Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵՑ, ԿՐԿՆՎԵ՛Ց ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ



Ապրիլյան քառօրյա ռազմական դիմակայությունը եկավ` հերոսական իր պատմություններով կրկին դասեր տալու, եկավ` իր հետ նոր հերոսներ բերելու, հայոց դյուցազնավեպում կրկին անուններ ու հերոսապատումի էջեր գրանցելու համար: Եկավ, որ մենք նաև վերաիմաստավորենք 1990-ական թվականներին ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաների քաջությունն ու ինքնազոհությունը, խիզախությունն ու նվիրումը:

Կարդալով Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, շարքային Քյարամ Սլոյանի և մնացած նվիրյալների մասին՝ մտքով հասա 1992թ. օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ Վահան գյուղի սահմանային 3-րդ պահակակետում մինչև վերջին փամփուշտը կռվել և քաջի մահով զոհվել էին վահանցի չորս քաջեր՝ Գարուշ Բրուտյան, Գուրգեն Դանիելյան, Մանուչար Ապրեսյան, Հարություն Թորոսյան: Հերոսաբար պայքարած և քաջի մահով ընկած տղաներ, որոնց հուղարկավորեցին գիշերը, քանզի թշնամին գրավել էր Վահանի մեկ ուրիշ կարևորագույն պահակետ` «Ուղեկալը», և ամեն պահի հնարավոր էր թշնամու ներխուժումը գյուղ և նրա հարակից տարածքներ: Նրանց սխրանքը այսքան տարիներ հիշվում է, նրանց անունները ապրում են մեզ հետ: Նրանք իրենց անձնազոհությամբ և ինքնանվիրումով պահեցին սահմանը, իրենց տունը և այսօր էլ գյուղի դիմացի բարձունքից, որտեղ ամփոփված են իրենք, հսկում են գյուղի անդորրը:

Ես ականատեսը եղա երկու սերնդի քաջարի մարտիկների արծվային թռիչքին և անօրինակ սխրանքին:

Պատմությունը, այո՛, կրկնվում է:

Գերված տղաների հետ թշնամին վարվեց նույն կերպ, ինչպես 1992թ. օգոստոսի 6-ին էր, երբ գերի տարան Վահան գյուղում տեղակայված վանաձորցի արծիվներին, որոնց վերադարձրին խոշտանգված ու անճանաչելի:

Սա է մեր ճակատագիրը:

Հետևաբար, ամեն ինչ անենք  արյամբ սրբացած հողը պահելու, պաշտպանելու եւ մաքրագործելու համար:

Տա՛ Աստված, այլևս չկրկնվի պատմությունը:

 

Հարգանքներով` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

գ. Վահան

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


07/07/2016