Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԼԱԴԻԱՏՈՐ. ԿԱՄԱԶՈՒՐԿ ՍՏՐՈ՞ՒԿ, ԹԵ ՀԱՄԱՐՁԱԿ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ



ԳԼԱԴԻԱՏՈՐ. ԿԱՄԱԶՈՒՐԿ ՍՏՐՈ՞ՒԿ, ԹԵ ՀԱՄԱՐՁԱԿ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐԳլադիատորները մարտիկներ էին, որոնք Հին Հռոմում կռվում էին հանդիսատեսին զվարճացնելու համար: Գլադիատոր նշանակում է սրակիր և ծագել է «գլադիա»՝ «կարճպոչ սուր» բառից, որը հին աշխարհում տարածված զենք էր զինվորականների շրջանում: Գլադիատորական մարտերի գաղափարը, ընդհանուր առմամբ, նոր չէր, քանի որ դեռ հնում էտրուսկները (հնագույն քաղաքակրթություն, որը բնակվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում` Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում)  սգո արարողությունների ժամանակ հանգուցյալին պատվելու նպատակով կազմակերպում էին մենամարտեր: Հռոմում այս սովորույթն այնպես արմատացավ, որ արդեն գլադիատորական մարտեր էին կազմակերպվում ցանկացած առիթով: Գլադիատորները յուրահատուկ գործիք էին հատկապես քաղաքական վերնախավի համար. վերջիններս նրանց մենամարտերն օգտագործում էին ժողովրդի համակրանքը շահելու և ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու նպատակով:

Ք.ա. 63 թ. Ներոն կայսեր հրամանի համաձայն՝ ազատ կանանց թույլ էր տրվում մասնակցելու գլադիատորական մրցաշարերին: 66 թ. Ներոն կայսրը, ի պատիվ հայոց թագավոր Տրդատ Ա-ի, կազմակերպում է շքեղ տոնակատարություն, գլադիատորական մարտեր՝ նաև կանանց մասնակցությամբ:

89 թ. Դոմետիանոս կայսրը մրցահարթակը տրամադրում է գաճաճ գլադիատորներին: Երբեմն մարտերը վերածվում էին աննախադեպ ներկայացումների, որոնց չեն հասնի անգամ ժամանակակից շոուները:

Տրայանոս կայսեր ժամանակ կազմակերպվեց ամենադաժան մենամարտը, որը տևեց 100 օր: Ի պատիվ Դակիայի նվաճման՝ մրցումներին մասնակցում էր  5000 զույգ գլադիատոր:

Ամենաթանկարժեքը ծովային գլադիատորական մարտերն էին: Ամենածավալունը կազմակերպվել է Կլավդիոս կայսեր հրամանով: Հռոմի մոտակայքում գտնվող Ֆուչինո լիճ է դուրս բերվել 50 ռազմանավ, իսկ գլադիատորների թիվը հասել է 20 հազարի: Մարտը դիտելու է եկել կես միլիոն մարդ: Կռվում էին ոչ միայն ստրուկներն ու հանցագործները, այլև ճանաչված հռոմեացիներ, որոնք սիրում էին մասնակցել նմանատիպ պայքարի, թեև այդ փաստը գաղտնի էր պահվում, քանի որ այն չէր  խրախուսվում բարձր հասարակությունում:

Կայսր Կոմմադոսը՝ որպես գլադիատոր, մասնակցել է 735 մարտի: Ըստ ավանդության՝ նա դանակահարվել է հենց մրցասպարեզում: «Գլադիատոր» ֆիլմի հիմքում հենց այդ պատմությունն է:

ԳԼԱԴԻԱՏՈՐ. ԿԱՄԱԶՈՒՐԿ ՍՏՐՈ՞ՒԿ, ԹԵ ՀԱՄԱՐՁԱԿ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐԱմենահայտնի գլադիատորը Սպարտակն էր, որը ապստամբեց  և մի քանի տարի հաջողությամբ կռվեց Հռոմի լեգեոնների դեմ: Վերջին ճակատամարտում, սակայն, Սպարտակը սպանվեց, իսկ 6000 ստրուկներ խաչվեցին Կապուայից  Հռոմ տանող ճանապարհին:

Ստրուկներից շատերն էին ձգտում ընդունվել գլադիատորական դպրոց, քանի որ, պայքարելով և արժանանալով հանրության եւ կայսեր համակրանքին՝ հույս ունեին ազատություն ձեռք բերել: Հայտնի գլադիատորները իրենց մարտերի համար բավականին ծանրակշիռ վարձատրություն էին ստանում: Օրինակ՝ Ներոն կայսրը գլադիատորներից մեկին պալատ է նվիրել: Ստրուկներից ոմանք էլ չէին դադարում մենամարտել նույնիսկ ազատություն ստանալուց հետո: Գլադիատոր Ֆիլամման, օրինակ, չորս անգամ արժանացավ ազատության, բայց ամեն անգամ նորից մենամարտի հրապարակ վերադառնալու պայմանագիր էր ստորագրում: Նա գլադիատոր էր մինչեւ իր կյանքի վերջը եւ զոհվեց 39-րդ մարտում:

Ամենամեծ ու հայտնի մրցասպարեզը Կոլիզեումն էր: Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն: Տեղավորում էր հիսունից մինչև ութսուն հազար հանդիսական:

Եթե գլադիատորը վիրավորվում էր և չէր  կարողանում շարունակել մենամարտը, նա բարձրացնում էր ցուցամատն ու միջնամատը՝ խնդրելով հանդիսատեսին վճռելու  իր ճակատագիրը: Ելնելով ամբոխի կարծիքից՝ հաղթողը սպանում կամ էլ կյանք էր շնորհում ընկածին: Ու թեպետեւ տարածված կարծիք կա, թե՝ ամբոխի վեր ցցած մատը նշանակում էր «կյանք», իսկ իջեցրածը՝ «մահ», հնագույն այդ մարտում անկախ ուղղությունից՝ բթամատը նշանակում էր «մահ»  և խորհրդանշում էր «սուր»: «Կյանքը» խորհրդանշում էր բռունցքը՝ թաքցված մատով:

Իհարկե, գլադիատորների ճնշող մեծամասնությունը ստրուկներ էին, սակայն դիտարժան մարտի համար ընտրվում էին եզակիները՝ պինդ ու դիմացկուն մահապարտները, առավելագույնս վարժվածները: Միայն ֆիզիկական գերազանց վիճակը բավարար պայման չէր. կարևորվում էին մարտը վարելու ունակությունը, տարբեր զինատեսակները բանեցնելու հմտությունն ու վարպետությունը: Կարելի է եզրակացնել, որ գլադիատորները պրոֆեսիոնալ մարզիկներ էին, այլ ոչ թե կամազուրկ ստրուկներ: Նրանց երկրպագում էին: Նրանց ճանաչում էին: Նրանք իրենց ժողովրդականությամբ համեմատելի են ժամանակակից փոփ աստղերի հետ:

Գլադիատորական մարտերը Հռոմեական կայսրությունում արգելվել են 404 թվականին, երբ լայն տարածում գտավ քրիստոնեությունը: Գլադիատորները հիմա էլ մենամարտում են կենդանիների հետ: Այս «արվեստը» մինչև մեր օրերն է  հասել ցլամարտի տեսքով:

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Հոգևոր-մշակութային


07/07/2016