Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ, ՉԱՄՈՔՎՈՂ ՑԱՎ



Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին

 

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, հունիսի 29-ին «Եռաբլուր» պանթեոն էին այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ,  ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

«Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ կազմակերպված հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառման ընթացքում ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանն ընդգծեց, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները՝ որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և՛ երիտասարդներին, և՛ հայկական բանակի զինծառայողներին: Ավելին` ազատամարտին մասնակից հայորդիների հիշատակի պահպանումն ու նրանց դավանած արժեքներին հավատարմությունը մեր օրերում դարձել է ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների և մեր հայրենիքի պաշտպանունակության կարևորագույն գրավականներից մեկը:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանն իր հերթին նշեց, որ անցած տարիները ոչ միայն չեն թուլացրել անհայտ կորածների վերադարձի հավատը, այլև ծառայել են Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի կազմավորմանն ու դրա միջոցով որոնողական աշխատանքների իրականացմանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցները, չսպիացող վերքերն ու չամոքվող ցավն են եւ միշտ հիշեցնելու են Հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտությունը: Որպես ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ արվել և այսուհետ էլ արվելու է առավելագույնը՝ անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը լրացնելու, նրանց հարազատներին սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

 

Խորագիր՝ Նորություններ


30/06/2016