Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



«Մեր ապագան կախված է ներկայից, վաղը ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 150 մանկապարտեզի ավարտական հանդեսի պատվավոր հյուրերը զինվորներն են:

Սաները մեծարեցին հայրենի հողի պաշտպաններին, շնորհակալական ջերմ խոսքեր ուղղեցին խաղաղությունը պահող-պահպանող, սահմանին աներեր ու քաջարի կանգնած զինվոր տղաներին. «Հայ զինվոր, դու անքուն գիշերներ ես անցկացնում, որ մենք հանգիստ քնենք: Դու մեր խաղաղ օրերի երաշխավորն ես..»: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանի համազգեստ հագած փոքրիկները` խրոխտ ու ձիգ կեցվածքով, իրենց թոթով լեզվով խոստանում էին տեր լինել երկրին, պաշտպան լինել հայրենիքին, ծաղկեցնել Հայաստան աշխարհը. «Երդվում ենք ձեզ նման հերոսաբար ծառայել»:

Փոքրիկների գեղեցիկ, անկեղծ կատարումները ոգևորել-հուզել էին ներկաներին: Նախակրթական այս հաստատությունում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ հայրենասիրական շեշտադրումներով: Մանկավարժներն իրենց գործի իսկական նվիրյալներ են, անում են հնարավորը՝ արժանավոր սերունդ կրթելու համար:

-Հայրենասեր և հայրենատեր սերունդ դաստիարակելու համար պետք է հենց մանկական տարիքից հայրենասիրություն ներարկել այս փոքրիկների մաքրամաքուր հոգիներում: Մանկապարտեզ են գալիս տարբեր դաստիարակության, տարբեր ընտանիքների երեխաներ, և մեր հիմնական խնդիրներից մեկը փոքրիկներին դեպի ճշմարիտ արժեքները ուղղորդելն է, դեպի լույսը, դեպի գեղեցիկը, բարին: Փոքրիկները քաջ գիտեն մեր դրոշը, զինանշանը, հիմնը: Հայրենասիրությունը, սակայն, միայն հայրենիքի հանդեպ սեր ներարկելով չի սահմանափակվում. հայրենասիրություն է նաև բարության, գթասրտության, ազնվության առողջ հունդեր սերմանելը,- նշում է մանկապարտեզի տնօրեն Լիա Մնացականյանը:

-Անասելի զգացողություններ ապրեցի միջոցառումը դիտելիս: Շատ հաճելի էր, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին,- ասում է դահլիճում ներկա զինվորներից մեկը` Հայկ Աղաքարյանը, և ապա հավելում: -Զինվորի նկատմամբ առանձնակի սեր ու համակրանք ունի մեր ժողովուրդը, անգամ ամենափոքրիկները: Զինվորը զգում է թիկունքի տաք ջերմությունը:

Բարի երթ, մանկապարտեզին հրաժեշտ տվող սիրելի երեխաներ` մեր ապագայի կերտողներ, մեր վաղվա խաղաղության պահապաններ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Բանակ և հասարակություն


07/07/2016