ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ, ՉԱՄՈՔՎՈՂ ՑԱՎ
Հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Մարդաշատ էր Եռաբլուր պանթեոնը, որտեղ վեր է խոյանում նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողը: Հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու, անհայտ կորածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոն էին այցելել ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պատերազմի արհավիրքները չեն վերջանում պատերազմի ավարտով: Արցախյան հակամարտության ընթացքում ավելի քան 1400 անհայտ կորած քաղաքացիներ եւ ռազմագերիներ ունեցանք, շուրջ 400-ը` ՀՀ-ից:
2009 թվականից անհայտ կորած ազատամարտիկների կանանց, մայրերին, ընտանիքներին միավորեց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» Հ/Կ-ն՝ Ռիմա Առաքելյանի ղեկավարությամբ, որը ակտիվորեն համագործակցում է ՀՀ ՊՆ-ի հետ: Տիկին Առաքելյանն ինքն էլ անհայտ կորածի մայր է:
Բացելով անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը՝ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքը՝ որպես սրբազան պատգամ, մեր օրերում փոխանցվում է գոյամարտի մասին առաջին դասերը սերտող աշակերտներին եւ հայկական բանակի զինծառայողներին:
«Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» Հ/Կ-ի ղեկավար Ռիմա Առաքելյանը, որի անհայտ կորած որդին` Շահեն Առաքելյանը, «Արաբո» ջոկատից էր, իր հերթին նշեց, որ անցած տարիները, որքան էլ տանջալի ու ցավագին, չեն թուլացրել հավատը հարազատների վերադարձի հանդեպ: Որոնողական աշխատանքներին է լծված նաեւ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ տիկին Առաքելյանը մեկ անգամ եւս իր երախտիքի խոսքն ուղղեց հանձնաժողովի անդամներին` նշելով այն անգնահատելի դերը, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ունեցել է եւ ունի խորհրդի ծրագրերին աջակցելու եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին զորավիգ լինելու առումով:
Վերհիշելով 21 տարի առաջ այս օրը Մարտակերտի ճակատում շրջափակման մեջ ընկած «Արաբո», «Զեյթուն», «Արմավիր» կամավորական ջոկատների եւ Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ մինչեւ վերջ մարտնչելով հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ, նրանք գրեցին Արցախյան ազատամարտի ամենահերոսական ու ողբերգական էջերից մեկը. «Անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն են` չսպիացող վերքերն ու չամոքվող ցավը, որ մեզ մշտապես հիշեցնում են հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտության մասին»:
Նախարարը միաժամանակ ներկաներին վստահեցրեց, որ ինքն ու հանձնաժողովի անդամները արել եւ անելու են առավելագույնը՝ լրացնելու անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը եւ սփոփելու ու հնարավորության սահմաններում աջակցելու նրանց հարազատներին:
Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղավ նաեւ Եռաբլուր պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանում, որտեղ ծանոթացավ շինարարության ընթացքին, տվեց հստակ ցուցումներ եւ հանձնարարականներ:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն