Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍԻՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՄ, ՄԻԱՍԻՆ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ՄԻԱՍԻՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՄ, ՄԻԱՍԻՆ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԱսորի ծնողներն իրենց որդիներին մանուկ հասակից դաստիարակում են այն գաղափարով, որ իրենք մեր գոյություն չունեցող երկրի դեսպաններն են Հայաստանում: Եվ սա ամենագլխավոր արժեքն է, որ կրում են ասորի զինակոչիկները:

 

-Եթե որևէ տեղ ասորի տեսնեք, մի՛ զարմացեք: Պարզապես դուք հանդիպել եք պատմությանը,- ասում է Ասորիների միության քարտուղար, ՀՀ վաստակավոր դերասան ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԸ:

Լսում եմ ու անմիջապես մտաբերում շումերների թողած հնագույն քարտեզը՝ 3500-ամյա կավե սալիկը, որի վրա հիշատակված է ընդամենը երեք ժողովուրդ՝ շումերներ, ասորիներ և հայեր: Շումերները վաղուց հեռացել են պատմության թատերաբեմից, սակայն կանք մենք՝ ասորիներն ու հայերս՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակրթության կենդանի  վկաներ: Երկու եղբայրական ազգեր, որոնք շարունակում  են իրենց երթը պատմության մեջ՝ ի հեճուկս դարերի ընթացքում կրած ծանր փորձությունների:

Այսօր Հայաստանում ապրում են մոտ 6000 ասորիներ, որոնք իրենց ներդրումն են բերում մեր պետության կյանքում և մշակույթի տարբեր ոլորտներում: Նրանք ծառայում են հայոց բանակում և հայ զինվորի հետ կողք կողքի պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը…

-Հայերն ու ասորիները իրենց դարավոր պատմության ընթացքում քիչ արյուն ու արցունք չեն թափել եղեռնի ու գաղթի ճանապարհին՝ տեսնելով նույն տառապանքները և պայքարելով նույն թշնամու դեմ: Եվ այսօր էլ հայ զինվորների հետ ասորի տղաները պահում-պահպանում են մեր երկրի սահմանները: Նրանց կարելի է տեսնել և՛ Արցախում, և՛ Հայաստանի զինված ուժերում: Նրանք փայլուն տիրապետում են հայերենին, կարգապահ են:

Հայաստանում ասորիները, ինչպես և մյուս ազգային փոքրամասնությունները, ոչ մի քաղաքական խնդիր չունեն: Պատահական չէ, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները  բազմիցս շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ այն հոգատար վերաբերմունքի համար, որը դրսևորվում է ոչ միայն քրիստոնյա ասորիների, այլև բոլոր ազգային համայնքների նկատմամբ, ինչի վկայությունն է նախարար Սեյրան Օհանյանի այցը Արագածոտնի մարզ՝ եզդիաբնակ Ալագյազ գյուղ, որտեղ նա «Արիության մեդալ» հանձնեց ադրբեջանական հերթական դիվերսիայի ժամանակ զոհված եզդի զինծառայող Սիդար Ալոյանի ընտանիքին:

-Պարոն Խոսրոև, Հայոց բանակում ծառայող ասորի զինվորներն ինչպե՞ս են կազմակերպում իրենց հոգևոր կյանքը: Կա՞ն անհրաժեշտ պայմաններ:

-Յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ին, երբ աշխարհի ասորիները տոնում են իրենց Նոր տարին, տարվա գլխավոր միջոցառմանը ներկա են լինում ոչ միայն հայաստանաբնակ ասորիները, այլև Վրաստանից, ՌԴ-ից ժամանած մեր ազգակիցները: Բոլորը հավաքվում են Վերին Դվին գյուղում՝ 12 օր շարունակ փառաբանելու աշխարհի ամենակարող աստված Մարդուկին, որն  իրեն հավասարը չունի աստվածների մեջ: Այս տարին ևս բացառություն չէր, երբ նշում էինք մեր ազգային Նոր տարին՝ 6766 թվականը: Իհարկե, կային նաև զինվորականներ: Եվ, ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե մեզ համար այս կարևոր տոնակատարությանը ներկա լինելու հնարավորություն ունենային նաև մեր ժամկետային զինծառայողները՝ թեկուզ 1-2 օրով: Մենք այսպիսի այլ տոներ ևս ունենք. օրինակ` Սուրբ Մարիամին նվիրված տոնակատարությունը: Ես  հավատացած եմ, որ կգա օրը, երբ այս հարաբերական հրադադարը կգտնի իր արդարացի լուծումը, և ասորիներն ու մյուս ազգային փոքրամասնությունները իրենց տոները և հիշատակության օրերը կնշեն խաղաղ հոգով և առավել համախմբված…

-Հայերն ու ասորիները քրիստոնյա են: Այդուհանդերձ, մեր եկեղեցիների միջև եղած դավանաբանական տարբերությունները չե՞ն խոչընդոտում բանակում ծառայող ասորի զինվորների ինտեգրմանը:

-Ո՛չ: Քանի որ 100 տարի չունենալով գործող եկեղեցի՝ ասորիներն իրենց մկրտությունը հիմնականում ստանում էին Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով: Մեզ հոգեհարազատ են ոչ միայն մեր եկեղեցական տոները, այլև Հայ Առաքելական եկեղեցու ծեսերը, որքան էլ այսօր Հայաստանում գործում է Արևելքի Ասորական եկեղեցին՝ Ս. Թովմասի տաճարը իր հոգևոր հայրերով: Այն ասորիների համար դարձել է հոգևոր-կրթական կենտրոն Վերին Դվին գյուղում: Հայ Առաքելական եկեղեցին մեր քույր եկեղեցին է ասորական այլ եկեղեցիների հետ միասին ¥Հակոբյան, ուղղափառ): Հայ Առաքելական եկեղեցին լավ փոխհարաբերություններ է պահպանում նաև մեր մյուս եկեղեցիների հետ: Դրա վառ դրսևորումներից է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հակոբյան եկեղեցու պատրիարքի համատեղ այցելությունը Ս. Թովմաս եկեղեցի, որտեղ կատարեցին պատարագի արարողություն, որին ներկա էր և՛ հայ, և՛ ասորի հասարակությունը:

-Պարո՛ն Խոսրոև, ազգապահպանման, մշակութային ի՞նչ խնդիրներ ունի ձեր համայնքը:

-Անկասկած, կրթական համակարգում մենք շատ անելիք ունենք: Առհասարակ, ասորիները, աշխարհի որ անկյունում էլ լինեն, ձգտում են լավ կրթության տալ իրենց զավակներին: Այդպես է և Հայաստանում: Եվ, պետք է ասեմ, որ մեր ապագա զինվորների ճնշող մեծամասնությունը սովորում է տարբեր բուհերում: Շատերը հետագայում իրենց կրթությունը շարունակում են արտերկրում: Հայաստանում մեր ուսանողները օգտվում են բոլոր այն արտոնություններից, որոնք տրվում են զինվորական ծառայությունից հետո: Դրան պիտի հավելեմ նաև որոշ մասնագիտությունների գծով պետպատվերի շրջանակներում կրթություն ստանալու հնարավորությունը՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Ասորիներն ընդունվում են նաև ռազմաուսումնական հաստատություններ, սիրով են ծառայում հայոց բանակում: Ունենք  սպաներ:

-Օգոստոսի 7-ին ասորի ժողովուրդը ոգեկոչելու է ցեղասպանության զոհերի հիշատակը: Նաև Ձեր ջանքերով Հայաստանը դասվեց այն երկրների շարքը, որոնք ընդունել են ասորիների և պոնտացի հույների ցեղասպանությունները ճանաչող ու դատապարտող բանաձև:

-Հայերը ցեղասպանության հետևանքով կորցրին 1,5 միլիոն անմեղ մարդկանց, ասորիները՝ 560 հազար: Երկար տարիներ ինչպես հայերը, այնպես էլ ասորիները համատեղ պայքարում են, որ աշխարհն ընդունի ու դատապարտի 1915թ. Օսմանյան կայսրության իրագործած վայրագությունները և դրանք կոչի իր անունով՝ ցեղասպանություն: Համաշխարհային Ասորական ալյանսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, որն ընդունեց ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող բանաձև: Ուստի, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները և շատ գերտերությունների մերժողական քաղաքականությունն ու տարատեսակ շահարկումները, կառաջարկեի, որ մենք ևս ունենանք նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ….

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Բանակ և հասարակություն


07/07/2016