Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՍԵՐՄԵՐԸ



ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՍԵՐՄԵՐԸԻնձ միջոցառման են հրավիրել: Երևանի  թիվ 62 մանկապարտեզում հուշ-ցերեկույթ է` նվիրված «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հիշատակին:

Ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակությունն այստեղ կարևորում են և՛ տնօրենը, և՛  մանկապարտեզի յուրաքանչյուր աշխատակից: «Բոլորը գիտեն, որ փոքրիկների հոգում հայրենիքի հանդեպ սեր ու պատասխանատվություն արթնացնելը, հայրենիքի պաշտպանության գաղափարը սերմանելը և քրիստոնեական վարքականոնը քարոզելը իրենց ամենօրյա պարտքն է»,- սրանք մանկապարտեզի տնօրեն Ռայա Գևորգյանի բառերն են:

Գնում եմ մանկապարտեզ` տեսնելու զինվորական համազգեստով փոքրիկ աղջիկներին ու տղաներին, լսելու Դավիթաշենի Սրբոց  Նահատակաց եկեղեցու հովիվ տեր Խորենի պատգամները, հանդիպելու «Սասնա ծռեր» ջոկատի ազատամարտիկների հետ: Գիտեմ, որ այս միջոցառման ժամանակ լսելու եմ հայրենիքին, ազգին ու բանակին նվիրված ամենագեղեցիկ բանաստեղծություններն ու երգերը թոթովախոս մանչուկների շուրթերից, հիանալու եմ նրանց պարով, մանկական անկեղծ խանդավառությամբ ու մեկ անգամ ևս համոզվելու եմ, որ ուժեղ, խելացի, ուշիմ ու հպարտ սերունդ է բարձրանում իմ հայրենիքում:

…Փողոցն ավարտվում է, ու միանգամից հայտնվում եմ դրախտում` ծաղիկներ, կանաչ, պտղատու ծառեր: Տարիներ առաջ այստեղ մի քանի բարդի կար միայն:

ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՍԵՐՄԵՐԸ-Երեխաների համար է,- ասում է Ռայա Գևորգյանը,- բնության գեղեցկությունը շոյում է երեխայի աչքն ու հոգին, արթնացնում գեղեցիկը նկատելու, ստեղծելու և տգեղը մերժելու ներքին մղում: Երեխան տեսնում է, թե ինչպես են մեծերը հոգում, ինչպես են խնամում ամեն թուփն ու ծաղիկը, ինչպես են սիրում բնությունը: Եվ դա քնքշացնում է նրանց հոգին, բարիացնում է: Ես ուզում եմ, որ իմ երեխաները ամենուր գեղեցկություն փնտրեն` իրենց շրջապատում, մարդկային հարաբերությունների մեջ: Որտեղ կա գեղեցկություն, այնտեղ չեն կարող լինել չարություն, մորթապաշտություն, վախկոտություն, ստորություն, ստախոսություն, որովհետև գեղեցիկը նման է հողի, որի վրա միայն առաքինությունների սերմերն են ծաղկում` վեհության, հայրենասիրության, քաջության, գթասրտության, ազնվության:

-Փաստորեն, Դուք ունեք և՛ հողը, և՛ սերմերը,- ասում եմ` մանկապարտեզի ներսն ու դուրսը զննելով: Իրոք` այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, բծախնդիր մաքուր ու ճաշակով: Ոչ մի անխնամ անկյուն չկա: Ամեն ինչ գունեղ է ու լուսավոր: «Երկիրն էլ պիտի այսպիսին լինի,- մտածում եմ,- շենքերը, փողոցները, այգիները: Պիտի սովորենք այս փոքրիկներից մեր մեծ տունը գեղեցիկ ու մաքուր պահելու առաքինությունը: Գուցե հայրենասիրությունը հենց այստեղից է սկսվում»:

Չգիտեմ` ինձ թվում է, թե մանկապարտեզի բոլոր աշխատակիցներն ու փոքրիկներն էլ են շատ գեղեցիկ:

-Լավ, երեխաների ծնողներին ինչպե՞ս եք գեղեցկացրել,- կատակով հարցնում եմ Ռայա Գևորգյանին` դահլիճում հավաքվածներին մի հայացք ձգելուց հետո:

-Մենք անուղղակիորեն ծնողներին էլ ենք դաստիարակում,- շարունակում է մանկապարտեզի տնօրենը,- ծնողները պատմում են, որ երեխաները դիտողություն են անում իրենց, ասում են` չի կարելի բղավել, ասում են` պետք է ճաշը եփողին շնորհակալություն ասել, պետք է բարի գիշեր մաղթել քնելուց առաջ…

Մեր զրույցը կիսատ է մնում, որովհետև բեմից մոտ 30 փոքրիկներ զրնգուն ձայնով Հայաստանի Հանրապետության հիմն են երգում:

Դահլիճում ազատամարտիկներ կան: Նրանք դավթաշենցիներ են, «Սասնա ծռեր»  ջոկատից` Սամվել Գևորգյանի զինվորներն են եղել: Պատերազմի ժամանակ ջահել տղաներ էին, հիմա հասուն այրեր են: Բայց ճակատի ակոսները ավելի շատ հիշողության բեռից են, քան տարիքից: Զինվորական համազգեստով են եկել, մեդալներով զարդարված: Եկել են ասելու, որ այսօրվա խաղաղության համար ծանր գին են վճարել, եկել են հիշեցնելու, որ անչափ թանկ է արժեցել Հայրենիքի Անկախությունը, եկել են պատգամելու, որ արյամբ, կյանքով ու չապրած երիտասարդությամբ ազատագրված հայրենիքը սիրենք ու փայփայենք: Եկել են զորացնելու հավատը, որ բարձրացող սերունդը ավագների նման կպաշտպանի հայրենիքի ու ժողովրդի արժանապատվությունը:

Փոքրիկ «զինվորները» հայրենասիրական երգեր են երգում, արտասանում, պարում են, անցնում են շարային քայլքով: Հիշում են հաղթանակած պատերազմի հերոսներին, ազգային բանակի մերօրյա սխրանքներն են ներբողում: Ու եթե մենք հիանում ենք փոքրիկների «վարպետությամբ», վայելում ենք նրանց գեղեցիկ, թոթովախոս երգերն ու բանաստեղծությունները, ապա ազատամարտիկների համար այս միջոցառումն առերեսում է սեփական կենսագրության հետ, հիշողություն է, ցավ է, հպարտություն…

Ու հենց նրանք էլ եզրափակում են հանդեսը:

-Մեզ ոչինչ պետք չէ,- ասում են նրանք, ո՛չ փառք ենք ուզում, ո՛չ հատուցում, միայն մի ցանկություն, մի երազանք ունենք` որ մեր ընկերների, մեր հրամանատար Սամվել Գևորգյանի պես հերոս տղաների ընդհատված գեղեցիկ կյանքը,  թափված թանկ արյունը պտղաբերի, որ նրանց գործը կիսատ չմնա: Որ բարձրացող սերունդը սիրի Հայաստան հայրենիքն ու ազատ պահի մեր երկիրը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Բանակ և հասարակություն


13/07/2016