ԴՈՒ ԹՈՂԵՑԻՐ ՄԵԶ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
Մայիսի 9-ին ամուսնուս` ազատամարտիկ Ավետիս Օհանյանի ծննդյան օրն էր, իսկ 26-ին՝ զոհվելու տարելիցը: Երեսուն տարեկան էր: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է «Արցախի մայրերի երախտագիտություն» հուշամեդալին:
Ամուսինս ծնվել է Ագարակում, զոհվել Ղարաբաղի Կուսապատի բարձունքներն ազատագրելիս:
Փորձում եմ թաքցնել արցունքներս, ուզում եմ հաշտվել այն մտքի հետ, որ կորցրածս թանկարժեք ադամանդ էր, որ այդպես էլ չկարողացա «կրել մինչեւ վերջ»…
Սիրտս նման է փոթորկված ծովի: Հոգիս տակնուվրա է լինում, պատեպատ է զարնվում անկատար մնացած երազանքներիցս: Հիմա էլ, երբ մենակ եմ մնում, դեռ շարունակ խեղդվում եմ հիշողությունների հեղեղից:
Ինձ հետ են մեր անցյալի բոլոր քաղցր հուշերը, չիրականացած երազները:
Սիրելի՛ Ավո, դու ինձ համար առաջվա պես մնում ես 30 տարեկան ու միշտ էլ կմնաս: Որքան կուզենայի, որ այդ տարիքում լինեիր իմ ու որդիներիդ կողքին:
Ափսո՜ս, չհասցրիր որդիներիդ առջեւ բացել հայրական սրտի քո գաղտնիքը, հայրական գուրգուրանք ցուցաբերել…
Չուզենալով վշտացնել ինձ` միայն ասացիր. «Ես գնացի»: Գնացիր ու… մնացիր:
Իրականացավ քո մեծ երազանքը. ազատագրվեց Արցախը, ապրեց Մարտակերտը, վեր հառնեցին Շուշին, Ստեփանակերտը:
Իրականացավ նաեւ քո մյուս մեծ երազանքը՝ կայացավ հզոր եւ ուժեղ հայկական բանակը, որտեղ ծառայել են քո երեք որդիները:
Եվ մենք հպարտ ենք քեզնով:
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ավագ ենթասպա
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Բանակ և հասարակություն