Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՋՆԱԳԾԻՑ



Պատերազմը նոր է վերջացել: Ծառայությունն ուժեղացված է: Գումարտակի հրամանատար, մայոր Արմեն Վարդազարյանի հետ, որ հաստատուն  ձայնով, խիստ, բծախնդիր և պահանջկոտ  բնավորությամբ զինվորական է, շրջում ենք նրա իսկ պատասխանատվության տակ գտնվող հատվածում: Հրամանատարը ստուգում է ինժեներական կահավորման աշխատանքները, աչքի անցկացնում կրակակետերի դիրքերը: Կամ գոհունակությամբ գլխով է անում, կամ էլ որոշակի ցուցումներ տալիս: Ընթացքում զրուցում ենք: Գրի եմ առնում նրա հետևությունները.

 

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՋՆԱԳԾԻՑ-Ճակատի այս գծում հակառակորդը հետեւակային մեծ ուժերով մխրճվելու փորձ է ձեռնարկել: Չի հաջողել: Գործի է դրել հրետանին: Հարվածների թիրախում էին ինչպես հրամանատարական կետերը, այնպես էլ խրամաբջիջները: Չկարողացավ վնասել: Պատշաճ պաշտպանված էինք: Եթե հակառակորդը ստիպված է երկար գրոհել, ուրեմն պաշտպանությունդ հուսալի է:

-Մենք` զինվորականներս, չենք վստահում հակառակորդի լռությանը. անընդհատ ամրանում ենք, անընդհատ սպասում: Նրանք էլ են ծավալել ամրաշինական աշխատանքներ, անցել են պաշտպանության: Ապրիլյան կռիվները մատնացույց արեցին թե՛ մեր, թե՛ նրանց բացթողումները: Կհաղթի նա, ով ավելի արագ կշտկի դրանք:

-Գումարտակի հրամանատարներս հիմա կրկնակի ուշադրությամբ ենք հետեւում զենք-զինամթերքի մարտական վիճակին, զինվորի հանդերձանքին, սարքավորումների օգտագործմանը: Զինվորի զենքը, սարքավորումներն ու հանդերձանքը նույնքան կարեւոր են, որքան նրա մարտական պատրաստությունը: Այս պատերազմը ընդգծեց, որ կռվում է ոչ միայն զինվորը, այլեւ նրա զրահն ու սաղավարտը, կոշիկն ու վերնաշապիկը, ջերմային ու գիշերային տեսանելիության սարքերը,  կապի միջոցները…

-Ապրիլյան պատերազմում հաղթեց շարքային զինվորը: Նա չշփոթվեց արկի պայթյունից, հակառակորդի քանակական առավելությունից: Նա դիմագրավեց իր շարժունակության, գրոհող գործողությունների, անսպասելի արագության եւ սեփական ուժին հավատալու շնորհիվ: Առանց նման զինվորի  ցանկացած տաղանդավոր սպա անզոր է, ցանկացած մանրամասն մշակված մարտավարություն` անօգուտ:

-Հակառակորդի մասին. իմացանք, թե որտեղ «ավելցուկ» ունի, որտեղ` «պակասորդ»: Տեխնիկական միջոցները ժամանակակից են, զինանոցի հնարավորությունները` մեծ:  Բայց նրա զինվորն է թույլ: Ադրբեջանական բանակը գործողություններ է իրականացնում միմիայն վարձկանների կամ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների ուժերով: Երբ հերթը հասնում է իր զինվորին, իսկույն խելոքանում է:  Այսօր թշնամին ունակ չէ երկարատեւ մարտ վարելու, քանի որ նման կռվում զինվորով են հաղթում:

-Մենք պետք է ոչ թե պատժենք կամ վախեցնենք հակառակորդին, այլ պետք է խփենք այնպես, ինչպես քարով ձու են ջարդում:

Պատրաստեց

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/07/2016