ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Պատերազմ գնում էին պաշտպանելու հայրենիքը, այլ ոչ թե խորհրդային իշխանությունը
2015թ. հանդիսավորությամբ նշվեց Հայրենական պատերազմում տարած Մեծ հաղթանակի 70-ամյակը: Այդ կարևոր իրադարձության հետ կապված տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ, հրավիրվեցին գիտա-գործնական նստաշրջաններ, տպագրվեցին գրքեր և հոդվածներ: Մինչդեռ, մեր օրերում դեռևս շարունակվում են 1941-1945 թթ. մարտական գործողությունների ուսումնասիրությունները: Հետևաբար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի ուշագրավ հոդված, որի հեղինակն է պատմական գիտությունների թեկնածու, արտաքին հետախուզության գեներալ-լեյտենանտ, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (հիմնադիրն է Ռուսաստանի նախագահը) տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:
«Սադրա՞նք»
Ընդհուպ մինչև 1941 թ. հունիսի 22-ը ԽՍՀՄ ղեկավարությունը Ստալինի գլխավորությամբ բնակչությանը ներշնչել էր, թե Գերմանիան չի հարձակվի Խորհրդային Միության վրա: Ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները ապացուցեցին հակառակը: Պատերազմից ութ օր առաջ պետական հեռագրական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որով հերքեց շրջանառվող լուրերը, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ գերմանացիները Խորհրդային Միության արևմտյան սահմաններին էին մոտեցնում մեծաքանակ ռազմական ուժեր: Խորհրդային հետախուզությունը բազմիցս զգուշացրել էր նախատեսվող հարձակման մասին և նույնիսկ նշել էր օրը՝ հունիսի 22-ը:
Ի. Ստալինը չէր հավատում այդ հաղորդագրություններին: Նրա դուստրը՝ Սվետլանա Ալելուևան, հետևյալ կերպ էր բացատրում Ի. Ստալինի նման վերաբերմունքը. «Հայրս չէր կարող ենթադրել, որ 1939 թ. պայմանագիրը (նկատի ունի ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքված չհարձակման պայմանագիրը), որն իր զավակն էր համարում, և որն արդյունք էր իր մեծագույն խորամանկության, կխախտվի իրենից ավելի խորամանկ թշնամու կողմից: Դա նրա քաղաքական մեծագույն սխալն էր: Նույնիսկ երբ պատերազմն ավարտվեց, նա սիրում էր ասել. «Է՜հ, գերմանացիների հետ մենք անպարտելի կլինեինք»:
Հայտնի է, որ 1941 թ. հունիսի 22-ին խորհրդային ժողովրդին ուղղված կոչով հանդես եկավ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովը: Հունիսի 22-ից մինչև հուլիսի 3-ը Ստալինը շփոթմունքի մեջ էր և հրապարակավ հանդես չէր գալիս: Գերմանիայի հարձակումը նրա համար անձնական ծանր հարված էր: Չէ՞ որ նա իր հրապարակային ելույթներով հավատացրել էր սեփական ժողովրդին, որ մոտակա տարիներին պատերազմ չի լինի: Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկովը հետագայում վկայում էր, որ նույնիսկ գերմանական հարձակումից մեկ օր անց՝ հունիսի 23-ին, Ստալինը հույս ուներ, թե այդ հարձակումը կարող է սադրանք լինել, որի մասին Հիտլերը, հավանական է, տեղյակ չէր:
Բարձրագույն իշխանության շրջանում տիրող շփոթմունքն անցնում է նաև բանակին: 1941 թ. վերջին արդեն Կարմիր բանակը կորցրել էր 4 մլն 473 հազար մարդ, որից 2 մլն. 516 հազարը` ռազմագերիներ: Այս թվերը բնավ չեն խոսում զինվորների և սպաների վախկոտության մասին: Ընդհակառակը՝ պատերազմի առաջին ամիսներին խորհրդային զինծառայողները ցուցադրեցին քաջության և հերոսության բազմաթիվ օրինակներ:
Պատերազմի սկզբին արդեն Ստալինը շատ լավ հասկանում էր, որ քաղաքացիական պատերազմի (1918-1922 թթ.) ավարտից անցել է 20 տարի, և որ գրեթե բոլոր ընտանիքներում կային կուլակաթափ եղածներ, բռնադատվածներ, հավատի համար գնդակահարվածներ: Եվ նման մարդիկ պատրաստ չէին կռվելու այսպես կոչված «սոցիալիստական գաղափարների համար»: Մեր ինստիտուտի աշխատակիցը պատմեց իր գյուղացի հոր մասին, որին 1936 թ. կուլակաթափ էին արել: Նա փախավ Ուրալից այն կողմ: 1938 թ. նրան կրկին կուլակաթափ արեցին: Նա փախավ ավելի հեռու՝ սիբիրյան Բոդայբո քաղաքը: Ռազմաճակատ մեկնելիս նա կնոջն ասաց. «Ես այս իշխանությանը չեմ պաշտպանի: Գերի կհանձնվեմ:» Սակայն երեք-չորս ամիս անց նրանք ռազմաճակատից սկսեցին ստանալ նամակներ, որոնցում ընտանիքի հայրը գրում էր. «Նրանք (գերմանացիները) ցանկանում են ոչնչացնել մեր Ռուսաստանը և մեր ռուս ժողովրդին»: Այդ մարդը հերոսաբար զոհվեց Լենինգրադի համար մղվող կռիվներում: Երբ 1942 թ. ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Ա. Հարրիմանը Ստալինի հետ ունեցած զրույցի ժամանակ իր հիացմունքն էր հայտնել խորհրդային զինվորների քաջության մասին, որին Ստալինն ասել էր. «Դուք մտածում եք, որ նրանք կռվում են մե՞զ համար: Ո՛չ, նրանք կռվում են իրենց Մայր Ռուսաստանի համար»:
Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ռազմաքաղաքական