ Գրիգոր Բադիչան: Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացման հարցն առանձնապես մոտ է Ֆրանցիսկոս Պապին, ինչի մասին ասվել է դեռևս 2014 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ստամբուլից վերադառնալու ճանապարհին:
«Ինձ խորապես հուզում է այդ հարցը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հրաշալի կլինի»,- այն ժամանակ ասել էր Հռոմի Պապը՝ կարևորելով թուրք ժողովրդի կողմից իր անցյալի հետ առերեսվելը, երկու ժողովուրդների միջև անցյալի հարցերում միաբանությունը: Եվ այդ հարթության վրա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը խիստ կարևորում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես տարածաշրջանային խաղաղության և համերաշխության գլխավոր հիմնաքար:
«Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով: Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով: Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը», – Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ասաց Ֆրանցիսկոս Պապը, 1915-ի իրադարձությունների մասին խոսելիս գործածելով «ցեղասպանություն» բառը:
Բնական է, որ Հռոմի Պապի այցելությունը Ծիծեռնակաբերդ ու «ցեղասպանություն» եզրույթի չնախատեսված գործածումը պետք է իրարանցում առաջացներ թե՛ Թուրքիայում, թե՛ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանում: Նրանք կրկին անգամ փորձեցին շահարկել Սրբազան Քահանայապետի խոսքերը և ուրացման քաղաքականությանը հավատարիմ՝ նույնիսկ մեղադրել կաթոլիկ առաջնորդին «մահմեդականների դեմ խաչակրաց արշավանքների գաղափարախոսություն արմատավորելու» մեջ: Վատիկանի պատասխանը չուշացավ. «Պապը խաչակիր չէ: Նա չի ցանկանում պատերազմներ կազմակերպել կամ պատեր շարել, նա ցանկանում է միայն կամուրջներ կառուցել: Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»,- հայտարարել է Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
«Ես չէ, որ պետք է պատասխանեմ Թուրքիայի փոխարեն, միայն կարող եմ ասել, որ Հռոմի Պապը մշտապես արտահայտվում է հանուն հաշտության, խաղաղության և երկխոսության տարբեր ազգերի և մշակույթների միջև: Եթե մենք հիշում ենք անցյալի մասին, ապա դա ոչ թե նոր բառեր քննարկելու, այլ անցյալից դասեր քաղելու նպատակ ունի», – Հռոմի պապի դիրքորոշումը ներկայացնելով՝ նշեց Ֆեդերիկո Լոմբարդին:
Վատիկան վերադարձի ճանապարհին Հռոմի պապը հայտարարեց, որ չէր տեսնում որևէ այլ եզրույթ, բացի «ցեղասպանություն» բառից, որը կբնութագրեր Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը: «Ես միշտ ասել եմ, որ անցած դարում եղել է երեք ցեղասպանություն՝ հայերի, Հիտլերի կողմից արված և Ստալինի», – շեշտել է նա:
Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, մասամբ իրականացրեց իր խաղաղության ուղերձը՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու Խոր Վիրապի վանքում, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ միասին աղավնիներ բաց թողնելով Արարատ լեռան ուղղությամբ:
Հռոմի պապն անդրադարձավ նաև տարածաշրջանային մեկ այլ կարևորագույն՝ Արցախյան հիմնահարցին, խիստ կարևորելով խաղաղ ճանապարհով հանգուցալուծումը: Նման կերպ Վատիկանի ղեկավարը միացավ միջազգային հանրության պահանջին՝ դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության ոչ միայն ագրեսիվ և ապակառուցողական պահվածքը, այլ նաև ռազմատենչ հռետորաբանությունը: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն ընդգծեց երկխոսության և հաշտության անհրաժեշտության մասին՝ կարևորելով և բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության ջանքերն այդ ուղղությամբ:
