Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԵՐՋ ՍՊԱՍՈՒՄ



ԱՆՎԵՐՋ ՍՊԱՍՈՒՄՏիկին Ռիմա Առաքելյանը «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ մեր աշխատակից Գայանե Պողոսյանը հարցազրույցի է հրավիրել նրան, ինչը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:

 

-Տիկին Առաքելյան, այս տարի հունիսի 29-ին Հայաստանում 15-րդ անգամ նշվեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Եվ ես ուզում եմ հարցնել` ի՞նչ խորհուրդ ունի այդ օրը մեր ժողովրդի համար: Արդյոք մենք ազգովի՞ ենք խնկարկում հանուն հայրենիքի ազատության պայքարում անհայտության ճամփաներին մնացած մարդկանց հիշատակն ու փառքը:

-Ինչպես անհայտ կորած, այնպես էլ զոհված ազատամարտիկները մեր ժողովրդի համար նույնանում են հայրենիքի համար զոհաբերվելու բարձր գաղափարի հետ, ու նրանց հիշատակի օրը մարմնավորում է ոչ միայն կորստի ցավն ու հերոսներին հիշելու պարտավորությունը, այլև մեր հաղթանակն ու ազատասիրությունը, մեր փառքն ու խիզախությունը:

-Այսինքն` հունիսի 29-ը ինչ-որ չափով նաև տոն է:

-Ե՛վ պաշտպանության նախարարությունը, և՛ մեր հասարակական կազմակերպությունը ամեն ինչ արել ենք, որ հունիսի 29-ը ուժեղ ու ոգեղեն ապրումներ արթնացնի: Մեր տղաները հաղթել են. այս իրողությունն իր գույներն, իր շունչն է հաղորդում օրվա խորհրդին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե արդյոք ամբողջ ազգն է խնկարկում Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը, անշուշտ, ես կուզենայի, որ այդ օրը ավելի ինքնաբուխ ու վարար ալիք առաջացներ երկրում, ավելի շատ մարդիկ հավաքվեին Եռաբլուրում՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ, սեղմեին նրանց հարազատների ձեռքը, քաջալերեին… Գիտեք, սա ավելի շատ հենց մեր ժողովրդին է պետք, քան մեր քաջարի տղաների սգավոր հարազատներին: Մենք ապագա չենք ունենա, եթե չսրբացնենք հայրենիքի համար զոհաբերվելու գաղափարը՝ այդ գաղափարը կրողներին պատվելու միջոցով:

-Տիկին Ռիմա, 2000թ. անհայտ կորած ազատամարտիկների հարազատները միանալով` ստեղծեցին մի կազմակերպություն, որի նախագահը Դուք եք: Ի՞նչը Ձեզ հավաքեց մի հարկի տակ, ո՞րն էր նպատակը:

-Սկզբում, երբ կազմակերպությունը նոր էր ստեղծվում, միացանք, որ ցավը միասին ավելի հեշտ տանենք, միասին ավելի ուժեղ լինենք: Դա մի ժամանակահատված էր, երբ ծանր վիշտը մարդկանց կտրել էր աշխարհից, ներփակել: Մենք՝ անհայտ կորածների հարազատներս, ավելի լավ էինք հասկանում իրար: …Գիտեք, լինում են պահեր, երբ անհայտ կորած ազատամարտիկի ծնողը երանի է տալիս այն մորը, որի որդին զոհվել է: Որը կարող էր արցունք թափել որդու շիրմի մոտ: Սարսափելի է, երբ դու չգիտես՝ մեռա՞ծ է հարազատդ, թե՞ ողջ: Եթե ողջ է, որտեղ է, ինչ վիճակում է, ինչպես է ապրում, ինչ վերաբերմունքի է արժանանում: Մարդիկ կան, որ մինչ օրս սպասում են իրենց անհայտ կորած հարազատին: Պատկերացնում եք` ի՞նչ է նշանակում 20-25 տարի կյանքի ու մահվան խաչմերուկում սպասել բոթի կամ ավետիսի… Ամեն օր, ամեն ժամ սպասել: Այս մարդիկ միշտ օգնության, իրենց ցավը կիսելու, բարի խոսքի, սրտացավության, ուշադրության կարիք ունեն: Ավելի շատ, քան որևէ մեկը: Ու ես վստահ եմ, որ մեր միասնությունը տասնյակ ճակատագրեր փրկեց կործանումից, տասնյակ մարդկանց օգնեց դիմանալու վշտին: Մենք ցավը տարանք հպարտության դաշտ, մենք կորստի մյուս նժարին դրեցինք ազատագրված հայրենիքը, մենք փառքի, սիրո, հերոսության գույներով օծեցինք կարոտի մորմոքը:

