ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐՆ Է
Ճեպազրույց «Վիվարտ» կազմակերպության նախագահ Վարդուհի Գասպարյանի հետ
«Վիվարտը» «viva » եւ «art» բառերի միությունն է, որը հայերեն թարգմանվում է՝ «կեցցե մշակույթը»: Կազմակերպությունը մեր բանակին, մեր երկրի հերոս զինվորներին նվիրված մշակութային բազմաթիվ միջոցառումների հեղինակ է, որը յուրահատուկ ծրագրով է ներկայացել նաեւ սահմանամերձ գյուղերում, ուրախացրել, ոգեւորել առաջնագծի զինվորներին:
-Կազմակերպությունն արդեն 4 տարի եւ ավելի է, ինչ գործում է,- ասում է կազմակերպության նախագահ Վարդուհի Գասպարյանը:- «Վիվարտը» հիմնադրել ենք ռեժիսոր, գրող Վիկտորիա Փոշոտյանի հետ: Կազմակերպության նպատակը ոչ միայն բոլոր ոչ ճանաչված ստեղծագործողներին օգնելն է, տաղանդներին ի հայտ բերելը, այլեւ նրանց ստեղծագործությունները մեր հասարակությանը, մեր զինվորներին ու զինծառայողներին ներկայացնելն է, նրանց մշակութային ընդհանուր զարգացածությանը նպաստելը: Մշակույթը միշտ էլ դարերի ընթացքում եղել է մեր ազգի դիմագիծը եւ շարունակելու է այդպիսին մնալ: Անժխտելի է, որ ռազմական հաղթանակներում մեծ դեր ու նշանակություն ունի զինվորի ու սպայի կրթվածությունը, սեփական եւ համաշխարհային մշակույթին հաղորդակից լինելը: Եվ պատահական չէ, որ ես մի գիրք եմ գրել, որի հերոսը ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն է: Գիրքը, սակայն նվիրված է բոլոր նրանց, ովքեր կռվեցին ու հաղթեցին, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին:
Այն խոնարհում է կռված տղաների առաջ եւ խնկարկում անմահացածների հիշատակին:
-Ո՞րն է հայրենասերի Ձեր բնորոշումը:
-Հայրենասերը այսօր սահմանին կանգնած զինվորն ու սպան են: Եվ պատահական չէ, որ մեր կազմակերպությունն անցած տարի համարյա վեց ամիս Արցախում մնաց: Այդ ընթացքում չորս մշակութային միջոցառում կազմակերպեցինք տարբեր զորամասերում, առաջնագծում: Եղանք նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում, մեր արվեստով հայրենասիրության ու նվիրվածության սերմեր ցանեցինք երեխաների մատաղ հոգիներում: Ոգեւորեցինք ու ոգեւորվեցինք: Շուտով կրկին այցելելու ենք Արցախ՝ Մարտակերտի շրջան, գյուղ Մատաղիս, որպեսզի փոխանցենք հունիսի մեկին մեր փոքրիկների «Ես փոքրիկ զինվոր եմ» խորագրով անցկացված համերգային ծրագրի հասույթը:
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Բանակ և հասարակություն