Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ



ՍՐԱՄՏՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸՀոլանդացի մաթեմատիկոս Բեկմանը իր հայրենի Բրեդի քաղաքի փողոցներից մեկում կանգնած ինչ-որ հայտարարություն էր կարդում, երբ նրան է մոտենում մի երիտասարդ սպա եւ խնդրում լատիներեն թարգմանել հայտարարության տեքստը: Հայտարարությունը պարունակում էր մաթեմատիկական խնդիրների դժվարին պայմաններ: Տեքստը թարգմանելուց հետո Բեկմանը՝ որպես վարձատրություն իր թարգմանության դիմաց, սպայից պահանջեց լուծել հայտարարության մեջ նշված խնդիրը: Ի զարմանս Բեկմանի, հաջորդ օրը ներկայացավ երիտասարդ սպան եւ բերեց խնդրի լուծումը: Նա ուղղանկյուն կոորդինատների հռչակավոր հեղինակ, ֆրանսիացի փիլիսոփա եւ մաթեմատիկոս Դեկարտն էր, որի զինվորական գունդը այդ օրերին Բրեդիում էր: Բեկմանի հետ ծանոթությունը 22-ամյա Դեկարտին հանեց պարապությունից:

«Ես նիրհում էի, դուք արթնացրիք ինձ»,- հետագայում խոստովանել է մեծ մաթեմատիկոսն իր ավագ գործընկերոջը:

♦♦♦

Երբ Օմար Խալիֆան ոչնչացնում էր Ալեքսանդրիայի գրադարանը, նա իր արարքը հիմնավորեց այսպես.

«Եթե այս գրքում ասված է այն, ինչ Ղուրանում, ապա դա անօգուտ է: Իսկ եթե դրանցում միանգամայն այլ բան է ասված, ապա շատ վտանգավոր է: Ահա թե ինչու երկու դեպքում էլ դրանք արժանի են հրկիզման»:

♦♦♦

Լենկթեմուրը նվաճել էր Իրանը: Նա մի օր Շիրազի մեծ քնարերգու Հաֆեզին հրավիրեց խնջույքի:

-Ասա՛ ինձ, վարպե՛տ, քո կարծիքով՝ ես քանի՞ ոսկի կարժենամ,- դիմեց նա մեծ բանաստեղծին:

-Երեսուն,- պատասխանեց Հաֆեզը:

-Հենց միայն ճկույթիս մատանին այդքան արժե,- քմծիծաղեց Լենկթեմուրը:

-Ես էլ հենց այդ մատանին նկատի ունեի,- ասաց պոետը:

♦♦♦

Արիստոտելը Ալեքսանդրին տալիս է հետեւյալ գրավոր խրատը. «Զգույշ վարվիր քո մարտիկների հետ, որպեսզի նրանք քո մասին վատ չմտածեն: Չէ՞ որ, երբ մեկի մասին վատ են մտածում, հեշտ է նաեւ նրա մասին վատ բան ասել, իսկ հետո էլ վատ վարվել նրա հետ»:

♦♦♦

Մի երիտասարդ է ներկայանում գերմանական կայսրին ինչ-որ խնդրանքով:

-Որտեղացի՞ եք,- հարցնում է կայսրը:

-Բեռլինցի, տե՛ր:

-Բեռլինցի՞… վատ է, ես բեռլինցիներին չեմ սիրում, անպիտան մարդիկ են նրանք:

-Դա ճիշտ է,- պատասխանում է երիտասարդը սառնարյուն,- սակայն բացառություններ կան, որոնցից երկուսը գիտեմ:

-Երկո՞ւսը, որո՞նք են:

-Ձերդ վեհափառությունը եւ ես…

 

Պատ.` ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային


13/07/2016