«Սիրելի՜ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատարագից հետո իր ելույթում շեշտեց Հռոմի Պապը:
«Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում: Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»,- Վատիկան վերադառնալիս հայտարարել է Հռոմի Պապը:
Ամփոփելով Հռոմի Պապի եռօրյա այցի արդյունքները, կարող ենք շեշտել հետևյալ իրողությունները՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին դարձավ առաջինն ու միակը, որը վերահաստատեց համաքրիստոնեական միասնության մեջ իր դերը՝ օրհնելով համայն աշխարհի կաթոլիկ համայնքը և նրա առաջնորդին և փոխադարձաբար ստանալով Հռոմի Պապի օրհնությունը: Սա բացառիկ դեպք է քրիստոնեական պատմության մեջ: Հռոմի Պապը շեշտեց նաև Հայաստանյայց եկեղեցու՝ Թադեոս և Բաղդուղիմեոս առաքյալներից սկսվելու մասին, ինչով, փաստացի, ընդունվեց բացառիկ իրավասությունները նաև քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն սուրբ վայրերի նկատմամբ Իսրայելում (Երուսաղեմում Տիրոջ Գերեզման, Բեթղեհեմում Սուրբ Ծննդոց եկեղեցի և այլն:): Դեռ 13-րդ դարից հայ հոգևորականներն ունեին բացառիկ իրավունքներ այդ սրբությունների նկատմամբ, և բազմիցս փորձ էր արվում զրկել այդ իրավունքից՝ մեղադրելով հայերին ոչ առաքելական լինելու մեջ:
Լատինական և հայկական արարողակարգերով միասնական Սուրբ պատարագով ազդարարվեց քրիստոնյա այս երկու ուղղությունների միջև բոլոր անջրպետների վերացման, համադավանության մասին՝ վերացնելով 451 թվականից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և մյուս եկեղեցիների միջև եղած անջրպետները: Փաստացի՝ վերացվեցին Քաղկեդոնի Տիեզերական ժողովին չմասնակցելու պատճառով հերետիկոսության մեջ մեղադրանքները գոնե կաթոլիկ հանրության կողմից: Բացի այդ, հայկական և կաթոլիկ արարողակարգերը համադրվեցին և ստացան ընդհանուր բովանդակություն: Չմոռանանք, որ Կիլիկյան Հայաստանի անկման պատճառներից էին հենց դավանաբանական տարաձայնությունները: Երկու երկեղեցիների միջև տարբերություններ կամ տարաձայնություններ չլինելու մասին ազդարարվեց դեռ 2015 թվականին, երբ Գրիգոր Նարեկացին Վատիկանում հռչակվեց համաքրիստոնեական Տիեզերական վարդապետ:
Սրբազան Քահանայապետի հետ Հայաստան էր ժամանել բավականին պատկառելի պատվիրակություն, մի քանի տասնյակ լրագրողներ, հարյուրավոր ուխտավորներ, տարբեր հաշվարկներով՝ մի քանի օրվա ընթացքում Հայաստան է մտել 1,5-2 մլն եվրոյի չափ գումար: Հայաստանի Հանրապետության առանձին հոգևոր սրբավայրեր առնվազն կարող են համալրել նաև միլիոնավոր կաթոլիկ քրիստոնյաների համար պարտադիր սրբատեղի հանդիսացող ուխտավայրերի ցանկը:
Պապի ուղերձները հատուկ շեշտադրումներ ունեին ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրության համար: Նախ՝ փաստվեց որ քրիստոնեական աշխարհում առկա պառակտվածությունն արհեստական է: Նարեկացուց և Չարենցից մեջբերումներ անելով՝ Սրբազան Քահանայապետը ցանկացավ ընդգծել նաև հավատարմությունն իր սկզբունքներին: Նարեկացին՝ որպես համայն հայության մշակութային գոհար և կորսված հայրենիքի արտացոլում, Չարենցը՝ որպես բռնապետության զոհ:
Այո՛, այցը յուրահատուկ էր և աննախադեպությամբ: Գյումրիում փոխվեց հենց կաթոլիկ եկեղեցու արարողակարգը: Վարդանանց հրապարակում, պատմության մեջ առաջին անգամ, Հռոմի պապը բացօթյա պատարագ է մատուցում: Առաջին դեպքն է նաև, երբ պապամոբիլով Հռոմի Պապի հետ շրջում է այլ հոգևոր առաջնորդ:
Սրբազան Քահանայապետը Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակում օրհնել է իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում.
«Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ.լեյտենանտ
Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Հոգևոր-մշակութային