-Ես ուզում եմ խոսել նաև այդ մարդկանց սոցիալական խնդիրների մասին: Ըստ իս, Ձեր ղեկավարած կազմակերպությունը պիտի միջնորդ դառնա ու նրանց ձայնը` հոգսը, դարդուցավը հասցնի բարձրաստիճան պաշտոնյաներին:

-Անհայտ կորած ազատամարտիկների հարազատները ապրում են նույն սոցիալական հոգսերով, ինչ հասարակության մյուս շերտերը: Արցախյան պատերազմում անհայտ կորածներն իրենց կարգավիճակով հավասարեցված են զոհվածներին, և նրանց ընտանիքների անդամները օգտվում են միևնույն արտոնություններից: Բայց կան բազմաթիվ մասնավոր, անհատական լուծում պահանջող հարցեր, որոնք, ինչ խոսք, մեր կազմակերպության միջոցով իրավասու շրջանակներում քննարկման առարկա են դառնում: Սակայն մարդկանց հոգսերը թեթևացնելուց և սոցիալական աջակցություն ցուցաբերելուց առավել կարևորում եմ նրանց կյանք վերադարձնելու, տնից հանելու, զանազան ժամանցային միջոցառումներում ընդգրկելու նախաձեռնությունը: Մենք պարբերաբար ուխտագնացություններ ենք կազմակերպում Հայաստանի սրբավայրեր: Քաղաքապետարանը գրեթե ամեն շաբաթ մեզ անվճար տրամադրում է թատրոնի կամ համերգի տոմսեր, որպեսզի Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հարազատները հնարավորություն ունենան մասնակցելու մշակութային միջոցառումներին: Նրանք գալիս են հրավիրված՝ պատվարժան հյուրի կարգավիճակով:

-Այո՛, մեզ ավելի ուրախ ու լավատես հասարակություն է պետք, կարիքը այնքան չի ընկճում ու օտարում մարդկանց, որքան սոցիալական անարդարությունը, անիրավված լինելու բարդույթը, վստահության բացակայությունը ապագայի հանդեպ:

-Պետք է խոսել մարդկանց հետ: Պետք է լսել մարդկանց: Պետք է հավատացնել, որ վաղն ավելի լավ է լինելու, ու նրանց ներգրավել այդ լուսավոր «վաղը» կառուցելու գործում:

-Տիկին Առաքելյան, մենք բարդ ժամանակաշրջան ենք ապրում ու ապահովագրված չենք վերահաս պատերազմից: Ու որպեսզի ծնվեն նոր սխրագործներ, մենք պիտի փառքի առավելագույնը տանք այն մարդկանց, ովքեր հայրենիքը ազատագրելու պայքարում մնացին անհայտության ճամփաներին՝ անգամ չարժանանալով մայր հողի գրկում ննջելու բախտին:

-Հայրենիքի ազատության համար զոհաբերվածների փառքը թշնամուն ուղղված զենք է: Սա պիտի հասկանա յուրաքանչյուր հայ:

-Օրեր առաջ Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Խորենը ասաց. «Ինչպես հանուն հավատքի մարտիրոսվածների արյունն է վեմ դարձել եկեղեցու համար, այնպես էլ հայրենիքի համար նահատակվածների արյունն է այն վեմը, որի վրա կառուցվում է հայրենիքի անկախությունը, ուժը, հպարտությունն ու ապագան»: Եկեք այս պատգամով էլ ավարտենք մեր զրույցը:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Բանակ և հասարակություն


07/07/2016