ԶՈՐԱԿՈՉ
Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա: Վաղ առավոտից արդեն հարազատների, ընկերների ուղեկցությամբ զինկոմիսարիատ էին գալիս նորակոչիկները, նախ` ներկայանում էին զորակոչի պատասխանատուներին, այնուհետև` բժշկական հանձնաժողովին` վերջին հետազոտություններն անցնելու:
Եվ մինչ նորակոչիկները վերջին բուժզննություն կանցնեին, զրուցում ենք մայոր Սպանդար Մուրադյանի հետ, որը զորքերում զբաղվում է նորակոչիկների ընդունմամբ ու նրանց զինվորական դաստիարակությամբ, իր առաջնեկին` Վահեին է ճանապարհում բանակ:
– Հուզմունքս մեծ է: Առաջնեկիս եմ ճանապարհում այն համոզմունքով, որ նա, որտեղ էլ ծառայի, կլինի հուսալի ձեռքերում, կլինի նվիրված զինվորական իր գործին ու Հայրենիքին:
– Հաստատ հայրիկիս հուսախաբ չեմ անելու և առաջին հերթին հենց նրա պատիվը բարձր կպահեմ, որ միշտ հպարտանա ինձնով,- վստահեցրեց Վահեն:
Այդ օրը բանակ մեկնողների մեջ էր նաև իմ լուսահոգի ծառայակից ընկերոջ, «Հայ զինվոր» թերթի երկարամյա ֆոտոթղթակից, ճանաչված լուսանկարիչ, փոխգնդապետ Հովհաննես Արմենակյանի առաջնեկ թոռը, որը կրում է իր պապի անունը:
– Շատ կուզեի, որ պապիկս ու հորեղբայրս` մայոր Գարիկ Արմենակյանը, ողջ լինեին և իրենք ինձ բանակ ճանապարհեին: Դա նաև նրանց երազանքն էր: Ես շատ լավ կծառայեմ և նրանց անունը բարձր կպահեմ,- հուզախառն ձայնով ասաց Հովհաննեսը և գնաց միացավ ավտոբուս նստող իր ընկերներին:
Աջափնյակի պատանի երկրապահների ակումբի սաներ՝ ավագ սերժանտ Լիլիթ Զոհրաբյանը, սերժանտներ՝ Սոֆի Միքայելյանն ու Օգսաննա Հակոբյանը, նույնպես եկել են նորակոչիկներին ճանապարհելու:
-Երբ մտանք զինկոմիսարիատի բակ, այնտեղ հավաքված նորակոչիկները մեզ տեսնելով և՛ զարմացան, և՛ ուրախացան. երևի չէին պատկերացնի, որ աղջիկներն էլ են հայրենիքին ծառայում,- ասաց Լիլիթ Զոհրաբյանը:
-Թող չզարմանան, որովհետև, ով գիտի, գուցե շուտով կամավոր հիմունքներով նաև աղջիկներին զորակոչեն բանակ,- ընկերուհու խոսքը շարունակեց Սոֆին:
♦♦♦
Զինկոմիսարիատի բակում կայացած փոքրիկ միտինգի ժամանակ, որին ներկա էին նաև Աջափնյակի ու Շահումյանի վարչական շրջանի ղեկավարները, Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, դիմելով նորակոչիկներին, ասաց.
-Այսօր ձեր կյանքում մի նոր էջ է բացվում: Հենց այս պահից դուք մեծ կյանք մտնելու ամենաճիշտ, ամենաազնիվ և ամենաողջամիտ քայլն եք կատարում` դառնալով Հայրենիքի պաշտպան: Հայրենիքին զինվորագրվելով՝ դուք դառնում եք հուսալի պաշտպանը համայն հայության: Բարով գնաք, բարով վերադառնաք:
Այնուհետև նորակոչիկներն ու երկրապահ կամավորականները ծաղիկներ դրեցին զինկոմիսարիատի բակում տեղադրված Մաշտոցի շրջանի զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո շարժվեցին դեպի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ նրանց հարազատների մասնակցությամբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը օրհնության կարգ կատարեց:
Եկեղեցու բակից էլ զորակոչիկները բոլոր հավաքվածների` իրենց հարազատների, ընկերների ծափողջույնների ու սրտաբուխ բացականչությունների, ինչպես նաև Դավիթաշենի վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախմբի (դիրիժոր՝ Ստեփան Գևորգյան) «Զեյթունցիների քայլերգի» ոգեշնչող երաժշտության ներքո նստեցին ավտոբուս` ուղևորվելով կենտրոնական հավաքակայան:
Հպարտություն է, անշուշտ, երբ գիտակցում ես, որ քո ընտանիքի, քո հայրենակիցների, քո երկրի պաշտպանությունը վստահված է քեզ ու քեզ նման երիտասարդների:
♦♦♦
-Ես Պավել Ավանեսյանն եմ: 76 տարեկան: Զորակոչի օրերին երկրապահներով միշտ էլ գալիս ենք զինկոմիսարիատ: Սա արդեն վաղուց ձեւավորված ավանդույթ է: Ես ոչ մի զորակոչ բաց չեմ թողնում,- ասաց նա: -Գալիս եմ` իմ խոսքերով, խրատներով ու ռազմաճակատային պատմություններով ոգեւորելու մեր որդիներին ու թոռներին: Զորակոչը մեր պետության, մեր կյանքի ամենակարեւոր ու գլխավոր իրադարձություններից է:
Քանի ոտքերումս ուժ կա, գալու եմ…
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