ԳՈՐԻՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Զինծառայության մեկնելուց առաջ Գորիսի զինկոմիսարիատում նորակոչիկները զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից (հանձնաժողովի նախագահ՝ ավագ բժիշկ Նորա Իվանյան) ենթարկվեցին վերջնական բուժզննության:
Այնուհետև նորակոչիկները ծնողների, հարազատների և ճանապարհելու եկած շատ քաղաքացիների հետ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհվածների պուրակում կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Առաջին համաշխարհայինում և Արցախյան գոյամարտում զոհված հայ քաջորդիների հուշարձաններին, ապա Անմար կրակի մոտ երդվեցին սրբորեն ծառայել հայրենիքին:
Նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, զինկոմիսարիատի սպաներ, 1-ին զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչներ, երկրապահ-կամավորականներ՝ ԵԿՄ Գորիսի մասնաճյուղի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանի ղեկավարությամբ, բազմաթիվ զինվորականներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ղեկավար անձինք, հարյուրավոր քաղաքացիներ:
Խաղաղ և բարի ծառայության մաղթանքներ ու պատգամներ հղեցին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, երկրապահ վետերան Սամվել Լալազարյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի մաղթանքի խոսքը հնչեցրեց աշխատակազմի ղեկավար Գոռ Տիգրանյանը: Զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Ճարահյանը օրվա առիթով նույնպես սրտի խոսք ասաց:
Նորակոչիկներին իրենց ուրախ երգերով բարի ճանապարհ մաղթելու էին եկել թիվ 1 նախակրթարանի սաները՝ տնօրեն Սաիդա Ադունցի ղեկավարությամբ:
Ծնողներին, հարազատներին հրաժեշտ տալով` նորակոչիկները բարձր տրամադրությամբ մեկնեցին կենտրոնական հավաքակայան:
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