ՆԵՊԱԼՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ (ԳՈՒՐԿՀԵՐԸ) ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Հարավային Ասիայում՝ Հիմալայներում է գտնվում Նեպալ պետությունը, որի հարևաններն են Տիբեթը (ինքնավարություն, որը գտնվում է Չինաստանի կազմում) և Հնդկաստանը: Նեպալի բնակչության թիվը 28 միլիոն է: Այնտեղ բնակվում են հարյուրի հասնող ժողովուրդներ: Վերջիններիս թվին են պատկանում գուրկհերը (անգլ.՝ Gurkha): Եվրոպացիներից առաջինը բրիտանացիներն էին, որ մարտական գործողություններ մղեցին գուրկհերի դեմ (1814-1816 թթ.):
Գուրկհերի քաջությունը, անհավանական կատաղի դիմադրությունը, ինքնուրույնությունը և դիմացկունությունը ապշեցրել էին անգլիացի գաղութարարներին: Շնորհիվ գուրկհերի դիմադրության՝ Նեպալը փրկվեց Անգլիայի գաղութը դառնալուց: Գործնական անգլիացիները 1815 թ.-ից սկսեցին գուրկհերին իրենց զինված ուժերում ներգրավել: Վերջիններս ծառայում էին նաև Հնդկաստանի բանակում: Երկու երկրներում էլ գուրկհերը չէին համարվում վարձկաններ: Նրանց մարտակոչն էր՝ «Jai Mahakali, Ayo Gorkhali» («Փառք Մեծ Կալիին, գալիս են գուրկհերը»):
Գուրկհերը բրիտանական բանակի կազմում մասնակցել են հակագաղութային ապստամբությունների ճնշմանը Հնդկաստանում և Աֆղանստանում: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գուրկհերը կռվել են նաև օսմանյան զորքերի կազմում:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գուրկհերը բրիտանական զորքերի կազմում կռվել են և՛ Ֆրանսիայում, և՛ Մերձավոր Արևելքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ֆաշիզմի դեմ պայքարում համախմբվել էին մեծ թվով տերություններ, Նեպալի արքայի թույլտվությամբ գուրկհերից կազմվում է 55 գումարտակ, ուր ծառայում էր մոտ 250 հազար մարդ: Նրանք մասնակցեցին 1982 թ. անգլո-արգենտինյան պատերազմին, որը մղվում էր Ֆոլկլենդյան կղզիների համար:
Գուրկհերը մասնակցել են Պարսից ծոցում, Աֆղանստանում և Իրաքում մղված մարտական գործողություններին: Նրանց ստորաբաժանումները մասնակցել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին, ինչպես նաև եղել են Թիմորում և Բոսնիայում գտնվող խաղաղապահ ուժերի կազմում:
Բրիտանական արքայական տունն այնքան է վստահում գուրկհերին, որ հենց նրանք էին իրականացնում արքայազն Հարրիի պահպանությունը, երբ նա ծառայում էր Աֆղանստանում:
Բրիտանացիները հաջողությամբ օգտագործում են գուրկհ-ռազմիկների հետևյալ առանձնահատկությունները՝ անվախությունը, խստագույն կարգապահությունը և երդմանը հավատարիմ լինելը: Դա է պատճառը, որ մեր օրերում բրիտանական զինված ուժերում ծառայում են մոտ 3,5 հազար գուրկհ սպաներ և զինվորներ: Նրանց հետ կնքվում է պայմանագիր նվազագույնը հինգ տարով: Զինակոչիկներին հավաքագրում են Նեպալից: Բրիտանական բանակում ծառայության համար ամեն տարի հայտարարվում է մրցույթ՝ 200 տեղի համար մոտ 28 հազար երիտասարդ: Ընտրությունը կատարվում է ամենայն խստությամբ: Հավանական թեկնածուն պետք է 20 կգ բեռով 40 րոպեի ընթացքում վազի լեռնային տեղանքով: Եվ նույնիսկ նախնական փուլում հաղթած գուրկհը պետք է անցնի իննամսյա նախապատրաստական դասընթաց: Սպաները և սերժանտները նմանապես գուրկհեր են:
Օրենսդրությամբ՝ գուրկհերի համար սահմանվել է 15-ից մինչև 30 տարվա ծառայության ժամկետ, և միայն այդ դեպքում զինծառայողը կարող է ստանալ թոշակ բրիտանական կառավարությունից: Որպես օրենք, ծառայությունն ավարտելուց հետո գուրկհերը վերադառնում են Նեպալ: 2006 թ. սկսած՝ գուրկհերին շնորհվում է բրիտանական քաղաքացիություն, ինչին «արժանացել» է 140 հազար մարդ: Վերջին տարիներին վետերան գուրկհերը պայքարում են, որ իրենց ևս տրվի այնպիսի թոշակ, ինչպիսին ստանում են բրիտանացի զինծառայողները: Զինծառայողներ տրամադրելով այս կամ այն պետությանը` Նեպալը զգալի օգուտ է ստանում, քանի որ լեռնային ռելիեֆ ունեցող այդ երկրում տնտեսությունը համեմատաբար թույլ է զարգացած:
Պատրաստեց Ռ. ՍԱՀԱԿՅԱՆԸ
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային