Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՂԱՆԵՐԸ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ…



Զորամասի մշտական տեղակայման զորանոցները դատարկ էին, անաղմուկ: Միայն հսկող, հերթապահ զինվորներն էին կանգնած ու նախանշված ժամերին փոխարինում էին մեկմեկու: Զորանոցում խնամքով շարված էին զինծառայողների հողաթափերը, պատերին բնության պատկերներ էին, գեղեցիկ կտավներ, որոնք արվել էին զինվորների ձեռքով: Ժամանցի, մշակույթի սենյակի պատերին հայոց պատմությունից հայտնի հերոսների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի մերօրյա ազգային հերոսների լուսանկարներ էին:

…Գումարտակի հրամանատար, մայոր Կ. Սիմոնյանի հետ գնում ենք դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում մեր զինվորները:

-Քառօրյա պատերազմից հետո է՛լ ավելի զգոն ենք, ու ասեմ` նաեւ ոգեւորված: Ապրիլյան այդ օրերին «Եղնիկներից» լսվում էր հրետանու արկերի պայթյուն: Մռավում դեռ ձյուն էր, ու թշնամին չէր փորձում լեռան «անդորրը» խանգարել, բայց մենք պատրաստ էինք: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ահավոր ձյուն տեղաց` մինչեւ 30 սմ նստեց: Սակայն դա էլ չխանգարեց մեր զինվորներին, որ կատարեն առաջադրանքը:  Ճանապարհները փակվեցին, բայց մենք տեղ հասանք եւ զբաղեցրինք մեր դիրքերը: Մեզ միացան նաեւ ազատամարտիկները,- մինչ դիրքեր հասնելը, այսպես ներկայացրեց գումարտակի հրամանատար, մայոր Կ. Սիմոնյանը:

Գիշեր է. նշանաբանը հաղորդելով` անցնում ենք դիրքից դիրք, զրուցում գիշերային դիտորդներ Վահան Գաբրիելյանի, Արման Ղազարյանի, Սերյոժա Սարգսյանի, Գոռ Նաղդալյանի, Արմեն Աբովյանի հետ: Ինչպես դիտորդ-զինվորները,  այնպես էլ սպաները, անկախ իրենց երիտասարդ տարիքից, փորձառու են, ծանոթ տեղանքի առանձնահատկություններին:

-Ապրիլյան պատերազմի հերոսական օրերին մեր զինվորների սխրանքը է՛լ ավելի է մեզ ոգեւորել,- ասում է գումարտակի հրամանատարը,- բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կայուն: Տարբեր ժամանակ տարբեր խնդիրներ ենք ստանում: Ցանկացած խնդիր` գիշեր լինի, թե ցերեկ, անձնակազմը կկատարի անթերի ու  արժանապատվորեն:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ազգային բանակ


30/06/2016