Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՕրերս Մոսկվա քաղաքում «Պոկլոննայա գոռա» հուշահամալիրում տեղի ունեցավ ՌԴ ռազմական համալսարանի 97¬րդ հերթափոխի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը: Այս տարի 992 շրջանավարտ ստացավ լեյտենանտի սպայական առաջին զինվորական կոչում, եւս 291-ը՝ մագիստրոսի որակավորում: Նրանցից 10¬ին գերազանց առաջադիմության համար շնորհվեցին ոսկե մեդալներ, իսկ անունները գրանցվեցին համալսարանի պատմության պատվո մատյանում:

 

Ավարտական վկայականների հանձնման արարողությանը շնորհավորական խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը: Նա վստահեցրեց, որ  ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները շրջանավարտներին պետք կգան ինչպես ամբողջ ծառայության ընթացքում, այնպես էլ ամենօրյա կյանքում: Նաեւ շեշտեց, որ տվյալ ռազմաուսումնական հաստատությունում սովորելը յուրաքանչյուրի համար մեծ հպարտություն է, պատիվ ու նաեւ պատասխանատվություն՝ ստացած գիտելիքները լիարժեք կիրառելու համար:

Ռազմական համալսարանի պետ, գեներալ¬գնդապետ Վալերի Մարչենկովը իր հերթին նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, շրջանավարտների թիվը մի փոքր քիչ է, սակայն իրենց համար առաջնահերթը որակական առավելություն ապահովելն է, ինչն էլ լիովին հաջողվել է: Այնպես որ, հուշահամալիրում կանգնած են  լավագույն երիտասարդ սպաները:

Ռուս զինծառայողներից  բացի,  ռազմական համալսարանում սովորում են նաեւ 16 երկրներ ներկայացնող կուրսանտներ ու սպաներ: Այս տարի ավարտել են 51 այլազգիներ՝ 15 սպաներ եւ 36 կուրսանտներ, որոնցից   3-ը ավարտել են ոսկի մեդալով, իսկ 11-ը՝  կարմիր դիպլոմով:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՀայաստանը ունեցել է երկու շրջանավարտ¬մագիստրոս՝ մայոր Արտյոմ Ստեփանյանը եւ մայոր Արթուր Մարտիրոսյանը: Երկուսն էլ ավարտել են Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ավարտական հանդիսությունից հետո Մայոր Ստեփանյանը նշեց, որ ուսումնառության երկու տարիներն իրեն տվել են անհրաժեշտ գիտելիքների պաշար՝ առավել որակյալ եւ գրագետ ծառայություն իրականացնելու համար:

Մայոր Մարտիրոսյանն էլ նմանատիպ զինվորական ուղի է անցել, հասել մինչեւ ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնին:  Հատկանշական է, որ երկու սպաները 4 տարի միասին սովորել են ռազմական կրթօջախում, ապա ծառայել իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:  Իսկ տարիներ անց ճակատագրի բերումով կրկին միասին  հայտնվել են Մոսկվայում:

Ձգտել են լավագույնս ներկայացնել հայկական զինված ուժերը: Ուսումնական գործընթացին մոտեցել են պատասխանատվության մեծ զգացումով: Նրանք քաջ գիտակցել են, որ այդ երկու տարիներին է՛լ ավելի խորացնելով տեսական գիտելիքները եւ տիրապետելով ավելի բարձր օղակի ղեկավարման հմտություններին, կկարողանան իրենց կարողությունները նորովի կիրառել հետագա ծառայության ընթացքում եւ ավելի բարձր մակարդակով իրականացնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

Աշոտ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կուրսանտ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ


07/07/2016