ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԵՏԵՎԵՑ ԻՐ ՍՐՏԻ ԿԱՆՉԻՆ, ՈՉ ԹԵ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻՆ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Հռոմի պապի երկակի դերը՝ որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ և Վատիկանի պետության ղեկավար, երբեմն խնդիրներ է ստեղծում Սուրբ Աթոռի պատերի ներսում և նրա սահմաններից դուրս, ինչպես տեղի ունեցավ անցյալ շաբաթ Հռոմի պապի Հայաստան կատարած այցի ժամանակ:
Երկարատև նախապատրաստությունից և ներքին քննարկումներից հետո Հռոմի պապը հունիսի 24-ին ժամանեց Հայաստան՝ պատրաստ իր եռօրյա այցի ընթացքում հանդես գալու մի շարք քարոզներով և ելույթներով: Զարմանալի էր, որ նրա պատրաստած ելույթներից ոչ մեկը չէր պարունակում Հայոց ցեղասպանություն բառերը, սակայն կային բազմաթիվ վկայակոչումներ «ողբերգության, կոտորածի, սարսափելի փորձության և անսահման տառապանքի» վերաբերյալ: Պապի քարոզներում բազմիցս գործածվել է «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որը «մեծ ոճիրի» փոխարեն Վատիկանը սխալմամբ թարգմանել է որպես «մեծ չարիք»: Տերմինաբանության մեջ փոփոխության առաջին նշումը հայտնի դարձավ նախքան Հռոմի պապի հովվական այցը հայ ժողովրդին հղված տեսաուղերձում, քանի որ չէր հիշատակվում Հայոց ցեղասպանությունը: Հետագայում, Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցելության ժամանակ, Քահանայապետը հյուրերի գրքում ևս չգրեց Հայոց ցեղասպանություն բառերը՝ արտագրելով նախապես պատրաստված տեքստից…
Հնարավոր է երկու պատճառ, թե ինչու էին խուսափում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը գործածելուց.
1) Հայոց ցեղասպանություն եզրույթը անցյալ տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը արդեն հաստատել էր, ուստի եւ Վատիկանի պաշտոնյաները որոշել էին հանդես գալ «խաղաղության և հաշտեցման» մի նոր ուղերձով:
2) Քահանայապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները թերեւս դժկամորեն էին վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցը մեկ անգամ ևս բարձրաձայնելուն՝ անցյալ տարի թուրքական կառավարության կտրուկ արձագանքը և Վատիկանից թուրք դեսպանի 10 ամսով հետկանչի տեսարանը աչքի առաջ ունենալով:
Մինչդեռ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը զարմացրեց բոլորին, երբ Երևանում ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 24-ին արտասանած իր ելույթում շեղվեց նախապատրաստված և լրատվամիջոցներին արդեն իսկ բաժանված ելույթից՝ ավելացնելով ցեղասպանություն բառը: Ահա թե ինչ ասաց Հռոմի պապը, հիշելով իր ավելի վաղ՝ 2015 թ. ապրիլի 12-ի քարոզը. «Այդ առիթով հիշատակվեց 100-րդ տարելիցը Մեծ եղեռնի, «Մեծ չարիքը», որը հարվածեց ձեր ժողովրդին և անթիվ անհամար զոհերի պատճառ դարձավ: Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, որոնք նպատակադրվեցին ոչնչացնել մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:
Նույն օրը ավելի ուշ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին բացատրեց, թե ինչու է Հռոմի Ֆրանցիսկոս պապը շեղվել իր պատրաստած տեքստից. «Պապը ասում է այն, ինչ հարմար է համարում, և ոչ ոք չի որոշում, թե Քահանայապետն ինչ պետք է ասի: Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որևէ պատճառ չուներ: Իրականությունը հստակ է, և մենք երբեք այն չենք ժխտել»:
Մի ելույթում պապի օգտագործած այդ միակ բառը չվրիպեց թուրքական իշխանությունների ուշադրությունից: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին իր արձագանքում մեղադրեց պապին «խաչակրաց մտածելակերպ» ունենալու համար: Չանըքլին դարձյալ կրկնեց սովորական դարձած թուրքական կեղծիքը Հայոց ցեղասպանության մասին: Հռոմի պապի մամուլի քարտուղար Լոմբարդին մերժեց փոխվարչապետի քննադատությունը՝ նշելով, որ «Հռոմի պապը խաչակրաց արշավանքի չի ելել: Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»:
Չենթարկվելով թուրքական ճնշմանը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 2016 թ. հունիսի 26-ին ստորագրեց «Համատեղ հռչակագիր», որը վկայակոչում էր Վատիկանի՝ Հայոց ցեղասպանության ավելի վաղ ճանաչումը. Ֆրանցիսկոս պապի 2015 թ. ապրիլի 12-ի հանդիսավոր պատարագը և 2001 թ. սեպտեմբերի 27-ին Գարեգին Բ-ի և Հովհաննես Պողոս II-ի ստորագրած «Համատեղ հայտարարությունը»:
Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մեկ «համատեղ պաշտոնական հաղորդագրություն» ստորագրվել է 2000 թ. նոյեմբերի 29-ին Հովհաննես Պողոս II-ի և Գարեգին Բ-ի միջեւ:
Հունիսի 26-ին Հռոմ վերադառնալու ճանապարհին «Ֆրանս պրես» լրատվական գործակալության լրագրողը հարցրեց Հռոմի պապին, թե ինչու նա Երևանում որոշեց իր ելույթում ավելացնել ցեղասպանություն բառը: Պապը մանրամասն բացատրեց, որ ցեղասպանությունը միակ բառն է, որով նա մեծացել է՝ հայերի զանգվածային սպանությունները նկարագրելու համար: Պապը նշեց նաև իր առաջիկա այցերի մասին Ադրբեջան և Վրաստան, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» վերաբերվեց առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային