ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՆ ԵՎ ՈՒՆԱԿ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված միջոցառումների վրա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճորեն իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ հավաստում է` հայկական զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:
Անդրադառնալով ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ հունիս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հաշվի առնելով եղանակային պայմանները` ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, ՀՀ պաշտպանության նախարարը հրահանգել է ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ զինանձնակազմի արևահարման, միջատների խայթոցների հետևանքով ի հայտ եկող կամ սննդային թունավորման դեպքերը նվազագույնի հասցնելու, զորամասերն անհրաժեշտ դեղորայքային ու կանխարգելիչ միջոցներով ապահովելու, ինչպես նաև մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները խստորեն վերահսկելու համար: