Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ



ԱՄՆ դեսպանը՝ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում

 

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործառույթներին, կարողություններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով հունիսի 28-ին պաշտպանության նախարարություն էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների և մեխանիզմների զարգացման, պաշտպանական քաղաքականության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության հայեցակարգերի ինտեգրման, հակակոռուպցիոն ծրագրերի մշակման հետ կապված հարցեր, ինչպես նաև դիտարկվել են համագործակցության նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական – Կենտրոնի պետ, փոխգնդապետ Ա. Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:

Իր խոսքում դեսպան Միլսը նշել է. «Աշխարհով մեկ ԱՄՆ կառավարության հիմնական գերակայություններից մեկը մարդու իրավունքների ամրապնդումն է և աշխատանքը մեր գործընկերների հետ՝ երաշխավորելու մարդու իրավունքների իրացումն ու պաշտպանվածությունը բոլորի համար: Գոհացուցիչ է տեսնել այս կարևոր հարցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքը այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են կրթական փորձագետները, քաղաքացիական հասարակությունը: Զինված ուժերը, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ պայքարում կոռուպցիայի ու չարաշահումների դեմ, ամուր է ու հզոր: Ժողովուրդը կարող է հպարտանալ իր զինված ուժերով»:

Խորագիր՝ Նորություններ


30/06/2016