Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ



Պաշտպանության նախարարի հրամանով՝ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորակոչի նախաշեմին, այնուհետեւ՝ զորակոչի անցկացման օրերին, իրազեկման համալիր միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում` զինակոչիկներին ու նրանց ծնողներին հորդորելով զերծ մնալ անօրինական գործարքներից, զարտուղի ճանապարհներով այս կամ այն հարցը լուծելու գայթակղությունից:

 

ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԶորակոչի կազմակերպումն ու անցկացումը համապետական կարևորության միջոցառում է, որի նպատակը երկրի զինված ուժերը, անվտանգության և ներքին զորքերը հարյուր տոկոսով համալրելն է: Եվ բնական է, որ ամեն զորակոչ պետք է նախորդից առանձնանա հենց դրական միտումների իմաստով, ինչով էլ մեծ հաշվով պայմանավորված է զինված ուժերի առաջընթացը: Այս ամառային զորակոչը, լինելով հերթականը, այնուամենայնիվ տարբերվելու է նախորդներից խստագույն օրինականության, արդարության ու թափանցիկության ապահովման առումով, թեև զինակոչիկների ծառայության վայրի ընտրությունը կատարվել ու կատարվում է վիճակահանության սկզբունքով՝ ծնողների ու հարազատների ներկայությամբ, նրանց աչքի առաջ: Համապատասխան ծառայություններն ամեն ինչ անելու են` բացառելու արդար զորակոչին ամեն կարգի կողմնակի և անօրինական միջամտություն:

Գործընթացը  խստագույնս վերահսկում է ՊՆ և ԶՈՒ ԳՇ  ղեկավարությունը:

♦♦♦

Կենտրոնական հավաքակայանում ենք: Առավոտյան ժամը տասնմեկից հանրապետության մարզերից ու մայրաքաղաքի տարբեր շրջաններից այստեղ են գալիս զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսները: Զինակոչիկները նախ շարվում են շարահրապարակում, ապա զինվորական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ շարժվում ռազմաբժշկական հանձնաժողովի մասնաշենք՝ վերջին բուժզննում անցնելու: Հենց այստեղ է որոշվում զինակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին: Հատկապես վերջին մի քանի տարիներին առավել խիստ մոտեցում է ցուցաբերվում առողջապահական հարցերին` առողջական խնդիրներ ունեցող գեթ մեկ պատանու զորակոչն անգամ իսպառ բացառելու համար:

Բուժզննումն իրոք մանրակրկիտ է կատարվում, այն աստիճան, որ զինակոչիկներից ոմանք անհամբերության ու սրտնեղության նշաններ էին ցույց տալիս, իսկ բժիշկները չտեսնելու էին տալիս ու համբերատարությամբ իրենց գործն էին շարունակում:

Պատշաճ բուժզննում անցնելուց հետո զորակոչիկները՝ ըստ շրջանների, բարձրացան վիճակահանության դահլիճ, որից հետո ներս հրավիրվեցին նրանց հարազատները: Նախ` զորակոչի պատասխանատու ռազմական ոստիկանության աշխատակիցը զինակոչիկներին ու նրանց հարազատներին ներկայացրեց վիճակահանության կարգը, զորակոչի պատասխանատուները պատասխանեցին հարազատներին մտահոգող հարցերին, որից հետո ներկաների համար ցուցադրվեց զորակոչի ամբողջ ընթացքի մասին պատմող տեսաֆիլմ:

ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԵկավ ամենասպասված պահը, և հարազատները, շունչները պահած, անհանգիստ հետևում էին վիճակահանության պտտվող թմբուկներին, որոնց մոտենում էին իրենց երեխաները: Թեպետ  թմբուկներն արտաքուստ միանման են, սակայն տարբերակված են ըստ խմբերի. Ա («արտոնություն») տառով թմբուկի մեջ բնակության վայրին մոտ ծառայելու օրենքով սահմանված իրավունք ունեցող զորակոչիկների համար նախատեսված թերթիկներն են, Մ («մասնագետ») տառով թմբուկի մեջ` ՊՆ պատվերով նախազորակոչային տարիքում ԴՕՍԱԱՖ-ի դասընթացներում զինվորական մասնագիտություն ¥վարորդ, ՄՏԼԲ մեխանիկ-վարորդ, կապավոր) ստացած զորակոչիկների թերթիկները, իսկ երրորդ` «Ը» տառով  նշվածի մեջ ընդհանուր հիմունքներով արտոնություն, զինվորական մասնագիտություն չունեցող, ծառայության նշանակվող զորակոչիկների թերթիկները:

Ահա պտտվում է առաջին թմբուկը: Զինակոչիկը հանում է վիճակը, բարձրաձայն կարդում է ծառայության վայրի անունն ու դուրս է գալիս վիճակահանության դահլիճից: Հերթով մոտենում են երկրորդ, երրորդ թմբուկներին… Իհարկե, որոշ զորակոչիկների ծնողների շրջանում վիճակահանության ընթացքում ծագեցին հարցեր, եղան նաև չհիմնավորված դժգոհություններ, սակայն արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ այն, ինչ  կատարվեց կենտրոնական հավաքակայանի վիճակահանության դահլիճում, կատարվեց վերադաս հրամանատարության պահանջների տառին համապատասխան:

-Վիճակահանություն է. մեկին մի բան բաժին կընկնի, մյուսին՝ մեկ այլ: Կարևորը` խաղաղություն լինի,- ասաց ծնողներից մեկը, որի որդին վիճակահանությամբ ծառայության նշանակվեց հյուսիսարևելյան սահմանում տեղակայված զորամասերից մեկում:

♦♦♦

Վիճակահանությունից հետո զրուցեցինք զինակոչիկների հետ:

 

Նվեր Պետրոսյան, ք. Էջմիածին

Սահմանում եմ ծառայելու: Ուզածս եղավ: Ինձ լուսանկարեք ու հիշեք, Աստված չանի, որ ապրիլյան կռիվները կրկնվեն, թե չէ՝ ես էլ եմ հերոսանալու…

♦♦♦

Արթուր Սարջյան

Սահմանամերձ զորամասում եմ ծառայելու և լավ եմ ծառայելու: Բարձր տրամադրությամբ եմ գնում ու բարձր տրամադրությամբ էլ կվերադառնամ:

♦♦♦

Գագիկ Ներսիսյան

ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքին ծառայելու հնարավորությունը բոլորին է տրվում, բայց ոչ բոլորին է հաջողվում դառնալ ԶԻՆՎՈՐ: Այստեղ հավաքվածներս պետք է հայրենիքի իսկական զինվոր դառնանք ու պատվով ծառայենք: Ես ազատամարտիկ Սամվել Գալստյանի որդին եմ և կրում եմ իմ հոր մարտական ընկերոջ անունը, որ զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ:

♦♦♦

Ավետիս Ներսիսյան

ԽՍՏԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս օրվան ես արդեն կես տարի պատրաստվել եմ: Ընկերոջս` Մովսեսի հետ մեր բակում ծանրաձող, կշռաքար ենք բարձրացրել,  պտտաձողի վրա ենք մարզվել: Ինձ համար ծառայելն ավելի հեշտ կլինի:

♦♦♦

Արմեն Թորոսյան, գյուղ Կաթնաղբյուր

Սասունցու համար միևնույն է, թե որտեղ կծառայի:

 

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/07/2016